20-21 դարերի աշխարհիկ ճարտարապետությունը Հայաստանում


Ռուբեն ԱՆԳԱԼԱԴՅԱՆ | Հունիս 6, 2008 | www.168.am
Հայ ժողովուրդը, 1918թ. անկախություն ձեռք բերելով, «ձեռք բերեց» նաեւ իր ճարտարապետին` Ալեքսանդր Թամանյանին: Ի դեպ, նա ոչ միայն մեծ ճարտարապետ էր, այլեւ մեծ քաղաքաշինարար ու մեծ մարդ:

Եվ այսպես, ազգային ճարտարապետություն եւ քաղաքաշինություն ունենալու համար անհրաժե՞շտ է արդյոք ազգային պետություն ունենալ: Անշո՛ւշտ: Առանց դրա անհնարին է հասկանալ, թե ո՞վ է պատվիրատուն տվյալ տարածքում:


Հայերի ինտեգրումը Բյուզանդական, ապա եւ՝ Օսմանյան կայսրություններում իրենց ծիլերը տվեցին. այդ կայսրություններում ճարտարապետներից շատերը հայեր էին, սակայն նրանց ստեղծած ճարտարապետությունը բյուզանդական էր եւ օսմանյան: Եվ այստեղ ոչ մի անարդարություն չկա. առանց ազգային պետության գոյություն չունի համակարգված մոտեցում ազգի մշակութային կյանքի ներսում, չկա ազգային կոլեկտիվ պատվիրատու:


Արեւելյան Հայաստանը, մտնելով քրիստոնյա Ռուսաստանի կազմի մեջ, նոր պայմաններում, այսինքն` 19-րդ դարում եւ 20-րդի սկզբին դանդաղ սկսեց ազգային ճարտարապետության ըմբռնման փորձ կուտակել: Ըմբռնման, ընկալման այս գործընթացը տեւեց գրեթե մի ողջ դար: Եվ ահա պատմական հաջողություն. Ռուսական կայսրության փլուզումից հետո մենք տեսնում ենք, թե ինչպես է երիտասարդ, եռանդուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը, արհամարհելով բոլոր դժվարություններն ու խոչընդոտները, այդ թվում եւ՝ նյութական, կենցաղային ու լեզվական, ընտանեկան ու հոգեբանական (նրա կինը հայուհի չէր), տեղափոխվում է Հայաստան, որպեսզի հարաբերությունների որոշակի համակարգի բերի երկրի մայրաքաղաքը, մյուս քաղաքներն ու գյուղերը` Հայաստանի ողջ տարածքը: Մենք բոլորս դաստիարակված ենք այդ մեծ մարդու եւ մեծ ճարտարապետի ու քաղաքաշինարարի ստեղծածով: Կարեւոր չէ, թե ինչպես ենք մենք նրան վերաբերվում, կարեւոր է ըմբռնել, որ նրա փորձն արդեն դարձել է ազգի փորձը: Ցնցողը միայն այն չէ, որ Թամանյանը նախագծում է Երեւանը` հաշվի առնելով համաշխարհային քաղաքաշինության փորձը, նա նոր էջ է բացում համաշխարհային ճարտարապետության մեջ` «նոր հայկական ոճ»: Հենց նրա ջանքերի շնորհիվ է Պետրոգրադից Հայաստան տեղափոխվում զարմանալի նուրբ, իմաստուն մի մարդ` Նիկոլայ Բունիաթովը (Բունիաթյան), որն էլ դառնում է Երեւանի գլխավոր ճարտարապետը: Հայաստան են տեղափոխվում նաեւ ուրիշ հիանալի ճարտարապետներ, ինչպես, օրինակ, Չիսլիեւը, որը շատ հետաքրքիր գործեր է արել Լենինականում: Միաժամանակ Մոսկվա ուսանելու են մեկնում երիտասարդ ճարտարապետներ: Երեւան վերադառնալով` նրանք ոչ միայն կարողանում էին հարմարվել ու ապրել այստեղ, այլեւ ստեղծում տոնի, փորձարարության մթնոլորտ, որտեղ կար ճարտարապետական գաղափարների թեժ պայքար եւ, ամենակարեւորը, տաղանդ ու մեծ հարգանք, վերին աստիճանի նրբանկատ վերաբերմունք միմյանց նկատմամբ:


Հայ աշխարհիկ ճարտարապետությունը, ինչպես արձակն ու քանդակագործությունը, ինչպես դասական երաժշտությունը, նաեւ գեղանկարչական տարբեր դպրոցների եւ առհասարակ երաժշտության նախադրյալները՝ ի հայտ եկան Առաջին Հանրապետության ստեղծման ժամանակաշրջանում, եւ կայացան Երկրորդ Հանրապետության օրոք: Կարեւոր է հասկանալ, որ ազգի երեւակայության կոլեկտիվ գեղագիտական որոնումները հարկ էր կազմակերպել ազգի եւ տվյալ տարածքի, այսինքն` պետության ներսում, քանզի հենց պետության կառուցումն է ազգի կոլեկտիվ երեւակայության ու կամքի բարձրագույն դրսեւորումը:


Թամանյանի խնդրանքով Հայաստան եկած Բունիաթյանը գլխավորեց Երեւանի ճարտարապետներին, եւ երկիրն ու ազգային արվեստը հնարավորություն ստացան գնահատելու նախկին «արեւելյան» Երեւանը, որը խառնիխուռն կառուցվել էր մինչեւ 1829թ., երբ բերդ-ամրոցը մտավ Ռուսաստանի կազմի մեջ: Պետք էր տեսնել ուրիշ քաղաք, որը դառնալու էր երկրի ծայրամասում որոշակի նախագծով կառուցված կամ վերափոխված քաղաք ստեղծելու փորձ: Այդ քաղաքը կառուցվելու էր մի շարք ճարտարապետների շնորհիվ, որոնք հիմնականում ստեղծագործում էին, այսպես կոչված, «գաղութային ճարտարապետական ոճով»: 1918թ., երբ Երեւանը հռչակվեց Հայաստանի մայրաքաղաք, այն իր ոճով էկլեկտիկ եւ ոգով չափազանց արեւելյան քաղաք էր: Եվրոպական կրթություն ստացած Թամանյանն ու Բունիաթյանը, որոնք ուսանել էին Ռուսաստանի եւ Եվրոպայի լավագույն դպրոցներից մեկում` Պետերբուրգում, վերանայեցին քաղաքի ողջ տեսքը եւ փորձեցին նոր կերպար ստեղծել` չխախտելով Երեւանի կարեւոր «դիմագծերը»: Նոր կերպարը պետք է արտացոլեր հայկական աշխարհիկ ճարտարապետության բազմադարյան ուղին: Բայց որտեղի՞ց վերցնել այդ ոճը. չէ՞ որ այն չէր պահպանվել:


Դա հսկայածավալ նախագիծ էր: Այդ, ինչպես այժմ ընդունված է ասել, Նախագծի իրական մասշտաբները մինչ օրս լիարժեք չեն գնահատվել, քանզի հայկական ճարտարապետությունը 50-ականներից հետո օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով հայացքն ուղղեց դեպի Արեւմուտքի եւ Արեւելքի (Եվրոպայից մինչեւ ԱՄՆ եւ Ճապոնիա` Կորբյուզեից ու Ռայթից մինչեւ Գրոպիուս, Աալտո եւն) էքսպերիմենտալ ճարտարապետությունը: Այստեղից էլ գալիս են նրանց կողմնորոշումներն ու գնահատականները: Այսօր, երբ փորձարարությունը դարձել է նորմա, իսկ ազատությունն ընկալվում է ոչ որպես ամենաթողություն, մենք պետք է գիտակցենք ինչպես Թամանյանի ու Բունիաթյանի, այնպես էլկոնստրուկտիվիստ-ճարտարապետների ողջ մեծությունը, որոնց ջանքերը հնարավորություն տվեցին այսօրվա ու վաղվա ճարտարապետներին դուրս գալու ազգի մշակութային կյանքում ճարտարապետության դերի ընկալման նոր մակարդակի, նաեւ նոր մարդու դաստիարակման:


Երեւանը դարձավ առաջին եւ կարեւորագույն տարածքը, որը հայ ճարտարապետների համար փորձադաշտ հանդիսացավ: Քաղաքը կառուցվում էր ինչպես դաշտավայրային հատվածում, այնպես էլ բարձունքներում, նաեւ այն թաղամասերում, որտեղ կիսաքանդ շինություններ էին: Քաղաքը կառուցվում էր եւ փոխվում, ինչպես փոխվում էին նրա բնակիչները: Քաղաքացիները` քաղաքի բնակիչները, ծնվում էին այդ նոր եւ սեփական ոճն ունեցող քաղաքում` ԽՍՀՄ մայրաքաղաքներից ամենաերիտասարդ ու ամենաարագ կառուցվող այդ քաղաքում: Մյուս կողմից` Երեւանն ազատվում էր այգիներից, ներքնաբակերից` պատիոներից, որ զարդարում էին քաղաքը եւ երեւանցիների երեկոյան զրույցների կարեւորագույն մասն էին կազմում: Երեւանը վերափոխվում էր, եւ այնքան արագ, որ անգամ երիտասարդ ճարտարապետները չէին հասցնում նախագծել եւ երբեմն բավականին հասարակ շենքեր էին ստեղծում: Երեւանի կենտրոնական հրապարակը դարձավ 20-րդ դարի ճարտարապետական գլուխգործոց, որը բացահայտում էր ազգի մեծ ներուժը, նրա հզորությունը: Քաղաքը կառուցվում էր նաեւ ծայրամասային հատվածներում, որտեղ երիտասարդ հեղափոխական ճարտարապետները նոր թաղամասեր էին կառուցում: Հենց այդ 30-ականներին կառուցվեցին հրաշալի շենքեր ու թաղամասեր: Ուզում եմ անպայման նշել Մոսկվայում Հայաստանի Ցուցադրությունների շենքը (Կ.Հալաբյան): Կառուցվեց նաեւ «Մոսկվա» կինոթատրոնի` ԽՍՀՄ-ում առաջին երկհարկանի շենքը: Այն առաջին երկհարկանի կինոթատրոններից մեկն էր անգամ Եվրոպայում: Այս շենքի ճարտարապետությունն ուժեղ զգացմունքներ է արթնացնում: Նրա ճակատամասը ցույց է տալիս, թե որքան ճիշտ ու հարգանքով են ճարտարապետները մոտեցել կինոթատրոն եկող հանդիսատեսին: Նշեմ նաեւ, որ կինոթատրոնի շենքը չափազանց ներդաշնակ է այն հրապարակում, որտեղ գտնվում է. այն համահունչ է տարբեր ոճերով կառուցված այնպիսի շենքերի, ինչպես Նկարիչների միության շենքը, «Երեւան» հյուրանոցը, Ռուսական թատրոնը, Սպորտկոմիտեի եւ ԱՕԿՍ-ի շենքերը, որն, ի դեպ, գաղութային ճարտարապետության փոքրաթիվ պահպանված շինություններից է: Սա չափազանց հետաքրքիր եւ ներդաշնակ փորձ էր, սակայն 1990-ականներին ներդաշնակությունը խախտվեց անհայտ ոճով կառուցված երկու շինությունների պատճառով... Անհարգալից վերաբերմունք, գոռոզամտություն ու ամբարտավանություն. ահա թե ինչ է տեսնում քաղաքացին` նայելով այս նորակառույց շինություններին:


Կոնստրուկտիվիզմի լավագույն օրինակ է Ազգային անվտանգության շենքը, «Մանկական աշխարհը», բավականին լավ... վերակառուցված Օպերայի եւ բալետի թամանյանական շենքը, որը քաղաքի կենտրոնի համար կարեւորագույն նշանակություն ունեցող կառույց է: Այս մոնումենտալ շինությունը քաղաքի տարբեր պարամետրերի գնահատականի մոդուլ է, օրինակ` ճանապարհի եւ մայթերի, մայթերի եւ Օպերայի շենքի, արձանների եւ մարդու, երկու կարեւոր մայրուղիների խաչմերուկ հանդիսացող հրապարակի հարաբերակցությունը:


Հայկական ճարտարապետության «ստալինյան» շրջանն ամենավատը չէր Երեւանի եւ Հայաստանի այլ քաղաքների պատմության մեջ: Այս շրջանի մասին կարելի է որոշակի իմաստով դրական արտահայտվել, քանզի, բացի շինծու, պաճուճազարդ եւ ոչ այնքան հարմարավետ բնակարաններից, այդ շինություններում որոշակի ներդաշնակություն եւ համալիր մոտեցում կա, նաեւ՝ որակով շինարարություն: Սակայն, ինչպես գիտենք, համաշխարհային ճարտարապետությունն այդ ժամանակ շատ առաջ էր գնացել: 60-ականների հայ ճարտարապետները սկսեցին յուրացնել համաշխարհային փորձը, եւ այդ ժամանակահատվածում կառուցվեցին առանձին վերցրած հետաքրքիր ճարտարապետական օբյեկտներ, թեեւ եղան եւ անհաջողություններ: Պահպանողականների անզիջում վերաբերմունքն ու նորարարների անհաշտությունը դարձան ազգային ճարտարապետության դժբախտությունը: Հաջողված նախագծերի շարքում կարելի է նշել Սարդարապատի թանգարանի շենքը, Ապարանի ճակատամարտի հուշահամալիրը (Ռ.Իսրայելյան), Եղեռնի հուշահամալիրը (Ա.Թարխանյան), մետրոյի «Բաղրամյան» կայարանը, «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը: Հետաքրքիր են մտահղացված Կամերային երաժշտության տունը, մետրոյի «Երիտասարդական» կայարանը, Աբովյան փողոցի բնակելի շենքը, որտեղ գտնվում է ճարտարապետ Ս.Քյուրքչյանի կառուցած Մանկական ստեղծագործության կենտրոնը, եւ այլն:


20-ականների կեսերից սկսած` հետաքրքիր շատ շինություններ են կառուցվել նաեւ արդյունաբերության բնագավառում:


Այս ամենը վկայում է, որ աշխարհիկ ճարտարապետության մեջ կան ոչ միայն զարգացման տարբեր ուղղություններ, այլեւ նոր ճյուղեր, ինչպես զբոսայգիների, զվարճանքի վայրերի, լանդշաֆտի եւ այլնի ճարտարապետությունը:


Համաշխարհային ճարտարապետական մտքի ողջ փորձը կարող է պատկանել նաեւ մեզ` հայերիս, սակայն, անկախ այս կամ այն ճարտարապետի տեղեկացվածության աստիճանից, մենք տեսնում ենք, թե ինչքան ցածրաճաշակ ու ցածր ինտելեկտի տեր է պատվիրատուն, որի համար ճարտարապետությունը սկսվում եւ ավարտվում է իր ամբիցիաներով եւ գոռոզամտությամբ, ինչը քրիստոնեությունը մեղք է համարում:


Հայաստանի` որպես երկրի, հայի հայրենիքի զարգացման հետ՝ նրա ճարտարապետական տեսքը, միջավայրի ընկալումը, ճաշակը, հետաքրքրություններն ու գեղագիտական նախասիրությունները կդառնան ավելի նրբաճաշակ եւ որակյալ ո՛չ միայն շինանյութի ընտրության մեջ, այլեւ գեղագիտական տեսանկյունից: Մնում է միայն սպասել այն ժամանակին, երբ ճարտարապետներն ավելի սկզբունքային կլինեն, իսկ պատվիրատուները` ավելի քաղաքակիրթ:



 © 2009 - 2010. Neo ARCH Lab & Sarhat Petrossian. All right reserved. 
Post a Comment