Եկեղեցուն դե՞մ են



Հարցազրույց երիտասարդ ճարտարապետ Սարհատ Պետրոսյանի հետ:

17 մարտ 2010


«Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի պահպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ, երիտասարդ ճարտարապետ, դասախոս Սահրատ Պետրոսյանը նշում է, որ նախաձեռնող խմբի շատ անդամներ նմանօրինակ ակցիաներով հանդես են եկել նաեւ այլ դեպքերում: Հատկապես ակտիվ են եղել Հյուսիսային պողոտայի կառուցման ժամանակ:

-Ինչո՞ւ այս նախաձեռնությունը անհամեմատ ավելի մեծ արձագանք ստացավ:


-Դրա համար թերեւս 3 հիմնական պատճառ կա: Նախ ամառային դահլիճի ճարտարապետական նշանակությունը համախմբել է ճարտարապետների հանրույթի գրեթե բոլոր ներկայացուցիչներին: Երկրորդ որոշիչ պայմանը սոցիալական ցանցերի աննախադեպ ակտիվությունն էր: Ընդամենը 2 օրվա ընթացքում մեզ միացան 2000 հոգի: Այս երկու գործոնները հաստատում էին, որ իսկապես կա հասարակական պահանջ, եւ պետք է պայքարել այդ պահանջը շահագրգիռ կողմերին հասցնելու համար: Երրորդ հարցն այն է, որ այս դեպքում պայքարը ոչ թե շահույթ հետապնդող որեւէ կազմակերպության կամ անհատի, այլ եկեղեցու դեմ է. եկեղեցի, որի մի մասնիկն ենք մենք:


-Ամառային դահլիճն այսօր գրեթե չի երեւում անցորդին, մուտքը փակել են սրճարանն ու ավտոլվացման կետը, դահլիճ մտնելն այսօր արդեն իսկ գրեթե անհնար է: Մինչ Կառավարության այս որոշումը որեւէ քայլ արե՞լ եք իրավիճակը շտկելու ուղղությամբ:


-Կոնկրետ ամառային դահլիճի հետ կապված ոչ մի ակցիա չենք արել: Նման դեպքերը շատ են մեր քաղաքում: Ես պարզապես ուզում եմ, որ հստակեցվի այն հանգամանքը, որ եթե կառույցը ճարտարապետական արժեք ունի, անբարեկարգ վիճակը չպետք է այն քանդելու պատճառ դառնա: Ինչ-որ առումով նույնիսկ լավ է, որ հարցն այսքան թեժացավ, որովհետեւ քննարկման հարցը նաեւ այլ ընթացք ստացավ: Ես համոզված եմ, որ հասարակական նման ակտիվությունը թույլ չի տա, որ հարցն ամփոփվի կառույցը չքանդելու որոշմամբ: Հարցի վերջնական լուծման համար ամառային դահլիճը պետք է վերանորոգել:

Մի ժամանակ, երբ օպերայի շենքի տարածքում էին սրճարաններ կառուցում, ես դեռ ուսանող էի եւ շատ ակտիվ պայքարել եմ: Բայց դա հարցի մյուս կողմն է, որովհետեւ սրճարանի առկայությունը բոլորովին չի նվազեցնում օպերայի շենքի ճարտարապետական արժեքը: Ես կրկնում եմ` կան ճարտարապետական գլուխգործոց եկեղեցիներ, որոնք այսօր ոչնչացման եզրին են, դրանց կարգավիճակը, սակայն, բոլորովին չի նսեմացնում ճարտարապետական արժեքը:

-Պայքարի փորձ ունեցող երիտասարդ եք: Ինչո՞վ է առանձնանում պայքարը, երբ հակառակ կողմում եկեղեցին է: Ի՞նչ բացասական շահարկումների առիթ է դա տալիս:


-Խնդիրը շատ նուրբ է: Այս դեպքում նախաձեռնությունն ընկալվում կամ կարող է ընկալվել որպես հակաեկեղեցական, հակաէջմիածնական ակցիա: Ցավով պետք է նշեմ, որ անգամ նախաձեռնության անդամների շրջանում կան երիտասարդներ, որ առիթն օգտագործում են հակաեկեղեցական իրենց տրամադրությունները տարածելու համար: Մենք ամեն ինչ անում ենք` խմբում քաղաքական եւ հակաեկեղեցական տրամադրությունները սաստելու համար: Facebook-ի մեր էջում ընդգծված ծայրահեղ դիրքորոշումներով մեկնաբանությունները, օրինակ, չենք տեղադրում:


-Ասել է թե` գիտակցում եք, որ նախաձեռնությունը կարող է նաեւ կոնկրետ շահեր հետապնդող ուժերի ձեռքում գործիք դառնալ:


-Իհարկե գիտակցում ենք եւ անում ենք ամեն ինչ` դրանից խուսափելու համար: Կարծում եմ` առայժմ հաջողվում է:


Մանե Մադոյան
 © 2009 - 2010. Neo ARCH Lab & Sarhat Petrossian. All right reserved. 
Post a Comment