Քաղաքաշինական գործունեության մարտահրավերները 1




մաս 1 (մուտք եւ ոլորտի շահառուները)
Նախորդ տարի ամանորի նախաշեմին երբ համեմատաբար ազատ էի սկսեցի գրել մի հոդված: Առհասարակ ամանորի շեմին երբ գրում ես ինչ որ բան կարելի էր՚ սկսել հետեւյալ կերպ թե նոր տարվա նախաշեմին ուզում եմ ամփոփել անցած տարին եւ այլն բայց իրականում այս նյութերին հիմա անդրադառնալու հիմանական պատճառը ազատ ժամանակի առկայությունն է: Այն ժամանակ գրում է իմ կողմից հարգված գործընկերոջս Հրաչյա Վարդանյանի ՙճարտարապետություն եւ շինարարություն՚ ամսագրում հրատակարած նյութի պատասխանը: Նրանում մասնավորապես նշում էի թե ինչ է պակասում մեզ նորմալ ճարտարապետական գործնեությամբ զբաղվելու համար: Բնականաբար իմ պատասխանը չհրատարակվեց  նույն ամսագրում քանի որ ես փորձել էի ՙբացահայտել՚  հայաստանյան ճարտարապետական իրականության մի քանի փոքրիկ մանրամասները: Ինչեւէ միգուցե դա ավելի լավ էր, եւ միայն վերջերս հնարավորություն ունեցա տվյալ նյութը ուղարկել Հրաչին որի արձագանքներին կսպասեմ սիրով:

Նախ փորձեմ նշեմ մի քանի դրդապատճառներ թե ինչու որոշեցի սկսեմ գրել, այն էլ ճարտարապետության մասին: Բնականաբար նախ եւ առաջ գրելու ահագին բան էր հավաքվել եւ մասնավոր զրույցներում ու առիթներով արտահայտած մտքերը գրավոր  ներկայացնելու ցանկություն ունէի: Նաեւ որոշիչ դերակատարություն ունեցան տարեվերջին տեղի ունեցած մի քանի միջադեպերը, որոնք ինձ մոտ գրելու շատ մեծ ցանկություն առաջացրեցին որի արդյունքի վրա եւ դուք ծախսում եք Ձեր արժեքավոր ժամանակը: Ամենեւին չուզենալով աղմկել իմ առջեւ ծառացած խնդիրների մասին ասեմ միայն որ այդ ամենը նորից գնում ու հանգում է քաղաքաշինության եւ ճարտարապետության արդի առկա խնդիրներին: Դրանք են ճարտարապետության եւ քաղաքաշինության ոլորտում տիրող կլանային, հիմնականում միանձնյա որոշումների կայացման գործընթացները, ինչպես նաեւ պետության վերաբերմունքը ծրագրային փաստաթղթերի կազմման գործընթացներին:

 Նշեմ նաեւ, որ ցանկանում եմ այս գրվածքների (չեմ ուզում դրանք կոչել հոդվածներ քանի որ դրանք դեռեւս այնքան համակարգված չեն որպեսի ներկայացնեն ինչոր խնդիրների վերաբերյալ հստակ մոտեցումներ)  դարձնել շարունակական: Բնականաբար դրա համար անհրաժեշտ է նախ գտնել ժամանակ ապա գրելու համար բան: Այստեղ ուզում եմ նշել որ ընթերցողների եւ գործընկերների կողմից արձագանքները կարող են շարժիչ իմպուլս լինեն, որ ես շարունակեմ նշված թեմաներով գրառումներ անել:

Նախեւ առաջ կուզեմ հստակեցում մտցնել մի քանի սահմանումներում, որոնք ապագայում եւս պիտի ուղենիշ հանդիսանան նյութերում, բացառելու համար սխալ հասկացվելը:
Քննման առարկան ճարտարապետությունն են ու քաղաքաշինությունը: Ճարտարապետությունը որպես քաղաքաշինության մասնավոր դեպք (գիտեմ այստեղ շատերը կզարմանան քանի որ հակված են հակառակին` այն որ քաղաքաշինությունն է ճարտարապետության մասնավոր դեպք) իր մեջ ավելի պակաս չափով է ներառում սոցիալական եւ քաղաքական  իրավիճակի արտահայտությունը, եւ նրանում էսթետիկան ավելի գերակշռող է: Սա դժվարացնում է քննարկումը եւ դիտարկումը հասցնում է նեղ անձնական էսթետիկական ընկալումներին, ուստի կփորձեմ այս գրվածքների շարքում հնարավորինս հազվադեպ կիրառել ճարտարապետությունը որպես տերմին: Խնդրում եմ բոլոր տեղերում կարդալով քաղաքաշինություն տերմինը այն հասկանալ ավելի լայն քան ընդունված  է այժմ եւ ավելի ընդգրկուն քան դասավանդվում է ճարտարապետության ֆակուլտետներում:

Եվ այսպես. Հայաստանի Հանրապետությունում նոր քաղաքական իշխանությունների ձեւավորմամբ ու դրա արդյունք հանդիսացող նոր կառավարության կազմումը մեզնից շատերին կարծես թե նոր հույսեր տվեց, հատկապես հանձինս Վարչապետի եւ նրա հետ կառավարության առանցքային տնտեսական բլոկի նախարարների նշանակմամբ: Մասնավորապես Վարչապետի կողմից նախկինում ղեկավարված կենտրոնական բանկի եւ առհասարակ բանկային ոլորտի զգալիորեն տարբերվող վիճակը կարծես թե տալիս էին այդ հույսերը: Սակայն ճարտարապետական ոլորտի վստահումը բոլորիս հայտնի անձին կարծես թե ի դրեւ դարձրեց այդ բոլոր հույսերը: Դրա վառ ապացույցն էր Գյումրիում տեխնոպարկի ստեղծումը, իսկ Սպիտակում ՙարհեստագործների թաղամասի՚ ստեղծումը: Կարծում եմ ցանկացած ոք կհամաձայնի այս ամեն ինչում տրամաբանության իսպառ բացակայությունը: Հիշեցնեմ որ նմանապես ծիծաղելի են հնչում Դիլիջանը ֆինանսական կենտրոնի, իսկ Ջերմուկը լեռնադահուկային սպորտիկ կենտրոնի վերածելու ծրագրերը:

Փաստորեն քաղաքական կառուցվածքում թարմացումների ընթացքում քաղաքաշինության եւ ճարտարապետության ոլորտում ոչ միայն տեղի չունեցավ ՙթարմացում՚ այլեւ նախկին առկա բոլորի կողմից պախարակվող երեւանյան մոտեցումները արդեն փաթաթվեցին ամբողջ Հայաստանի շուրջ: Եթե գոնե Երեւանում իրականացված նախագծերում գոնե մի քիչ հաջողություններ արձանագրված լինեին ապա միգուցե ես հիմա նման նյութ գրելու իրավունք ինձ չէի վերապահի: Հյուսիսային եւ Գլխավոր պողոտաների ներկա անհասկանալի ՙավարտը՚, ինչպես նաեւ Կասակադի շրջակա տարածքի անհաջող ՙկառուցապատումը՚ հուշում էին այդ գաղափարների սնանկության մասին, այն մասին որ նշված ծրագրերում առկա են խորքային սխալներ: Դրանց մասին կարծում եմ ապագայում գրելու առիթ կունենանք, եւ չչարաշահելով Ձեր համբերությունը կուզեմ շարժվել դեպի ավելի առարկայական խնդիրները:

Կարծում եմ բացահայտելու համար ոլորտի խնդիրները պետք է նախ դիտարկել ՙխաղացողներին՚, որին կհաջորդի ՙխաղի կանոնների՚ բացահայտումը, որին կանդրադառնամ առանձին նյութի տեսքով:

Քաղաքաշինական եւ ճարտարապետական գործընթացներում առկա են չորս  շահառուներ`  հասարակություն, պետություն, պատվիրատու եւ նախագծող: Այստեղ հնարավոր է նաեւ նշել ճարտարապետական հանրությունը, որպես ենթաշահառու, որն կարող է արտահայտվել անհատ ճարտարապետների կամ խմբերի տեսքով եւ ունենալ վերը նշված չորս խմբերից տարբեր` բայց փորձագիտական արժեքն ունեցող տեսակետ:

Այս շահառուների դիրքորոշումների արտահայտումը քաղաքաշինական եւ ճարտարապետական գործընթացներում կարեւոր է այնքանով, որ ծրագրային ցանկացած գործունեություն երբեւէ քննադատվելու առիթ ունենալու է նշված շահառու խմբերի կողմից: Հայաստանի օրենսդրությամբ ֆորմալ եւ մի քանի դեպքերում նաեւ ոչ ֆորմալ մի շարք մեխանիզմներ են մշակվել նշված խմբերի հետաքրքրությունների եւ ներգրավվածության հավասարակաշռման համար: Դրանք նախ եւ առաջ խոշոր նախագծերում հասարակական քննարկումների անցկացման օրենսդրական պարտադիր նորմն է, որն բնականաբար ունի ինչ որ ձեւաական բնույթ գրեթե միշտ: Դրա հիմնական պատճառը նախ եւ առաջ հասարակության պասիվությունն է ինչպես նաեւ նախկինում եղած անհասականալի մոտեցումը թե` ՙմիեւնույնն է անելու են այն ինչ իրենք են ուզում՚:
Այս մասով նախանձելի կերպով հաջողության են հասել բնապահպանական մի շարք կազմակերպություններ, որոնք իրենց ակտիվ մասնակցությամբ թե շահել են մի շարք միջազգային կազմակերպությունների ուշադրությունը, թե տեղական մակարդակում ինչ որ չափով ՙսանձել՚ մյուս շահառուների ցանկությունները:
Ոչ ֆորմալ մասնակցության տեսակ էր Երեւանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհուրդը, մասնավորապես արժանահիշատակ է որ վերջին տարիներին նորից բնապահպանական կազմակերպությունների ճնշման արդյունքում երկու ներկայացուցչի ներագրավումը խորհրդի կազմում: Մեկ անգամ եւս նշեմ որ նշված քաղաքաշինական խորհուրդը ստեղծվում էր Երեւանի քաղաքապետի հրամանով, որն էլ իր հերթին նշանակվում էր Կառավարության կողմից: Այսինքն չկար որեւէ օրենսդրական եւ նույնիսկ ենթաօրենսդրական ակտ այդ ամենին գոնե իրավական ուժ տալու համար ինչպես նաեւ որեւէ մեկը չուներ պարտավորություն հասարակության որեւէ շերտի նկատմամբ: Արդեն այսօր Երեւանի ավագանու ստեղծումից հետո դեռեւս Երեւանի քաղաքապետարանում գոյություն չունի քաղաքաշինական գործունեությանը վերաբերող որեւէ խորհրդակցական եւ փորձագիտական մարմին, որն կարող է ներկայացնել շահառուներին շահերը որոշումների ընդունման գորթընթացներում: Այս ամենը մասամբ իր վրա է վերցնում Երեւան քաղաքի ավագանին, մասնավորապես նրա կազմում ընդգրկված մասնագիտությամբ երկու ճարտարապետները, ինչպես նաեւ մտավորականներ, որոնք տեսականորեն ներկայացնում են հասարակությանը: Սրանով կարծես թե արտահայտվում է հասարակության տեսակետը:

Պատվիրատուի դեպքում կարծում այս շղթայում ամենաքիչը ունի իրավունքների պաշտպանվուծության խնդիր: Ամեն դեպքում պատվիրատուն եւս ունիի քննմաի կարիք, որին հույսով գմ ապագայում անդրադառնալու հնարավորություն կունենանք:

Հաջորդ շահառուն նախագծողն է: Ճարտարապետը, կամ արդեն որպես կայացած մարմին` ճարտարապետական նախագծային ընկերությունը, որն համակարգելով բոլոր մնացած մասնագետների աշխատանքը իր վրա է վերցնում նախ մասնագիտական պատասխանատվությունը` իր ենթակառուցվածքային ապահովմամբ (ճարտարգիտական լուծումներ),  կերպարային-մշակութային դերակատարությամբ (ճարտարապետական լուծումներով պատամական տրամաբանական շարունակակության ապահովմամբ (խնդրում եմ այն չշփոթել պատմականության հետ)), ապա հանդիսանում է որպես այդ ամենի ճշմարիտ լինելու քաղաքացիական դիրքորոշման առաջամարտիկը: Այս ամենի արդյունքում նա կամ մեղավոր է կամ դափնետեր, երբեմն էլ երկուսը միասին:
Կարծում եմ ինչոր մակարդակում, երբ հասարակութույն ունենա քաղաքաշինական գործունեությամ վրա ներազդելու հնարավորություն, առաջ կգա ճարտարապետի մասնագիտական եւ հասարակական դերի մեծացմանն ուղղված գործիքների մշակման անհրաժեշտությունը: Կարծում եմ ապագայում առաձին կերպով առիթ կունենամ ներկայացնելու ճարտարապետի սոցիալական դերի վերագնահատմանը` ներկայացնելով մի շարք անձնական դիտարկումներ համեմելով այն միջազգային մի քանի հղումներով:

Շահառուներից վերջինը եւ ամենաանհասկանալին պետությունն է: Շատ դժվար է քննարկել նրան որպես շահառու, քանի որ այն շատ բազմատարր է եւ անկանխատեսելի: Այն ունի ֆորմալ, հստակ ձեւավորված, բայց դեռեւս կիսատ մոտեցում քաղաքաշինական գործընթացներին իր մասնակցության ձեւաչափին: Ոչ ֆորմալ տեսակետից այն փորձում է լրացնելու կիսատ մնացած հատվածը: Երկրի ղեկավարության քաղաքական կամքի բացակայության պատճառով, ինչպես նաեւ երկրում համատարած կոռուպցիան պարարտ հող են ստեղծում այս մասով նորարարության եւ արդյունավետ աշխատանքի համար: Այս ոլորտում կա հսկայական աշխատանքի կարիք, քանի որ հենց ոչ ֆորմալ դաշտում կատարվող գործընթացներն են ստվերում շահառուներից երկուսի` հասարակության եւ նախագծողի դերը քաղաքաշինական գործընթացներում, նույնիսկ երբեմ ստանձնելով մեծ դերակատարություն այն ստվերում է նաեւ պատվիրատուին, իր վրա վերցնելով ամենակարող եւ հզոր որոշումներ դակող մարմնի դեր: Բնականաբար պետական կառավարման համակարգի կատարելագործման ու ժողովրդավարացման զուգընթաց խնդիր կդրվի նաեւ մշակելու գործիքներ ծածկելու համար այդ բաց հատվածը, որի կառավարման համար անհրաժեշտ կլինեն նոր այլընտրանք ային գործիք կամ էլ նախորդ գործիքների վերանայում:

Այդ նոր գործիքների մշակման գործում շատ կարեւոր դերակատարություն պիտի ունեն ճարտարապետական հանրույթը, որն հանդես գալով մեկ միահամուռ, երբեմն ֆորմալ եւ երբեմն էլ ոչ ֆորմալ խմբերի տեսքով ուղղորդի հասարակությանը, ի հետեւություն վերջինիս` պետությանը: Սրանով է հնարավոր ձեւավորել ՙանտեսանելի ձեռքը՚ քաղաքաշինական գործունենության ոլորտում: Հույս ունեմ որ ապագայում հնարավորություն կունենամ խոսել նաեւ այս մասին:

Ամփոփելով նշեմ որ այս ամենի մասին մի քանի անգամ առիթ եմ ունեցել իմ գործընկերների հետ կամ միայնակ գրել ճարտարապետության ժողովրդավարության մասին ու փորձել վեր հանել այս խնդիրները: Սակայն դրանք այդպես էլ անարձագանք են մնացել եւ տեղ գտել իմ թվային արխտիվներում միայն: Հույս ունեմ այս անգամ արդեն այս ամենի նոր մեկնաբանությունը կարժանան ուշադրության եւ միասին նախադրյալներ կստեղծենք ՙապամոնտաժելու՚ մեր արհեստակցական գործունեության տրամաբանությունը:

ճարտարապետ լինելով ճարտարապետությանը հեռվից դիտարկող
Post a Comment