Մի քիչ գլխավորճարտարապետության մասին

կամ ինչպես փրկել Երեւանը

Վերջին մի քանի օրերին քաղաքաշինության եւ ճարտարապետության մասին այնքան է խոսվում, որ թվում է թե այս երկրում որեւէ ուրիշ քննարկելու բան չի մնացել։ Իրականում դա արդյունք է շատ երկար ու հետեւողական, սկզբնական շրջանում անարդյունավետ թվացող գործընթացի, որը սկիզբ է առել դեռեւս 2000-ականների սկզբին։ Վերջին շրջանում բուռն քննարկվում է քանդակագործ Չուբարյանի տան բակում կառուցվող բազմահարկի բնակելի շենքն ու Կաթողիկե եկեղեցու մոտ կառուցվող սբ. Աննա եկեղեցին, որոնց ավելի ուշ ավելացավ նաեւ Կառավարության շենքի աշտարակի դարակազմիկ գաղափարը։ Այդ ամենի գագաթնակետը հանդիսացավ Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Միքայել Հասրաթյանի հրաժարականն ու նոր գլխավոր ճարտարապետի՝ Նարեկ Սարգսյանի նշանակումը, որն այդ նույն պաշտոնն էր զբաղեցնում նաեւ նախկինում (1999-2004)։ Երեւանի նոր գլխավոր ճարտարապետ նշանակված Նարեկ Սարգսյանի վերադարձը քաղաքապետարան անակնկալի բերեց բոլորին, «փչացնելով» երեւանցիների ու ճարտարապետական հանրույթի բարձր տրամադրությունը, որոնք դեռ պատրաստվում էին տոնել «Մոսվկա» կինոթատրոնի ամառային դահլիճը երիտասարդական կենտրոնի վերածելու Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը։

Արդյունքները երկար սպասեցնել չտվեցին։ Քաղաքապետի ֆեյսբուքի հիմնականում դրական ու երբեմն նույնիսկ պետական պաշտոնյայի հասցեին ոչ հատուկ հիացական գրառումներին հաջորդեցին ծայրահեղ բացասական ու երբեմն նույնիսկ վիրավորական արտահայտություններ։ Ֆեյսբուքում կրքերը այքան թեժացան որ Քաղաքապետը հատուկ գրառում կատարեց նույն օրը, մասնավորապես ասելով՝ «Վստահ եմ, որ ժամանակը և կատարվող աշխատանքը ցույց կտան, որ գլխավոր ճարտարապետի նշանակման իմ որոշումը ողջամիտ էր ու նպատակային։ Նարեկ Սարգսյանը սիրում է Երևանը ոչ պակաս, քան մեզանից յուրաքանչյուրը, և կարծում եմ մենք բոլորս պետք է իրեն քաջալերենք և բարենպաստ դաշտ ստեղծենք, որպեսզի նա հնարավորություն ունենա իր սերը քաղաքի նկատմամբ դրսևորել։ Եվ այս ամենը, կրկնում եմ պետք է կատարվի ձեր կողմից վերահսկվող դաշտում։ Առաջարկում եմ ձեզ քննարկումները հետաձգել մի քանի ամսով և արդեն հիմնվել կատարված աշխատանքների վրա»։

Չնայած նրան որ այս հայտարարությունից հետո կրքերը դեռ բորբոքվում էին, սակայն մի խումբ Երեւանով ու հատկապես պատմական կերպարով մտահոգ քաղաքացիներ ամեն դեպքում սա համոզիչ թվաց։ Անհավատները կազմակերպեցին Ֆեյսբուքի շրջանակում հարցում, որի մոտ 2000 հարցվածների արդյունքները 90-10 հարաբերության դեմ էին Նարեկ Սարգսյանի գլխավոր ճարտարապետ նշանակվելուն (28.05.2011 տվյալներով)։ Նշանակմանը կողմ քվեարկածների հիմնական մասը կամ Սարգսյանի հարազատներն էին, կամ ինչ որ կերպ առնչվում էին վերջինիս հետ։ Հավանաբար դրանց մեջ կլինեն նաեւ անձինք ովքեր իրականում գոհ են Երեւանում իրականացված կառուցապատումներին։

Ինչեւէ լծվելով հավատով առ Քաղաքապետ հասարակությունը սպասելու է մի քանի ամիս տեսնելու համար նորանշակ Գլխավոր ճարտարապետից տրամագծորեն տարբեր մոտեցումներ։

Ինչպես առիթ եմ ունեցել ասելու նաեւ նախկինում Նարեկ Սարգսյանը, ով ինձ համար (եւ կարծում եմ ոչ միայն ինձ համար) մարմնավորում է Երեւանում քաղաքաշինության ոլորտում մի շարք խոշոր անհաջող ծրագրերի կնքահայր լինելով ինչպես նաեււրպես ճարտարապետի հասարակական դերի մեծագույն հարված հասցրած անձնավորություն, այլեւս չի ունենալու նախկին ազատությունը իրականացնելու նախկին «համարձակ» գաղափարները։ Այսօր եւ հասարակությունը, եւ ճարտարապետական հանրույթը, եւ թե քաղաքային իշխանությունները շատ ավելի հասուն են եւ կազմակերպված։ Սակայն կան մի շարք կարեւորագույն քայլեր որոնք կարող են վերարժեւորել ու ավելի վերահսկելի դարձնել գլխավոր ճարտարապետի դերը որոշումների կայացման գործում։

Առհասարակ գլխավոր ճարտարապետի ինստիտուտը բավականին ժամանակավրեպ հասկացություն է։ Այն որպես ժամանակավոր, անցումային պաշտոն հասկանալի կլիներ, եթե նախկինում, կամ գոնե ապագայում ստեղծվեն քաղաքային միջավայրերի կառավարման համար անհրաժեշտ նորմատիվային ու ծրագրային փաստաթղթերի փաթեթներ, որից հետո միայն դրանց ընթերցման կարողություն ունեցող անձինք կարող են իրականացնել դրանց շրջանակում համապատասխան որոշումների ընդունման գործընթացները։

Սակային հասկանալի պատճառներով թե նախկին գլխավոր ճարտարապետները, թե նման լիազորություններ ունեցող անձինք անցյալում նման նախաձեռնությամբ հանդես չեն եկել։ Նախկին 10 տարիների ընթացքում մշակվել են թե Երեւանի գլխավոր հատակագիծը, թե մի շարք համայնքների գոտիավորման հատակագծերը։ Սակայն դրանք դեռեւս շատ հեռու են քաղաքի կառավարիչներին համար ճիշտ որոշումներ կայացնելու համար այնքան էլ պիտանի լինելուց։ Անձամբ ծանոթ եմ դրանցից մի քանիսին, որոնցում ամրագրվել են նախկին արդեն իրականացված սխալները եւ տվել բազմաթիվ հնարավորություններ ապագայում կրկնելու նման սխալներ։ Դրանցից մեկը հենց քանդակագործ Չուբարյանի տան հարակից բակի թնջուկն է, որտեղ փաստորեն քաղաքային մշակույթի տրամաբնական պահպանության ոգուն հակառակ առաջարկ է արված, իսկ ներկա կառուցապատողը անցնելով նաեւ Գոտիավորման հատակագծի հեղինակներին ջանասիրաբար ցանկանում է այն ամբողջովին կառուցապատել (ըստ Գոտիավորման նախագծի այն Նալբանդյան փողոցին հարող հատվածում պետք է պահպաներ առկա երկհարկանի շինությունն ու վերածել այն մշակութային շինության)։ Այսինքն նույնիսկ այն ոչ ամբողջական եւ ինչոր տեղ արդիականությունը կորցրած փաստաթղթերի կիրարկման համար արդեն կան մի շարք խոչընդոտներ, որոնք հիմնականում պայմանավորված են պետական կառավարչական մարմիններում առկա մի շարք խնդիրներով։

Ելնելով վերոնշյալից, այսօր կա հրատապ կարիք վերանայել ու լայն քննարկման առարկա դարձնել Երեւանին վերաբերող քաղաքաշինական ամբող ծրագրային փաստաթղթերն ու նախագծերը։ Մինչ այդ անհրաժեշտ է նվազագյունին հասցնել, կամ առհասարակ դադարեցնել որեւէ նոր նախաձեռնություն, բացառելու համար նախկին սխալների կրկնությունը։

Օգտագործելով այդ դադարը նաեւ հաշվի առնելով ներկա Գլխավոր ճարտարապետի նկատմամբ հասարակության վերաբերմունքի առաջարկում եմ հատուկ ուշադրություն դարձնել Երեւանի քաղաքապետարանի կազմում գործող Քաղաքաշինական խորհրդի կազմի ընտրության եւ նրան տրվող լիազորություններին։ Նրանում անպայման պետք է արտացոլված լինեն ճարտարապետական հանրույթը՝ հանձնիս այս պահին ամենաներկայացուցչական մարմնի՝ Հայաստանի ճարատարապետների միության անդամների, նաեւ ոլորտի մի շարք այլ հաստատությունների ներկայացուցիչներ՝ ի պաշտոնե։ Նաեւ կարեւոր է Քաղաքաշինական խորհրդի քննմանը ներկայացել ոչ միայն կոնկրետ նախագծեր, այլեւ բոլոր ծրագրային փաստաթղթերը, ինչպես նաեւ մի շարք ընթացակարգեր (քանդման թույլտվության ընթացակարգերը եւ այլն)։ Որպես քաղաքաշինական եւ ճարտարապետական գործընթացներում հասարակության մասնակցության կողմնակից կարծում եմ նպատակահարմար է քաղաքաշինական խորհրդի կազմում ներգրավել նաեւ քաղաքացիական հասարակության, ինչպես նաեւ ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նման փորձ արվել է Երվանդ Զախարյանի պաշտոնավարման ընթացքում, երբ քաղաքաշինական խորհրդի նիստերին էին մասնակցում Կարինե Դանիելյանը (Հանուն կայուն զարգացման ՀԿ) եւ Սոնա Այվազյանը (Թրանսփարենսի ինթերնեյշնլ ՀԿ)։

Նմանատիպ բազմաթիվ առաջարկություններ կարելի է ներկայացնել, որոք կմեղմեն լարվածությունը Երեւանի գլխավոր ճարտարապետի նշանակման շուրջ։ Իհարկե սրա մասին իմաստ ունի խոսել միայն այն դեպքում, եթե իրականությանը համապատասխանում են խնդիրներին նորովի մոտենալու ու թափանցիկ աշխատելու մասին հայտարարությունները։ Միանձնյա, պետական պաշտոնյաների կաբինետներում որոշումներ կայացնելու վտանգների հավասարակշռման համար անհրաժեշտ են վերհսկողական եւ խորհրդատվական մեխանիզմներ մշակել, որոք կօգնեն Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին հավատարիմ մնալ իր որդեգրած աշխատելաոճին եւ մինչեւ որոշումներ կայացնելը ստանալ բազմակողմանի ու ամբողջական պատկերացում խնդրի վերաբերյալ։

Այս ամենը անհրաժեշտ է ընդունել որպես ելակետ քանի որ քաղաքաշինությունը սխալներ չի սիրում, հատկապես որ մենք Երեւանում սխալների քանակի ու ընդվգրկման պակաս չունենք եւ արդեն վաղուց սպառել ենք սխալվելու համար անհրաժեշտ ռեսուրսները։ Իսկ եթե մեզ համար կարեւոր է «փրկել» Երեւանը գլխավոր ճարտարապետի միաձնյա կառուցապատումից, ով կարծում է թե «Երեւանը գյուղաքաղաք է եւ պատմաճարտարապետական առումով լուրջ արժեք չներկայացնող», անհրաժեշտ է հենց այսօր գործի անցնել («Առավոտ» օրաթերթ, 233 (2367) 17.12.2004թ.):

Կարծում եմ կարիք չկա սպասել մի քանի ամիս։ Մի քանի շաբաթն էլ բավարար է գտնել անհրաժեշտ քանակով մասնագիտական արժանիքներ ու քաղաքացիական դիրքորոշում ունեցող 20 քաղաքացի ներգրավելու այս գործընթացներում ու սկսել Երեւանի քաղաքաշինական խնդիրներին նորովի մոտենալու մի նոր էջ։


ճարտարապետ, քաղաքաշինարար
Սարհատ Պետրոսյան
www.sarhat.am



© 2009 - 2011 /// Sarhat Petrossian
Post a Comment