Պատասխան նամակ Հրաչ Վարդանյանին

Այս նյութը գրվել է մոտ մեկ ու կես տարի առաջ եւ ուղարկվել էր Ճարտարեպետություն եւ շինարարության ամսագիր հրատարակման համար։ Այն այդպես էլ չի տպագրվել։ Վերջերս առիթ եղավ այն փոխանցել ճարտարապետ Հրաչ Վարդանյանին, ում հոդվածի արդյունք էր այն հանդիսացել։ Խնդրում եմ ներողամիտ եթե լինեն մտքերի կրկնության համար իմ նախորդ գրառումներից։



Պատասխան նամակ Հրաչ Վարդանյանին
կամ ի՞նչ է պակասում մեզ

Հեղինակ՝ Սարհատ Պետրոսյան


Հարգելի Հրաչ վաղուց էի ուզում գրել այս նյութը: Հիշում եմ, որ ՙՃարտարապետություն եւ շինարարություն՚ (#6-7 [28-29] 2008 հունիս-հուլիս) ամսագրում տպագրած քո հոդվածը կարդալուց հետո որոշեցի անպայման արձագանքել, ինչպես դու էիր գրել` ավելի հաճախ անդրադառնալով ուսանողական նախագծերին:  Ինձ թվում է` բաց ու անկեղծ քննարկման, նորից եմ կրկնում քննարկման, ոչ թե ներկայացման կարիք ունի հայկական ճարտարապետության արդի փուլն առհասարակ:

Ինձ համար հատկապես հետաքրքրական է այն, որ ես ներկա եմ եղել դիպլոմնիկ Դավիթ Մուսայելյանի նշված աշխատանքի պաշտպանությանը, լսել եմ թե° հանձնաժողովի (ուր ներկայացված է հայկական ճարտարապետական էլիտան լավագույնս), եւ թե° քո՝ որպես ղեկավարի, թե° դիպլոմանտի՝ որպես ապագա ճարտարապետի  դիրքորոշումը: Ժամանակի սղության պատճառով չէր ստացվում կենտրոնանալ եւ գրել մի քանի նկատառումներ նշված գաղափարի ու հատկապես Երեւանի մասին: Ամանորյա տոները եւ Երեւանի կենտրոնում նշված դիպլոմային աշխատանքի գաղափարի նման բազմաթիվ բարդ եւ ՙֆունկցիոնալ՚ լուծումների իրականացումը խթան հանդիսացան, որ սկսեմ գրել, մասնավորապես, որ իմ նկատառումների համար այսօր արդեն կան կենդանի վկայություններ:

Այնքան բան կա ասելու այս ամենի մասին, որ չգիտեմ որտեղից սկսեմ: Ուղղակի ասեմ, որ մի քանի տարի առաջ ՙՇենինֆո՚ ամսագրում մենք երիտասարդ ճարտարապետներով բաց զրույց էինք կազմակերպել: Մենք դեռեւս ուսանող կամ նորավարտ տաս ճարտարապետներով ՙթեզեր՚ էինք առաջ բերում, լուրջ դեմքով քննարկում քաղաքի զարգացման եւ պատմական շերտերի պահպանության խնդիրները: Մասնակիցներից մեկն իր երթին ասաց՝ ՙես չգիտեմ` ինչի մասին եք խոսում, ուղղակի էն ինչ կառուցվում է Երեւանում ինձ դուր չի գալիս…՚:

Եվ ես վստահ եմ, որ Երեւանում շատերին գրեթե ոչ մի բան դուր չի գալիս: Ու եթե երկուսով նստենք մեկ գավաթ գարեջրի շուրջ, սկսենք հերթականությամբ գրել, թե վերջին շրջանում կառուցված շենքերից ու շինություններից քանիսն են, որ մեզ դուր են գալիս… հավատա ինձ` չենք հաջողի: Իսկ եթե գտնենք նման մի քանի շենքեր, ավելի խոր ու մասնագիտական առավել խիստ մոտեցման դեպքում կտեսնենք, որ այդ շենքերը նույնիսկ զուտ որպես քաղաքային միջավայրի բաղկացուցիչներ չունեն այն արժեքը, որ արժանի լինեն մեր ցուցակում ներգրավվելու…

Այս ամենը երեւի նորություն չէ ոչ մեկի համար: Իմ կարծիքով, Երեւանի մեծագույն հիվանդությունը, միգուցե, քաղաքային միջավայրի ՙարարման՚ ամենակարեւոր տարրերից մեկի` ինքնաբուխ զարգացման բացակայությունն է: Փորձեմ բացատրել, թե ինչ ի նկատի ունեմ:

Թամանյանը` որպես հայ իրականության մեծագույն ճարտարապետ (որի նման մեծության մասին կերազեր ցանկացած երկրի ճարտարապետական հանրություն)` սկսելով հայկական հանրապետության մայրաքաղաքի ստեղծման գործընթացը, ստորադասեց  մինչ այդ գոյություն ունեցած քաղաքային կառուցվածքը, կերպարն ու առհասարակ քաղաքաստեղծ տրամաբանությունը: Կարող ենք երկար խոսել այդ ժամանակի ՙմոդայիկ՚ քաղաք-այգիների տեսության տարածված կարծիքի մասին եւ այլնի նման միտումների մասին, բայց այս պահին միգուցե դա այդքան էլ էական չէ: Ցավալի է, բայց իր քաղաքաշինական գաղափարները իրականություն չդարձան հենց այդ նույն մտածելակերպի առկայության պատճառով: Իր մահից հետո Երեւան քաղաքի զարգացման համար պատասխանատու ճարտարապետները՝ նրա նախկին աշակերտները,  առիթը բաց չէին թողնում փոփոխություններ կատարելու` համընդհանուր հավանության արժանացած գլխավոր հատակագիծը ստորադասելով իրենց անձնական հավակնություններին (ամենեւին չեմ ցանկանում քննել դրա դրդապատճառները՝ շահադիտական, գաղափարական կամ նեղ անձնական): Գիտե՞ս` այսօր ես տեսնում եմ նույն այդ միտումը:  Հնարավորության սահմանում եթե կա խնդիր  եւ  քաղաքական կամ մեկ այլ տեսակի ու ձեւի ՙկամք՚ կարող են ՙմոռացվել՚ ճարտարապետական կամ ցանկացած այլ տեսակի  հանրային կարծիքի վրա, նույնիսկ հաստատված ու օրենքի ուժ ունեցող գլխավոր հատակագծերը:  Ու սրանով ես գրեթե չեմ քննադատում  որեւէ անհատի կամ խմբի: Սրանում մեղավոր ենք բոլոր, ես, դու, բոլորս, մասնավորապես այն անձնիք որոնք ունեն իրական հնարավորություններ ներազդելու գալիք ճարտարապետական հանրության ձեւավորման գորընթացին: Այսօր այս խնդիրը հատկապես մենք՝ մեր միակ ճարտարապետական դպրոցի ուսումնական պրոցեսում պետք է կարեւորենք ու փոխանցենք այս քաղաքի ապագա կառուցապատողներին:

Եվ այս ամենը հնարավոր է փոխել միայն ու միայն համընդհանուր ու հետեւողական աշխատանքի եւ համերաշխության մթնոլորտում, արմատախիլ անելու համար զոռբայությունն ու քաղքենի մոտեցումը ճարտարապետությունում, ճարտարապետը պետք է հարգի իր նախորդի ստեղծածը՝ պետք է հարգել հարգվելու համար:

Այս ամենը մի օր դադարելու է: Այս ամենը դադարելու է այն օրը երբ համայնքային նշանակության որեւէ նախագիծ հասարակական քննարկմանը ՙէպիլեպսիկ՚ (թող ներեն ինձ բոլոր այն ազնիվ ու հարգարժան անձինք, որոնք այս պայմաններում պայքարում են մեր քաղաքի բնապահպանական խնդիրների վերաբերյալ) կանաչներից ու թաղապետարանի աշխատակիցներից բացի կգա մի ուղղակի սթափ դատող քաղաքացի ու կուզենա ունենալ իր լուման այդ ամենի ստեղծման մեջ: Սրա  մասին մենք դեռ վաղուց էինք մտածում, որ պետք է ստեղծել հասարակական պահանջարկ քաղաքային համընդհանուր ընդունելի գործընթացների ապահովման համար: Այն ժամանակ մեք սա անվանում էինք  քաղաքաշինության, ասել է թե ճարտարապետության ժողովրդավարացում: Ժողովրդավարություն ոչ թե անարխիայի եւ փոքրամասնությունների իրավունքներն անտեղի գերադրման, այլ ժողովրդավարություն բառիս դասական կամ ավելի ճիշտ եւրոպական իմաստով: Երբ քաղաքաշինական եւ ճարտարապետական քաղաքականության մշակողների, իրականացնողներ եւ շահառուների միջեւ կլինի փոխադարձ պատասխանատվության զգացում իրենց արարման իրավունքի իրացման գործընթացում: Այս մեխանիզմի չգոյույթունն է բերում նրան ինչ ունենք մենք այսօր՝ հյուսիսային պողոտա, կասկադի ձախակողմյան հատված եւ այլն:

Օրինակ Հյուսիսային պողոտան կառուցվեց… անցե՞լ ես այնտեղով: Քաղաքային տափաստան է: Հետաքրքիր մի փաստ ասեմ: Մի քանի ամիս առաջ Կիպրոս էի գնացել եւ մեր ճարտարապետ ընկերների հետ այցելեցի Ֆամագուստա քաղաքը, որը մինչ կիպրական հակամարտության սկիզբը հանդիսացել է զբոսաշրջային ամենածաղկուն կենտրոններից մեկը: Հիմա քաղաքի նախկին ակտիվ հունական հատվածը արգելված գոտի է: Մթնշաղին եղանք միջերկրականի ափին: Կիլոմետրերով խավար էր: Միայն թուրք զինվորական պահակակետերն էին լուսավոր կետերի տեսքով նշմարվում: Չես կարող պատկերացնել, տասից ավելի հարկայնության նախկին ծաղկող հյուրանոցներ ու նման բազմաթիվ անավարտ շինություններ լքված ու դատարկ՝ անշնչացած: Շշմեցնող էր (ասում են ճարտարապետներն են միայն օգտագործում այս բառը): Ու պարզվեց որ այս քաղաքին տեղի բնակիչներն անվանում են ՙհոգիների քաղաք՚: Հյուսիսային պողոտան որպես տոտալիտար ճարտարապետության լավագույն նմուշ, որն իրականացվել է ժողովրդավարական քաղաքական եւ շուկայական տնտեսական պայմաններում գրեթե նույնությամբ կրկնում է այդ քաղաքին՝ այնտեղ հոգիներ են վխտում: Այն ժամանակ երբ մենք հյուսիսայինի համար պահանջում էինք  հասարակական քննարկումներ մեզ վրա ծիծաղում էին: Այդ նախագիծը պետք է ավարտվեր դեռեւս մի քանի տարի առաջ: Իսկ հիմա՞ ավարտվել է: Այսօր այն ավելի տխուր ու հակահիգիենիկ վիճակում է քան առաջ էին այն ՙհողաշեն հյուղակները՚… ինչպիսին էր մինչ այդ՝ մինչ մեր Երեւան քաղաքի 17-18-րդ դարերի մի ամբողջ պատմական շերտի վերացումը: Ու ովքեր դրա համար մեղավոր էին, ովքեր հավանաբար մի օր հեռացվելու ու դատափետվելու էին ճարտարապետների կողմից իրենց մեղմ ասած անհեռանկար գաղափարներով, որոնք ինքնակամ հեռացան ու շարունակում են նույն անհաջող փորձարկումները անել ուրիշ քաղաքների գլխին: Ու ցավում եմ որ դեռ ոչ ոք չի ընդունում այդ սխալի առկայությունը, թողնենք մեղավորներին, նրանք անհույս են:

Ինչու՞ ոչ ոք չի ասում ինչու այսօր բնակեցված  չեն հյուիսիային պողոտայի շենքերը: Ինչու են լռում այն 10-12 ճարտարապետները որոնք ժամանակին դեմ էին հյուսիսային պողոտային, բայց նույն տարածքում եւ ուրիշ տարածքներում նույն հյուսիսայինի գաղափարը հղացողներների հետ սկսեցին շենքեր նախագծել:

Նորից հանգում եմ այն մտքին, որ մի քանի անգամ ասել եմ՝ թե այս ամենի համար առաջին մեղավորը մեր կոլեգաներն են: Հիշում եմ, երբ մի անգամ մեր լավագույն ճարտարապետության տեսաբաններից Դավիթ Քերթմենջյանը, երբ երկար քննադատեցինք մեր նշված կոլեգաներին, ասեց չի կարելի այդքան քննադատել: Մեծագույն հարագանքով իր նկատամամբ պետք է ասեմ հենց մենք պետք է լինենք ամենամեծ քննադատները: Ինչպիսիք եղել են ՙկոնստրուկտիվիստներն՚ ու ՙթամանյանականները՚ միմյանց հանդեպ, որոնք այդ պայմաններում են ստեղծել մեր քաղաքային մշակույթի լավագույն կառույցները:

Այսպես երկար կարելի է գրել: Այնքան ցավոտ ենք տանում այս ամենը ինչ կատարվում է մեր շուրջը մեր բոլորի մեղքով:

Այսքան երկար չէի գրի, եթե մենք ավելի հաճախ գրեինք: Գրեինք անկեղծ, ու գնահատեինք անկեղծ: Վերջին շրջանում մասնավորապես ՃՇ-ում հրատարակվող նյութերը ներկայացնում են սահմանափակվոմ դրանով, եւ շատ հեռու են քննարկվելուց: Եթե ի պատասխան որեւէ հոդվածի հաջորդ համարում որեւէ արձագանք չի գտնում, ապա այն մնում է ներկայացման մակարդակում: Մենք ունենք լուրջ: անկեղծ ու բաց քննարկման, որն բնականաբար պետք է լինի թեժ, հասկանալու ու գտնելու համար այն ինչ պակասում է մեզ այսօր, իսկ որ մի բան պակասում է դրանում կասկած գրեթե չկա:


ամենեկին վերջերս ճարտարապետների միությանը անդամակցած
Սարհատ Պետրոսյան


*-Սարհատ Պետրոսյանը ՙՍարհատ եւ ընկերներ՚ ընկերության հիմնադրին է, որը հանդիսանում է Երեւանի Սիրահարների զոբաբայգու բարեկարգման տեղական նախավծային կազմակերպությունը:

Նա դասավանդում է Երեւանի ճարտապարետության եւ շինարարության պետական համալսարանում:






 © 2009 - 2010. Neo ARCH Lab & Sarhat Petrossian. All right reserved. 
6 comments