Ճարտարպետ-տեսաբանի գոյությունը, որպես մասնագիտության կայացման բաղկացուցիչ

Այս մասին գրելու ցանկություն վաղուց ունեի: Մասնավորապես նախորդ տարի մի քանի անգամ տարբերի առիթներով զրույցներում իմ կողմից հարգված մի քանի գործընկերներիս հետ կարեւորել էինք նշված խնդիրը: Ճիշտն ասած երբ ասվում է ճարտարապետության տեսաբան պատկերացնում ենք իրականությունից շատ հեռու ինչ որ պատմական հարթություններում դեգերող ինչ որ պատմաբան-ճարտարապետի: Նախ փորձենք շատ ամփոփ ներկայացնել հայկական ճարտարապետության տեսական ուսումնասիրության պատմությունը:


Դրա առաջին ռահվիրան բնականաբար Թորոս Թորամանյանն է, որն մասնակցելով Անի քաղաքի ուսումնասիրման նախորդ դարասկզբին տեղի ունեցած աշխատանքներին առաջինը լինելով մասնագիտական մակարդակով քննեց հայկական միջնադարյան ճարտարապետությունը: Ավելի ուշ, խորհրդային տարիներին Ալեքսանդր Թամանյանի անմիջական նախաձեռնությամբ եւ ղեկավարմամբ, պետական մակարդակով զարկ տրվեց հայ ճարտրապետության զարգացմանը, որն իր տրամաբանական շարունակությունը գտավ ապագայում: Խորհրդային տարիներին հայ պատմական ճարտարապետության ուսումնասիրման, դասակարգման հետ համընթաց զարկ տրվեց հենց խորհրդային առկա ճարտարապետական գործընթացների ուսումնասիրմանը ու ներկայացմանը: Մասնավորապես արժանահիշատակ է Լոլա Դոլուխանյանի, Լիա Սաֆարյանի, Լեւոն Բաբայանի կատարած աշխատանքները, որոնք դժբախտաբար խորհրդային տոտալիտար ռեժիմի առկայության պայմաններում կրում էին խորհրդային քարոզչության ազդեցությունը: Այն մասնավորապես վերաբերում էր մի շարք պատմական իրողությունների եւ գաղափարխոմական ազդեցություններին: 20-րդ դարի երկրորդ կեսը ավելի բարենպաստ լինելով հանդերձ դեռեւս հնարավորություն չէր տալիս լիարժեք արժեւորել ու քննադատել դարասկզբի անցքերը: Այս ժամանակաշրջանում նաեւ սկզբնավորվեց աշխարհում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ ՙզտված՚ տեղեկատվության տարածումը:


Այստեղ արժանահիշատակ է խորհրդային առաջին տարիներին ճարտարապետական եւ ոչ միայն ճարտարապետական, այլեւ ողջ ստեղծագործական հանրության շրջանում մոտեցումների բախման եւ պայքարի գործընթացները եւ դրանց հետեւանքները: Բավական է թերթել այդ ժամանակավ մամուլը եւ հանդիպել ինչպես են ի լուր ողջ հանրության քննարկվել ու ներկայացվել իրարամերժ ճարտարապետական մոտեցումներ, ինչպիսիք էին կոնստրուկտիվիզմն ու նեո-կլասիկ ազգային ճարտարապետական դպրոցը: Այսինքն երկրում հասարակարգ փոխվելու ընթացքում, ճարտարապետաշինարարական ոլորտի բուռն զարգացման ընթացքում մասնագիտական հանրությունը ընդունել է մարտահրավերը եւ համարձակ կերպով այդ ամենը դարձրել է հասարակության սեփականությունը:


Հայաստանն անկախության առաջին տարիները հնարավորության տվեցին վերաարժեւորել պատմական բազմաթիվ անցքեր, որոնց արդյունքում մի շարք ՙխմբագրումներ՚ տեղի ունեցան նաեւ ճարտարապետության զարգացման ժամանակագրության եւ ուսումնասիրման նախկինում կատարված ու ներկայացված փաստերում: Անկախությունից մոտ տաս տարի անց տեղեկատվության փոխանակման դյուրացման, ինչպես նաեւ շինարարության զարգացման արդունքում ճարտարապետական հանրության շրջանում հնարավորությունների ընդլայնման եւ համընդհանուր ակտիվության պայմաններում տեղի ունեցավ համաշխարհային ճարտարապետական գործընթացների մասին տեղակացվածության բարձրացմանը: Այն դեռեւս իր նախնական դրական ազդեցությունն է թողնում այսօրյա ճարտարապետական եւ քաղաքաշինական գործունեության ոլորտում եւ կարծում եմ այն դեռ կունենա իրական ու էլ ավելի շոշափելի արդյունքները :
Անկախության մի շարք դրական ազդակները դժբախտաբար ունեցան իրենց բացասական ազդեցությունը նաեւ ճարտարապետական տեսական ուսումնասիրական գործընթացների վրա: Առաջինը բնականբար պետության անկարողությունն էր վճարել ճարտարապետության տեսությամբ զբաղվող նախ եւ առաջ պետական, էլ չեմ խոսում մասնավորª այլընտրանքային կառույցներին: Չնայած մի քանի ինտուզիաստներ շարունակում էին իրենց վրա կրել այդ ծանր պարտականությունը, մասնավորապես արժանահիշատակ են Դավիթ Քերթմենջյանը, Մարիետա Գասպարյանը, Լոլա Դոլուխանյանը, ինչպես նաեւ խորհրդային ճարտարապետության շրջանի ճարտարապետության տեսության, կրթության ռահվիրան Վարազդատ Հարությունյանը:


Սակայն քաղաքաշինության եւ մասնավորապես ճարտարպետական գործունեության առկա իրավիճակը, այն էª մի քանի հիմնական անհատ ճարտարապետները իրենց ազդեցությամբ պետական համակարգում եւ իրենց մասնակցությունը տարրատեսակ խորհրդատվական մարմիններում, հնարավորություն չեն տալիս որ նշված ՙապրանքային շուկայում՚ տեղի ունենա արդար եւ թափանցիկ մրցակցություն, որի արդյունքում էլ պետք է առաջանա նորից արդար եւ թափանցիկ քննադատության պահանջ: Այս փակ շղթայի արդյունքում առաջանում են հետեւյալ խնդիրները`
- մասնագիտական հանրույթում անկեղծության բացակայություն,
- քննադատությունը անձնական վիրավորանքի համարժեքացում,
- տեսաբան-ճարտարապետի նկատմամբ անլուրջ վերաբերմունք,
- հասարակությանը իր անմիջական միջավայրի կառավարման վերաբերյալ տեղեկատվության պակասի արդյունքում մանիպուլացիայի ենթարկելու դյուրինություն:


Չնայած վերը նշվածներից առաջին երկուսը առկա են հայաստանյան բոլոր մասնագիտական շրջանակներում, որն հավանաբար արդյունք է խորհրդային ժամանակաշրանի եւ դրանում առկա հասարակական փոխհարաբերություններին:


Տեսաբան ճարտարապետների վերաբերյալ հենց ճարտարապետների եւ հարակից մասնագետների անլուրջ վերաբերմունքի պատճառով էլ չի կայանում առողջ քննադատության, թափանցիկ վերլուծության եւ ինչու չէ նաեւ հասարակության մոտ նշված ոլորտի գործընթացների նկատմամբ հստակ կարծիքի պահանջարկից բխող համարժեք կադրային եւ ինստիտուցինալ քայլեր: Գաղտնիք չէ որ վերիջն շրջանում մի քանի ճարտարապետական պարբերական հիշեցնող ամսագրերը զուրկ են լուրջ վերլուծություններից եւ քննադատություններից: Եղածները կամ կրում են շատ ընդհանուր ձեւակերպումներ ու չունեն խնդիրները իրենց ողջ սրությամբ ներկայացնելու նպատակ, կամ էլ ներկայացնում են միջնադարին եւ խորհրդային շրջանին վերաբերող հիմնականում խորհրդային շրջանին բոնորշ ՙմիայն դրական՚ կողմից դիտարկվող տեսակետներ: Իսկ երբ նման փորձեր են արվում (ինչը մի քանի անգամ կատարել է տողերիս հեղինակը) պսակվում է անհաջողության գտնելով ինչ որ հիմնավորումներ: Որեւէ մեկի մտքով անցել է քննարկել Երեւանի քաղաքապետարանի նոր շենքը համեմատական վերլուծություն կատարելով նրա ճակատային լուծումները, կամ շենքի ներքին տարածության արդյունավետ օգտագործումը:
Ելնելով այս ամենից անհրաժեշտ է զուտ ճարտարապետների եւ հարակից մասնագիտությունների շրջանում առողջ քննարկման պահաջի գիտակցում եւ գնահատում: Անհրաժեշտ է գոնե առկա ֆորմալ կառույցներում (ճարտարապետների միություն, ճարտարապետության ֆակուլտետ) տեղի ունենան հաճախակի քննարկումներ պահպանելով միմյանց նկատմամբ մրցակցային, բայց հանդուրժող ու արժանապատիվ հարաբերությունները:


Այստեղ կուզեմ նշեմ մեկ շատ կարեւոր նկատառում, որն կարծում եմ ունի անկյունաքարային նշանակության ցանկացած ճարտարապետական, եւ ոչ միայն ճարտարապետական քննարկման ու գնահատման գործընթացում: Չպետք է նույնական գնահատել ՙլավ կառույց՚ կամ ՙինձ դուր է գալիս՚ եզրույթը Ձեր նախագծային մոտեցումների հետ: Այսինքն հնարավոր է ինչ որ մեկին դուր գալ մի ինչ որ կառույց, որում օրինակի համար լավագույնս արտացոլվել են լանդշաֆտը, տեղական ավանդույթները եւ ճիշտ համաչափությունները, բայց պարտադիր չի որ այն համընկնի Ձեր ճարտարապետական մտածողությանը եւ առաջնահերթությանը:


Անհրաժեշտ է հատկապես նախագծող-ճարտարապետների ու քաղաքականության մշակող-ճարտարապետների շրջանում քարոզել տեսաբան-ճարտարապետի կարեւորությունն եւ քննարկելու ու քննարկվելու համար նախադրյալներ ստեղծող պայմաների առաջացման համար նախադրյալներ ստեղծել:


ամենեւին տեսաբան-ճարտարապետ լինելու հավակնություններ չունեցող
Սարհատ Պետրոսյան


-----
Neo ARCH Lab by sarhat Petrossian
1 comment