Քաղաքաշինական գործունեության մարտահրավերները 2

Մաս 2` Ճարտարպետությունը որպես կանոնների փունջ
Մոտ երկու-երեք տարի առաջ ինձ առաջարկեցին մասնակցել մի ծրագրի ՙՄասնագիտական կողմնորոշում՚ անվանումով, որի նպատակն էր դպրոցական ավագ դասարանցիներին տալ ընդհանուր պատկերացումներ տարբեր մասնագիտությունների մասին, օգնելու իրենց ճիշտ կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում: Առաջին անգամը լինելով իմ կյանքում փորձեցի ճարտարապետությունը ներկայացնել հանրամատչելի ու շատ պարզ բառերով: Անկեղծ ասած այն ինձ համար շատ հետաքրքիր փորձառություն էր: Մասնավորապես ինձ համար արժեքավոր էր ճարտարապետության իմ սահմանումը. ՙՃարտարապետությունը դա մարդու կողմից ստեղծած (անտրոպոգեն) ամբողջ նյութական միաջավայրն է՚: Այս սահմանումը, որն չեմ հանդիպել որեւէ այլ տեղ, ներառում է ճարտարապետության ամենալայն ընդգրկումը, թե պատմական, թե մշակութաբանական համատեքստում: Նրանում իր արտացոլումն է գտնում այդ մասնագիտությունը իր ողջ համակարգով ու տրամաբանությամբ: Սա հետաքրքիր է նրանում որ ցանկացած անտրոպոգեն երեւույթ մաս է կազմում ինչ որ ճարտարապետական, կամ ավելի ճիշտ քաղաքաշինական ծրագրի` իր տրամաբանական համակարգով ու հերարխիայով: Ավելորդ չծանրանալով ճարտարապետության եւ քաղաքաշինության սահմանման վրա հուսամ որ ապագայում եւս առիթ կլինի անդրադառնալ նշված խնդրին` ներկայացնելով ընդունելի ու ոչ ընդունելի մի շարք ձեւակերպումներ:


Նախկինում առիթ եմ ունեցել խոսել ճարտարապետին վերագրվող հասարակական դերին: Դրանք հիմնականում բաժանվում են երկու տեսակի պատասխանատվությունների, կամ կուզեք երկու տեսակի լուծումներով համակարգային մոտեցումներ տալ ինչ որ խնդրի: Դրանք են ճարտարագիտական եւ ճարտարապետական լուծումները: Անվանումից էլ պարզ է դառնում որ առաջինը վերաբերում է ինժեներական խնդիրներին, որն սկսվում է ենթակառուցվածքներից եւ ավարտվում տարբեր տեսակի տեխնիկական լուծումներով: Այս ամենի հստակ ապահովման համար ստեղծված են մեծարժեք հսկայական կանոնների փունջ` օրենքների, ենթաօրենսդրական եւ նորմատիվային փաստաթղթերի տեքով: Դրանք բնականաբար տարբերվում են կախված մշակութային, պատմական, բնակլիմայական, աշխարհագրական, քաղաքական եւ բազմաթիվ այլ պատճառներից ելնելով: Դրանցով հիմնականում լուծվում է քաղաքաշինական գործունեության տեխնիկական խնդիրները: Հաջորդը դա ճարտարապետական խնդիրների լուծումներն են: Անգամներ լսում ենք թե ինչոր քաղաքներ կորցնում են իրենց դեմքը, կամ ինչ որ քաղաքներ դառնում են ՙթանգարան բաց երկնքի տակ՚ եւ կորցնում քաղաքային միջավայրերին հատուկ խայտաբղետ մթնոլորտը: Այստեղ շատ դժվար են ստեղծել կանոններ եւ սահմանափակումներ ասենք ճարտարապետական կերպարի պահպանման համար, որին հստակ սահմանումներ տալը շատ դժվար է: Նման փորձեր արվել են արեւմտյան բազմաթիվ քաղաքներում, երբ կերպարի պահպանման համար մշակվել են հստակ չափորոշիչներ, ցանկապատի բարձրության եւ ձեւի հետ տալով գունային սահմանափակումներ: Նմանատիպ մոտեցումը հնարավոր է սակավաթիվ բնակչություն ունեցող եւ կերպարային հստակ ու օրինաչափ լուծումներով միջավայրերում միայն: Մնացյալ դեպքերում ուղղակի անհնար է օրինակ Լոնդոնի պես մի քաղաքում փորձել պահպանել քաղաքային կերպար… Նման դեպքերի համար նույնպես կան արդեն պատրաստի գործիքներ, որոնք ժամանակակից ուրբանիզմի նախագծման պրոցեսում կիրառվում են վաղուց ու մասամբ լուծում նման խնդիրները:
Նման լուծումների կիրառումը մեծապես կախված է հասարակության պահանջներից, թե ինչքանով են իրենք պահպանողական իրենց կենցաղին, իրենց համայնքին ու պատմականորեն ձեւավորված ավանդույթներին: Չնայած այս շարքը սկսելիս նպատակ էի դրել չդարձնել այն հայաստանյան, մասնավորապես երեւանյան իրականության պարզ նկարագրությունը, եւ դրա համար խուսափում էի կոնկրետ առարկայական օրինակներից, սակայն քանի որ խոսքը հասավ կերպարի պահպանման խնդրին կուզեմ շատ կարճ խոսել Երեւանում նշված խնդրին (միգուցե նաեւ պատճառ հանդիսացավ Երեւանի մասին երգեր լսելը, որոնց հերթը հասավ իմ երգացանկում պատահական կերպով):


Երեւանի քաղաքային կերպարի պատմությունը երկու բառով ի սկզբանե: Երեւան քաղաքի նախնական` քաղաքային (ընդգծում եմ բացառելու համար մինչ 17-րդ դար եղած կառուցապատումը, մասնավորապես Էրեբունին եւ դրա հետեւանքները) կառուցապատումը որն սկզբնավորվել է Երեւանի բերդի ամրացումով 17-րդ դարում սկզբնական շրջանում եղել է տիպիկ արեւելյան` աղյուսից, հողաշեն: Ցարական տիրապետության ներքո այն կտրուկ կրել է տրամագծորեն հակառակ ընթացք երբ սկսվել է քարի կիրառումը եւ այն ժամանակ եվրոպական համարվող ՙքաղաքային՚ կառուցապատման տրամաբանությունը: Ավելի ուշ խորհրդային շրջանում Թամանյանի որպես ճարտարապետական հսկա իր հզոր ազդեցությամբ, որն այնքան հզոր էր որ ունեցավ իր ազդեցությունը կովկասյան մյուս քաղաքներում նույնպես: Թամանյանի գլխավոր հատակագծում նոր տրամաբանություն էր մտցվում, իսկ նրա ճարտարապետական լուծումները գրեթե աղերս չունեին առկա կառուցապատման հետ: Այս երեք իրար հաջորդող փոփոխությունները, որոք նախ եւ առաջ քաղաքական, ապա մշակութաբանական տեսանկյունից մերժելով ու ջնջելով մեկը մյուսին սկզբնավորեցին հայկական քաղաքաշինության մեջ քաղաքների պատմականորեն ձեւավորված տրամաբանության մերժողականությունը: Ապագա զարգացումները եւս զերծ չէին նման մոտեցումներից, մերթ ընդ մերթ դրսեւորելով պատմականության ազնիվ մղումներ: Սակայն դրանք երբեք չունեցան շարունակական բնույթ: Ավելին քաղաքական մի քանի միմյանց հակասող գործընթացները, ինչպես նաեւ հայերի կենցաղում ավանդույթների պահպանման ՙդեկլարատիվ՚ բնույթը Հայաստանի բնակավայրերը հասցրեցին ողբերգական իրավիճակի: Չնայած նրան որ դա հատուկ էր գրեթե բոլոր խորհրդային քաղաքներին, սակայն հենց այդ նույն ժամանակաշրջանում տեղի են ունեցել մի շարք բացառություններ, թե մերձբալթյան երկրներում, ինչպես նաեւ հարեւան Վրաստանում: Ցավոք անկանխության տարիներին նույնպես այդ ամենը չգիտակցվեց (չնայած բազմաթիվ մասնագետների, մտավորականների եւ հասարկության այլ շերտերի ներկայացուցիչներ, որոնց թվին էր պատկանում նաեւ տողերիս հեղինակը) եւ տնտեսության զարգացման առաջին նշույլների արդյունքում գրեթե ամբողջովին ավերվեց Երեւանի պատմական արժեք ունեցող մեծարժեք բազմաթիվ շինություններ:


Հատկապես հասարակության լայն շերտերի այս ամենի չարժեւորման համար բնականաբար կարելի է գտնել օբյեկտիվ պատճառների, օրինակ որ այս ամենը արդյունք է խորհրդային քարոզչության, սակայն դրանով պատմական շերտեր չեն վերականգնվում: Դրա ցայտուն օրինակն էր Երիտասարդության պալատի ոդիսականը, որի մասին հեռուստատեսային մի քննարկման ժամանակ ես շենքի հեղինակներից մեկի` իմ ուսուցիչներից մեկի ներկայությամբ ասեցի, եթե դուք ժամանակին չէիք արժեւորում մինչ այդ ստեղծված ճարտարապետական ժառանգությունը, ապա բնական է այսօր ձեր կառուցած շենքերն նույն ճակատագրին են արժանանում: Այն ժամանակ այդ հանդուգն միտքը ինձ համար բավականին թանկ արժեցավ: Այն այսօր արդեն կամ ներվել է, կամ մոռացվել, սակայն ցավոք իմ կողմից հարգված ուսուցիչս շարունակու է նույն ոճով, այս անգամ նախագծելով շինություն գիտությունների ակադեմիայի քանդված շինության տեղում:


Բնականաբար շատերը կասեն թե ճարտարապետը մեղավոր չի նման դեպքերում: Հղում կատարելով իմ նախորդ նյութերից մեկում հնչած այն մտքին թե քաղաքաշինական ոլորտում կան բացեր, եւ այդ լրացնողի դերում եթե այսօր հանդես գան ճարտարապետները ապա ապագայում դրանից շահելու է ճարտարապետությունը որպես մասնագիտություն: Եթե նույնիսկ սա չհամոզեց Ձեզ, ապա այդ դեպքում ով է մեղավոր, հասարակությո±ւնը, պետությո±ւնը… Իսկ ո±վ է այդ երկուսի մոտ ձեւավորում կարծիքը: Հասարակության մոտ պետությունն ու մտավորականությունը, իսկ պետության մոտ հասարակությունն ու մտավորականությունը… Իսկ որտե±ղ են ճարտարապետները: Նրանք եւ մտավորականության մեջ են, եւ հասարակության մեջ են, եւ պետության մեջ են: Իսկ ինչու չեն ուզում ստանձնել այդ պարտականությունը: Այստեղ երկու հիմնական պատճառներ կարող են լինել, կամ չեն կիսում իմ (մեր) այս կարծիքը, կամ կիսում են սակայն միգուցե չկիսելը ավելի հեշտ է… միգուցե: Առաջինի դեպքում լուծումը այս ամենի քարոզումն է այն չընդունողներին, ապա ընդունողների եւ չընդունողներին (ինչով զբաղվում է տողերիս հեղինակը մեկ լրիվ դրույքով), իսկ երկրորդում` պախարակելը: Կարծում եմ որեւէ մեկը գոնե պատմության մեջ մեկ անգամ պետք է պատասախան տա ստանալով ճիշտ գնահատական: Պատմության սրբագրումը, որն ներկա հայաստանյան իրականության արդի տենդենցներից է, հույս ունեմ կդառնա հայ հասարակության պատմական մտածողության անբաժանելի մասը մոտ ապագայում:


Այս լավատեսական հուսադրող ավարտին կուզեմ ավելացնել որ հայկական ճարտարապետությունը որն հայ ժողովրդի մշակութային ժառանգության ամենաարժեքավոր եւ հանրաճանաչը լինելով պետք է փորձի ստանձնել նշված մշակույթի այցեքարտը նաեւ այսօր: Դրա համար նախադրյալներ կան, իր բաղկացուցիչ պահպանողական ընդդիմախոսներով եւ այլ ատիրբուտներով:


Հիսուս ծնավ եւ հայտնեցավ…
Լավագույն մաղթանքներով` Սարհատ Պետրոսյան
Post a Comment