Թամանյանը դրամապանակում - 2
   կամ Կառավարության շենքը երազելիս


    Մի քանի տարի առաջ մի հոդված էի գրել "Թամանյանը դրամապանակում" վերնագրով, որտեղ փորձել էի քննել թե ինչպես են Թամանյանի անունը չարաշահելով մի խումբ մարդիկ լուծում իրենց նեղ անձնական ու խմբային խնդիրները։ Ցավոք այն ժամանակ թերթերից ոչ մեկը այդ նյութը չհրապարակեց։

    Այդ մասին չէի հիշի եթե մի քանի օր առաջ չտեղեկանայի, որ Կառավարության շենքի Ալեքսանդր Թամանյանի կողմից նախատեսված գմբեթի գաղափարը իրականացնելու մասին արդեն կա որոշում, ավելին այդ մասին հրապարակում կա ՀՀ Քաղաքաշինության նախարարության պաշտոնական կայքում, որտեղ փոխնախարար Նարեկ Սարգսյանը ասում է՝  "մեծածավալ այս ծրագրի մեկնարկն արդեն տրված է, բայց շինարարական աշխատանքները լայն թափով դեռեւս չեն ընթանում, քանի որ կառավարության շենքի բակում գտնվող կառուցապատվող տարածքից հարկ է նախ ապամոնտաժել եւ դուրս բերել ստորգետնյա ինժեներական տարբեր ենթակառուցվածքները։ Դա կարվի առաջիկա շաբաթների ընթացքում, ապա կսկսվեն հողաշինարարական աշխատանքները։ Ծրագրվում է, որ շինարարությունը մեծ թափով կսկսի արդեն 3 ամսից։" (http://mud.am/htmls/topics/main_1_2/24_02_11.pdf)

    Այս ցնցող նորությունը ստիպեց մի քանի մտքեր գրի առնել, որպեսզի գոնե այս անգամ հնարավոր լինի դադարեցնել հերթական, հայ իրականության խոշորագույն ճարտարապետ մտածողի` Թամանյանի անվան տակ իրականացվող քաղաքաշինական նախաձեռնությունը, որի դրդապատճառները դեռեւս անտեսանելի ու անհասակալի են: Հատկապես որ սա տեղի է ունենում երբ "Մոսկվա" կինոթատրոնի ամառային դահլիճի թնջուկից դեռ մեկ տարի էլ չի անցել ու այն դեռ իր վերջնական իրավական լուծումը չի ստացել, երբ Կաթողիկե եկեղեցու շուրջ աղմուկը դեռ նոր է թափ հավաքում, իսկ Գյումրիում Մինասի որմանանկարների պահպանության եւ Կառավարության շենք չտեղափոխելու համար մտավորականները հերթապահում են նկարների մոտ։ Կառավարության շենքի գմբեթը նույնպես, ինչպես եւ վերը նշվածները, կարող են դասվել Երեւանում տեղի ունեցած վերջին մի քանի տարիներին քաղաքաշինության ու ճարտարապետության ոլորտում կատարված սարսափելի, թույլ ու սխալներով լեցուն գործողույթունների շարքին։

    Փորձեմ մի քանի նկատառումներով ներկայացնել ներկայացված գաղափարի (խուսափում եմ նախագիծ անվանել այն, քանի որ դեռ նախագիծ չեմ տեսնում, առկա նյութերը գրավոր են՝ հիմնականում շատ զուսպ պատկերների համադրությամբ)  բացասական կողմերից մի քանիսը, քանի որ դրանց բազմաթիվ լինելու պատճառով հնարավոր չէ ներկայացնել այն ամբողջությամբ այս հրապարակման սահմաններում։ 

    Երեւանի Հանրապետության հրապարակը այսօր իրենից ներկայացնում է ամբողջական քաղաքաշինական համալիր, ասել է թե մարմին, որտեղ կան առաջնային (դոմինանտ) ու երկրորդական տարրեր, որոնք էլ ձեւավորում են դրա ծավալատարածական հորինվածքը ու քաղաքաշինական միջավայրը։ Չնայած նրան, որ Թամանյանի նախնական գաղափարում Կառավարության շենքը պետք է լիներ հրապարակի գլխավոր շինությունը, սակայն ժամանակի ընթացքում ստացվել է այնպես, որ Ազգային պատկերասրահն է դարձել հրապարակի առանցքը (դրա պատմական դրդապատճառները առանձին քննարկման առարկա են)։ Թամանյանի նախնական գաղափարի իրականացումը այսօր չունի որեւէ քաղաքաշինական հիմնավորում, քանի որ հրապարակում տեղի չեն ունեցել որեւէ էական փոփոխություններ վերջին տարիներին։ Եթե չլինեին Ազգային պատկերասրահի վերին հարկերը եւ ամբողջ հրապարակը իրականացված լիներ թամանյանական նախագծով (ըստ այդ նախագծի Կապի եւ տրանսպորտի նախարարության եւ Արմենիա հյուրանոցի շինություններից յուրաքանչյուրը բաղկացած պետք է լիներ երկու առանձին շինություններից, ԱԳՆախարարության շենքի աշտարակը կառուցված չլիներ եւ այլն) միգուցե նպատակահարմար լիներ քննարկել այդ խնդիրը։ Սակայն այսօր ունենք ամբողջովին այլ առկա իրավիճակ։ Գտնում եմ եթե Քաղաքաշինության նախարարությունը  այս հարցը դիտարկելիս առաջնային պլանում չի քննում քաղաքաշինական խնդիրները, ապա դա մտածելու տեղիք է տալիս եւ հարցականի տակ է դնում նախարարության արհեստավարժությունը։

    Խոսքը գնում է մեր անկախ Հանրապետության Կառավարության շենքի մասին, որտեղ քննման ենթակա է նաեւ պետական կառավարչական շինությունների ժամանակակից ընկալման խնդիրը։ Միգուցե Խորհրդային տարիներին Կառավարության շենքի շեշտումը եւ նրա մոնումենտալ լուծումները ունեին նաեւ գաղափարախոսական, ինչ որ տեղ քաղաքական նշանակության։ Սակայն այսօր ժողովրդավարությունը որպես պետական քաղաքական կառավարման մոդել ընդունած երկրի Կառավարության շենքը, ավելի շեշտվելու ու վեհաշուք լուծումներ ստանալու խնդիր չունի։ Այն այսօր հանդիսանում է պետական կառավարչական շենքերից ամենամարդամոտը հենց իր ճարտարապետական լուծումների շնորհիվ (Նախագահի նստավայրի եւ Ազգային ժողովի շինություններին հետ համեմատության մեջ)։ Կարծում եմ այս խնդրի նման դիտարկումը շատ կարեւոր է։  Գոյություն ունեն ամենեւին վերջերս իրականացված Հայաստանի նման անցյալ ու հնարավորություններ ունեցող երկրներում (Տիրանայի պառլամնետի շենքը, Թիֆլիսում նախագահական պալատը եւ այլն) նման նախագծեր, որոնց քննումը կարող է ավելի պատկերավոր դարձնել այս ամենը։

    Նույն ժողովրդավարական կառավարման շրջանակում, արդյո ՞ք չկա անհրաժեշտություն մեր՝ հարկատուներիս միջոցներով, մեզ պատկանող շինության "վերակառուցման" համար մոտ 10 մլն ԱՄՆ դոլար արժողության աշխատանքներ իրականացնելուց առաջ անցկացնել հանրային քննարկումներ՝ ներգրավելով հասարակության լայն շերտերին, էլ չեմ ասում ճարտարապետական հանրությանը։ Հիշեցման կարգով նշեմ, որ դա նաեւ ՀՀ Քաղաքաշինության մասին օրենքի պահանջն է (Հոդվածներ 12 եւ 13)։ Սա կրպակի տեղադրում չէ Երեւանի ծայրամասում, այլ Հանրապետության գլխավոր հրապարակի գլխավոր շինության հարցն եւ անհրաժեշտ է բավականին խորը ու բազմակողմանի քննարկել բոլոր կողմերից ու տեսանկյուններից, որպեսզի սխալվելու հավանականությունը հասցվի նվազագույնին։

    Ժամանակն է ինչ որ պահի կանգ առնել ու հասկանալ, որ մենք վաղուց սպառել ենք Երեւանում քաղաքաշինության ոլորտում հապճեպ, սխալ որոշումներ ընդունելու ռեսուրեսները։ Նույն գաղափարի ջատագովները, որ մե ՜կ ասում են թե շինարարությունը սկսվել է, մե ՜կ ասում են որ մանրակերտի հետ կարելի է ծանոթանալ ու "քննարկել" ճարտարապետության թանգարանում պետք է հասկանան, որ վերջին տարիների "համարձակ" քաղաքաշինական նախագծերը որեւէ լուրջ քննադատության չեն դիմանում, ներառյալ Իտալական փողոցի բացումն ու կառուցապատումը կանաչի հաշվին, Հյուսիսային պողոտայի պատճառով Երեւանի մի ամբողջ պատմական շերտի ավերումն ու պսեւդո-թամանյական "շենքերով կառուցապատումը" (որն իդեպ "ավարտվել" է երեք տարի առաջ բայց դեռ բնակեցված չէ գրեթե), էլ չեմ ասում Գետառի ու Սարալանջի ճանապարհները, տրամվայի ապամոնտաժումը եւ բազում նման չմտածված ու անփույթ որոշումներ։ Դրանք, բոլորը, արդի քաղաքաշինության ու ճարտարապետության ցայտուն սխալներ են եւ հաճախ մենք ճարտարապետներս ամոթխածությամբ ենք խոսում դրանց մասին մեր արտասահմանյան գործընկերների հետ զրույցներ ընթացքում։ Կարծում եմ Հայաստանի անկախության շրջանի ամենա բաց մտածողության տեր ու թափանցիկ աշխատելու ցանկություն ունեցող Կառավարությունը չպետք է թույլ տա նման խոցելի ծրագրի իրականացումը, հատկապես այսօր։

    Առանձին քննարկման առարկա կարող է հանդիսանալ նաեւ ներկայացված շենքի ճարտարապետական լուծումների քննումը, չնայած նրան, որ առկա է սահմանափակ տեղեկատվություն։ Մեկ անգամ էլ եմ նշում, որ սա իրականում Թամանյանի նախագծի "չնչին փոփոխություններով" տարբերակն է, որտեղ իրականացվել են մի շարք առանցքային փոփոխություններ։ Այն ինձ հիշեցնում է նույն Հյուսիսային պողոտայի թամանյանական նախագծի "համապատասխանեցումը" արդի պահանջներին` մոտ երեք անգամ ավելի բարձր շենքեր ու երկու անգամ նեղ երթեւեկելի հատված քան Թամանյանն էր նախատեսել։ Կարծում եմ սա միայն բավարար է որպեսզի այս նախագիծը մերժվի ու ժամանակավորապես դադարեցվի ցանկացած աշխատանք այս ուղղությամբ։

    Նշեմ նաեւ որ Թամանյանի բազմաթիվ նախագծեր այդպես էլ իրականություն չեն դարձել, ինչպես չեն իրականացել բազմաթիվ ճարտարապետական գաղափարներ մարդկության պատմության ընթացքում, եւ հաճախ հենց հեղինակների վերլուծական մտածողության արդյունքում (եթե ինքնասիրահարվածության բարդույթով չեն տառապում)։ Այս գմբեթի կառուցումը հավանաբար կա ՜մ հենց Ալեքսանդր Թամանյանի, կա ՜մ իր որդու (Գեւորգ Թամանյանի, ով ամբողջացրել է ե ՜ւ այս, ե ՜ւ Օպերայի թատրոնի շենքերը) կողմից նպատակահարմար չի գտնվել ժամանակին։ Այդ մասին չկան տեղեկություններ թե ինչու այն չի իրականացվել։ Հնարավոր է բազմաթիվ թեզեր առաջ բերել, սակայն փաստ է որ այն չի իրականացվել։ Եթե մենք գտնում ենք որ Թամանյանի անխտիր բոլոր գաղափարները պետք է իրականան, ապա անհրաժեշտ է Օպերայի շենքին ավելացնել Լենինի հսկայական արձանը, "վերակառուցել" Հյուսիսային պողոտան, քանդել Ֆրանսիայի ու Ռուսաստանի հրապարակները եւ այլն։ Կարծում եմ այստեղ ակնառու է համառությունն ու խոհեմության պակասը։

    Նաեւ հետաքրքիր է թե ո ՞ր նախագծային կազմակերպությունն է մշակել նշված նախագիծը, կատարել նախագծա-նախահաշվային աշխատանքներ, անցկացրել փորձաքննություն, հաստատել Երեւանի քաղաքապետարանում եւ կատարել օրենքով    նախատեսված այլ գործընթացները այս կարճ ժամանակահատվածում։ Էլ չեմ ասում "ենթակացուցվածքներ տեղափոխող" ընկերության ընտրության եւ այլնի մասին։

    Այսպես կարելի է երկար քննել այս "գաղափարի" թուլությունն ու վիճելի կողմերը:  Կարծում եմ բազմաթիվ մասնագետներ նույնպես կարող են առաջ բերել նոր խնդիրներ, որոնք մատնանշված չեն այս հոդվածում։

    Միայն բացասական շեշտադրումներ չներկայացնելու համար որպես լուծում առաջարկում եմ.
- անցկացնել հանրային քննարկումներ՝ միայն գաղափարի նպատակահարմարության վերաբերյալ,
- ապա դրա շուրջ համընդհանուր կարծիքի ձեւավորման պայմաններում միայն հայտարարել ճարտարապետական գաղափարների բաց մրցույթ, գտնելու համար լավագույն լուծումը՝ ներգրավելով շահագրգիռ բոլոր կողմերին,
- միայն համընդհանուր համաձայնության դեպքում լավագույն գաղափարի հեղինակին պատվիրել Կառավարության շենքի վերակառուցման նախագիծը:
   
    Կարծում եմ սա միակ ձեւն է գտնելու ճիշտ ու պատասխանատու լուծումը: Առհասարակ քաղաքի նման կարեւոր հանգուցային նշանակության խնդիրները, որոնք երկրի այցեքարտ հանդիսացող միջավայր են ձեւավորում, չպետք է մշակվեն ու նախագծվեն պետական պաշտոնյաների կաբինետներում, որոնք կոչված են քաղաքականություն մշակելու՝ ոչ նախագծելու։ Այս մասին նախկինում էլ եմ առիթ ունեցել գրել, երբ ճարտարապետը ստանձնելով որեւէ պետական կառավարչական պաշտոն վճարվում է մեր հարկերի հաշվին, ոչ միայն միայնակ որոշում ընդունելու իրավունք չունի, այլեւ առհասարակ նախագծման իրավունք չունի, քանի որ ճարտարապետական նախագծումը հանդիսանում է ծառայության մատուցում, որի համար վճարվում են, իսկ ինչպես գիտենք պետական պաշտոնյաները որեւէ այլ վճարովի աշխատանք իրականացնելու իրավունք չունեն ՀՀ օրենսդրությամբ (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի)։

    Այս գմբեթի երազային իրականացման ընթացքը մի դրական ազդեցություն է ունենալու։ Այն հնարավորություն է տալիս քաղաքաշինության եւ ճարտարապետության մասին խոսել ավելի շատ, որի արդյունքում միայն հնարավոր է ունենալ ժողովրդավարական  քաղաքաշինական գործընթացներ, որից շահելու են քաղաքն ու դրա բնակիչները։

   
    ճարտարապետ
    Սարհատ Պետրոսյան
    www.sarhat.am 


    Հ.Գ.-Պետական պաշտոնյա-ճարտարապետների օրենքի խախտումների մասին գրել էի նաեւ "Առավոտ" թերթի 30.10.2010-ի համարում, որից հետո եղան վիրավորվածներ: Բայց կասկած չունեմ, որ քաղաքաշինության ոլորտում առկա խնդիրների այն մասը որոնք կարելի է լուծել ճարտարապետական հանրության շրջանակներում թաքնված են հենց այդ փոքրիկ հանգույցի հետեւում։



2009 - 2011 /// Sarhat Petrossian
Post a Comment