Քաղաքաշինական գործունեության մարտահրավերները 3

Մաս 3`  Միասնական շահառուներ


Զգում եմ որ արդեն շատ եմ ծանրանում քաղաքաշինական գործունեության շահառուների վերաբերյալ թեզեր առաջադրելով, սակայն կարծում եմ դրանց մասին մի շարք նկատառումներ կդարձնեն այս տրամաբանական շղթան ամբողջական ու Ձեր խոնարհ ծառան հավանաբար կդադարեցնի այս փուլում մարտահրավերների մատնանշումը: Տրամաբանական է, որ շահառուները որպես մարտահրավերները իրենց ուսերին կրող սուբյեկտներ պետք է քննվեն եւ բացահայտվան հնարավորինս ամբողջական ու մանրակրկիտ: 
Ինչպես մաս առաջինում եմ նշել այս փուլում չեմ քննարկելու պատվիրատուն որպես շահառու ծանրանալով չորս հիմնական շահառուների դիտարկման վրա:


ՆԱԽԱԳԾՈՂ
Նախագծման գործընթացում հիմնական բացերն են`
-նախագծային աշխատանքների կառավարման բացակայությունը (project management), 
-արհեստավարժության պակասը, որն նախ եւ առաջ արդյունք է դրա պահանջարկի բացակայությամբ, ապա բավարար աշխատուժի պակասի պատճառով,
-մյուս շահառուների անպատասխանատու մոտեցման պատճառով, որն համեմատաբար պատասխանատու շահառու հանդիսացող նախագծողին մղում է երկրորդական պլան,
-նախագծային աշխատանքների վերաբերայլ իրավական եւ նորմատիվային կարգավորիչ դաշտի գրեթե բացակայություն:
Այս ամենից ելնելով անհրաժեշտ է նոր որակական հարթությամբ քննարկել նախագծային գործընթացները, մասնավորապես պարարտ հող ստեղծելով արհեստավարժ գործունեության համար: Նշված գործընթացների համար անհրաժեշտ է`
-ճարտարապետական եւ ճարտարագիտական կրթական գործընթացներում վերագնահատել ապագա մասնագետների տեղն ու դերը հասարակությունում,
-սերմանել մասնագիտական միավորումների եւ այլ ոչ ֆորմալ խմբերի միջոցով համընդհանուր խնդիրների լուծման նկատմամբ հավատը,
-իրականությանը նայել պարզ եւ անկեղծ, ընդունելով մասնագիտական միջավայրում առկա խնդիրներն ու մարտահրավերները միջազգային շփումների արդյունքում փոխլրացնել դրանք,
-վերաիմաստավորել մասնագիտության անցած ճանապարհը եւ գործընկերային մթնոլորտում բացառել մրցակցային գործընթացները վերադասելով նեղ անձնական կամ խմբակային շահը արհեստակցականից:
Ամենեւին չհավակնելով այս գրվածքով տալ խնդիրների ամբողջական պատկերը, հույս ունեմ որ նշված խնդիրների եւ դրանց լուծման նախնական ուղենիշները տալիս են այն հիմնական կառուցվածքը, որի հիման վրա կարելի է կառուցել համակարգային գործընթացների տրամաբանությունը:


ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հասարակությունը որն քաղաքաշինական գործընթացներում գտնվում է ամենաանհասկանալի իրավիճակում իր որոշումներում կրում է նախագծող ճարտարապետների, հաճախ նաեւ պետության քարոզչական ազդեցությունը: Սա ավելի պակաս չափով է տեղի ունենում համեմատաբար ձեւավորված հասարակություններում, որտեղ ավանդաբար ձեւավորված են հասարակական վերաբերմունքը իրենց անմիջական միջավայրի ձեւավորման եւ զարգացման նկատմամբ: Ավելացնեմ նաեւ հենց նույն առկա ավանդական մոտեցումների շրջանակում էլ գնահատվում ու ադապտացվում եմ նորարարական մոտեցումները եւ ցանկության դեպքում դառնում նույն ավանդական անհրաժեշտ ու պարտադիր պայմանը: 
Հասարակական ակտիվության մեծացման համար նախադրյալների ստեղծման համար անհրաժեշտ են`
-ձեւավորել եւ սահմանել հասարակական համընդհանուր տեսլական, հնարավորություն տալով տեղեկատվական անհրաժեշտ ներհոսք արժեւորելու համար անցյալ ու ներկան, ապա մատնանշել ապագան,
-սերմանել քաղաքացիական դիրքորոշման դրսեւորման ու դրա արտահայտման պարտադիր լինելու նորմը իրավական պարարտ հող ստեղծելով,
-հասարակության համընդհանուր դիրքորոշման համար ստեղծել ֆորմալ ու ոչ ֆորմալ միավորների ի պաշտպանություն գաղափարների ներկայացնելով ոլորտային արժեհամակարգերի վրա հիմնված հետեւողական եւ ամենակարեւորը արդյունք ունեցող գաղափարներ եւ մոտեցումներ:


ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Հասարակության պես լինելով անհասկանալի իրավիճակում, կարիք ունի բազմակողմանի ու տարրակարծիք տեսակետների հավաքագրման եւ արդյունավետ որոշումների կայացման մեխանիզմների մշակման եւ իրականացման անհրաժեշտություն: Սրա համար բնականաբար նախ եւ առաջ անհրաժեշտ է քաղաքական կամք, ապա նաեւ հասարակական պահանջ: Դժվար է ասել առաջինը որ մեկի պետք է լինի, այնպես ինչպես հնարավոր չէ ասել թե առաջ հավն է եղել թե ձուն: Չցանկանալով տեղափոխել այս ամենը հասարակական-քաղաքական հարթություն ուղղակի կուզեի նշել որ նման դեպքերում նպատակահարմար է ապավինել քեզ, եւ դրսեւորել կամ հավի կամ ձվի դերում կատարել առաջին քայլը պահանջելով մյուսից նույնը:
Պետությունը քաղաքաշինական գործունեության ոլորտում հաջողության համար գլոբալ առումով ունի մեկ խնդիր, այն է գիտակցի իրա դերը այս գործընթացներում միայն իր համադրողի պարտականությունների պարտաճանաչ կատարմամբ եւ իր դերի թե թերագնահատման եւ թե գերագնահատման արդյունքը անդառնալի կորուստների կարող է բերել տնտեսական, ժողովրդագրական, բնապահպանական եւ մշակութաբանական առումներով: Ավելի մանրամասնելով նշեմ այս պահին այստեղ գտնվող բացերը, որոնց լուծումները մատնանշվում են հենց դրանք շարադարմամբ,
-կոռուպցիա,
-թափանցիկ կառավարում,
-կարճատես ծրագրային քաղաքականություն,
-համընդհանուր տեսլականի բացակայութուն:
Նշվածներից մասնավորապես վերջինի մասին կուզենայի մանրամասնորեն կանգ առնել եւ ներկայացնել իմ դիրքորոշումը դրա ձեւավորման գործում: Հավելեմ նաեւ որ առաջին երկու բացերի վերացման եւ նախկին սխալների բացառման դեպքում հնարավոր է մյուս շահառուներին հնարավորություն տալ ստանձնել մնացած բացերի լուծման հիմնական բեռը, ինչը վաղուց կատարվում է արեւմտյան ժողովրդավարական երկրներում:
Քաղաքաշինական գործունեության ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ համընդհանուր տեսլականի կառուցման համար նախ եւ առաջ պետք է ըստ արժանվույն գնահատել այդ ոլորտի արժեքը եւ գիտակցել նրա ՙոսկե գործիք՚ լինելը: Գործիք որով կարելի է տնտեսության զարգացնել, մշակույթ ստեղծել, առողջություն ամրագրել, հասարակությանը հուսադրել: Քաղաքաշինության արդի արեւմտյան հասկացողությունը, որն խոշոր քաղաքների կառավարման տեսության մեթոդների արդյունքում դարձել էլ ավելի լոյալ ու ճկուն այսօր ունի հրաշալի սեղմակներ հավասարակշռելու համար շուկայական տնտեսության եւ երջանիկ հասարակության խաղաղ գոյակցումը: Դրա վերաբերյալ հայաստանյան ներկա պատկերացումները սահմանափակվում են քաղաքների ապակենտրոնացման արդեն քսանամյան վաղեմության  տեսութուններով: Այն դեպքում երբ աշխարհը արդեն վաղուց` մարդու անձնական երջանկությունը որպես հասարակության կառուցման մոդելի հիմք ընդունելով անտրոպոգեն գործունեության համար կարեւորում է անցյալի, ներկայի ու ապագայի  վերաբերյալ պատասխանատվության ստանձնումը, որն համապատասխանաբար արտահայտվում է պատմականությամբ, հանգստի իրավունքի եւ կայուն զարգացմանը ուղղված հստակ ու վստահ քայլերով:
Այստեղից կարելի է մատնանշել քաղաքաշինության երեք հիմնական մարտահրավերները որոնց լուծումը այսօր առօրեական է եւ արագ չարձագանքելու դեպքում կարող է վտանգավոր լինել մեր հասարակության գոյության շարունակականության համար: Դրանք են`
-պատմամշակութային ժառանգության եւ հիշողության արժեւորում եւ գերադասում ցանկացած անտրոպոգեն գործընթացում որպես ներկան ապագայում արժեւորվելու գրավական,
-քաղաքացու համար աշխատանքային եւ արտաշխատանքային գործունեության համար անհրաժեշտ դաշտի ստեղծում, այս ամենը վերացական ձեւակերպումների մակարդակից ռեալ կյանք բերելու համար նշենք մի քանիսը` քաղաքներ մարդկանց համար, որն պահանջում է տրասնսպորտի, առեւտրի, կանաչապատման տրամաբանության ամբողջական հակառակ ընթացք հետիոտնի, քայլող մարդու, չշտապող, անմիջական ու երջանիկ անհատի, հաշմանդամի ու սակավարշարժի, երեխայի սայլակով զբոսնող ընտանիքի համար, հեծանիվով շարժվողի,  քանդակի պատվանդանին գիթառահարի, սիզամարգին հանգստացողի համար,
-կայուն զարգացումը ներառելով բոլոր զարգացման ու պահպանման գործընթացներում, որպես 21-րդ դարի քաղաքացու գիտակցության գագաթնակետ: Բնության եւ շրջակա միջավայրի նկատմամբ վերաբերմունքը նոր խնդիրներ են առաջադրում բոլոր շահառուներին: 


Ամենեւին չհավակնելով տալ ամբողջական դեղատոմսեր չունենալով անհրաժեշտ աշխատանքային փորձ եւ չտիրապետելով ողջ առկա տեղեկատվությանը, ինչպես նաեւ անծանոթ լինելով ոչ հասարակականացված գործընթացներին (եթե այդպիսիք կան), կարծում եմ այս գրվածքների շարքում կարողացա ներկայացնել իմ տեսակետը քաղաքաշիանական գործունեության վերաբերյալ: Ուրախ կլինեի այս ամենը հանդիսանար իմ եւ իմ գործընկերներիս միջեւ նոր որակի երկխոսության մեկնակետ սպասելով սուր, հիմնավորված ու էլ ավելի երկարաշունչ պատասխանների:


անցյալի, ներկայի ու մասնավորապես ապագայի
արժեւորման կարոտ


ճարտարապետ Սարհատ Պետրոսյան


>>> Neo ARCH Lab by sarhat Petrossian
Post a Comment