Մոտ է ժամանակը, երբ իշխանությունները հաշվի կնստեն հասարակության հետ

Անհեռատես քաղաքականության հետևանքով Երևանի պատմամշակութային և ճարտարապետական ժառանգությունն այսօր հայտնվել է մասնավոր սեփականատերերի ձեռքում: Եվ եթե «Վերահսկվում է պետության կողմից» կնիքի շնորհիվ դեռ ինչ-որ բան պահպանվել է` անկասկած մի օր դրանք էլ ինչ-որ հնարքով կսեփականաշնորհվեն` հանձնվելով որևէ ձեռներեցի քմահաճույքին: Իսկ թե ինչ կլինի հետո` արդեն հայտնի է: Տխուր նախադեպերը մեր աչքի առաջ են: Մեր հյուրն է ճարտարապետ, քաղաքաշինարար Սարհատ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ:

- Չնայած Երևանի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում» ընդգրկված շինություններն ազգային սեփականություն են, այսօր դրանց մի մասն այլևս գոյություն չունի, մյուսներն էլ կործանման եզրին են: Ո՞վ է պատասխանատու այդ կամայականությունների համար:
- Պատմական հուշարձանների դեմ ոտնձգությունները մեծ թափ առան հատկապես Հյուսիսային պողոտայի կառուցապատման ժամանակ, երբ շինությունների պահպանման համար իրավական հենք չկար: Ճիշտ է` օրենք գոյություն ուներ, սակայն այն հղում էր կատարում կառավարության որոշմանը, որն էլ «չեզոքացնում» էր այդ օրենքի իրավական ուժը: Օրենքն ընդունում էր Ազգային ժողովը, սակայն ցուցակը հաստատում էր Հայաստանի կառավարությունը, և ցանկացած պահի այն կարող էր փոխվել: Իսկ եթե շենքը ցուցակից հանվում է` այլևս չի ենթարկվում օրենքին և կարող է կամայականությունների զոհ դառնալ: Նման իրավիճակ էր ստեղծվել «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի դեպքում: Այն ընդգրկված էր հուշարձանների ցանկում, բայց մի գեղեցիկ օր կորցրեց այդ կարգավիճակը և դարձավ խոցելի: Բարեբախտաբար այն հնարավոր եղավ փրկել, թեև մինչ օրս կինոդահլիճը հուշարձանների ցանկ չի վերադարձվել:
Հուշարձանների պահպանությունը ՀՀ մշակույթի նախարարության իրավասությունն է, և օրենքը պահանջում է, որ նախարարության կազմում փորձագիտական մարմին ստեղծվի, որն էլ կորոշի, թե որ շենքերը կարող են հուշարձան համարվել, որոնք ոչ, կցուցակագրի դրանք, այնուհետև կներկայացնի հասարակության և անկախ մասնագետների խորհրդի դատին: Եվ միայն այս երեք մարմինների փորձագիտական եզրակացությամբ այդ հուշարձանների ցուցակը կամբողջանա: Բայց որոշումները շարունակում են կայացնել հատուկենտ մարդիկ, և զարմանալի է, որ մշակույթի նախարարության համապատասխան մարմինները, որոնք պատասխանատու են նշված ցանկում ընդգրկված շինությունների պահպանման համար, իրականում անզոր են իրենց առաքելությունն իրագործել: Եթե հարկ է լինում այս կամ այն շենքը տվյալ տարածքից վերացնել` վճռորոշ խոսքը քաղաքային իշխանություններինն է լինում, և բոլորովին կապ չունի` այդ շենքը պետության կողմի՞ց է պահպանվում կամ ներառվա՞ծ է հուշարձանների պահպանության ցանկում: Զավեշտալին այն է, որ այդ ցանկում ներառված շատ շինություններ այսօր չկան, այնինչ դուրս բերված էլ չեն այնտեղից: Նշանակում է` քաղաքային իշխանությունների ձեռքերն այնքան են ազատվել, որ նրանք կարող են անգամ առանց կառավարության համապատասխան որոշման` «հարկ եղած դեպքում» ոչնչացնել պատմական և մշակութային առումով արժեքավոր համարվող ցանկացած շենք:
Ամենացայտուն օրինակը որմնանկարներով հարուստ Սպայի տունն էր, որը հիմնովին ոչնչացվեց և քանի տարի է` գոյություն չունի, թեև դեռ ընդգրկված է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում»: Նույն բախտին են արժանացել Սպայի տան հարևանությամբ կառուցված Գիլանյանի լիմոնադի գործարանի շենքը, 1883 թ. կառուցված Ջանփոլադյանի թատրոնը, որտեղ առաջին անգամ բեմադրվել է «Անուշ» օպերան: Այդ հասցեում եղել են ամառային տնակներ, որտեղ ապրել է Խաչատուր Աբովյանը և բակում կաղնու ծառ տնկել: Այսօր ուզում են նույն խաղը խաղալ Աֆրիկյանների տան գլխին: Մենք կորցրինք և կորցնում ենք ոչ միայն առանձին պատմական հուշակոթողներ, այլև մի ամբողջ պատմական թաղամաս` պատմական շերտ: Եվ եթե ժամանակին կարող էինք ասել, թե Երևանը 200 կամ 300 տարվա ճարտարապետություն է ունեցել, հիմա այնպիսի տպավորություն է, թե քաղաքը եղել է Թամանյանից հետո, քանի որ նախաթամանյանական հատուկենտ շինություններ են դեռ պահպանվել:

- 10 տարի առաջ ստեղծվեց «Հին Երևան» թաղամասի նախագիծը, որի համաձայն Աբովյան, Կողբացի, Արամի և Բուզանդ փողոցների տարածքում պետք է վերականգնվեին Երևանի 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի ճարտարապետության լավագույն նմուշները: Փոխարենն այդ մասում այսօր վեր են խոյանում բազմահարկ «էլիտարկաները»:
- Այսօր հիմքեր կան մտածելու, որ այդ նախագիծն ընդամենն աչքկապոցի էր, քանի որ նախ` այն սկիզբ առավ քաղաքային իշխանությունների վրա հանրային և հասարակական ճնշումներով, ապա փոխհամաձայնության գալով` որոշվեց, որ քաղաքի կենտրոնում կկառուցվի հին Երևանը հիշեցնող մեծ թաղամաս, ուր կամբողջացվեն պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ ձեռք բերած և ապամոնտաժված 20 շինություններ: Այդ ժամանակ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակին» կից ստեղծվեց ապամոնտաժման և տեղափոխման ենթակա 15 շինությունների ցանկը, որի մեջ մտան գլխավոր պողոտայի շենքերը: Իրականում «Հին Երևան» թաղամասի գաղափարը նոնսենս էր, քանի որ եթե փողոցի մի կողմում պահպանվում են մեկ կամ երկու հարկանի պատմական շենքեր, իսկ մյուս կողմում կառուցվում են այսօրվա երկնաքերները` աղավաղվում է պատմական միջավայրը, որում պետք է գոյատևեն հնաոճ շինություները: Փաստորեն` դրանք կորցնում են իրենց արժեքը: Բայց շինությունները փրկելու համար մենք` մի խումբ մասնագետներ, հասարակությունն այդ համաձայնությանը գնացինք և փաստորեն խաբվեցինք: Իշխանությունները դրանով ընդամենը ժամանակ և մեծ գումարներ շահեցին:
Այդուհանդերձ գաղափարը կյանքի կոչելու համար որոշ քայլեր արվեցին` շենքերի քարերը համարակալվեցին և ապամոնտաժվեցին: Քաղաքային իշխանությունների հավաստմամբ այդ շինությունների ապամոնտաժված բեկորները պահ են տրվել կառուցապատողներին: Քաղաքապետարանը կառուցապատողի առաջ պայման է դրել, որ նա պատասխանատու է շենքի համարակալման, ապամոնտաժման, պահպանության և հետագայում պետությանը վերադարձնելու համար: Բայց այդ քարերը հնարավոր չէ վերականգնել, քանի որ նախ` շենքը քանդելիս վնասվել են և հետո` պահպանման ոչ պատշաճ պայմաներում երկար մնալով` քայքայվել են: Շատ ընկերություններ էլ, որոնց քարերը պահ են տրվել, լուծարվել են, քարերն ումի՞ց պետք է պահանջեն: Այսօր հավաստի տվյալներ կան, որ մի քանի ապամոնտաժված շինություններ, դրանց համարակալված քարերը հողին են հավասարվել: Ո՞վ է պատասխանատու այս ամենի համար: Բնականաբար` ոչ կառուցապատողը, քանի որ եթե քաղաքային իշխանությունները, ճարտարապետները, հասարակությունը չեն արժևորում իրենց ունեցածը` ինչ իրավունքով պետք է մեղադրեն մասնավոր ընկերությանը:

- Կարծում եք` քաղաքում տեղի ունեցող հակամշակութային «արշավը» դիտավորությա՞ն, թե չհասկանալու, չգիտակցելու հետևանք է:
- Դրա համար կան մի քանի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Խորհրդային տարիներին այն մտայնությունն էր տարածված, թե Երևանը մինչ խորհրդային կարգերի հաստատումը գյուղաքաղաք կամ գավառական քաղաք է եղել: Այդ ընկալումով են մեծացել ճարտարապետների մի քանի սերունդ, և Երևանի 19-րդ դարի պատմաճարտարապետական ժառանգությունը մասնագիտական առումով չի արժևորվել: Եվ այն մարդկանց, ովքեր բնակվում էին այդ շենքերում` սկսած 1920-ական թվականներից, միշտ հավատացրել են, թե իրենց բնակեցրած շենքը «պլանի տակ» է և մի օր քանդվելու է: Այդ մարդիկ էլ` նորից մի քանի սերունդ, չեն հետևել իրենց տանը, հոգատար չեն եղել. հենց որ տան պատշգամբը պոկվում էր` չէին ամրացնում, քանի որ մտածում էին` իմաստ չունի, շուտով շենքը քանդելու են: Այդ մտածելակերպը 18-19 դդ. Երևանի պատմաճարտարապետական առումով արժեքավոր շինությունները հասցրեց այսօրվա տխուր վիճակին: Եթե դրան ավելացնենք Երևանի քաղաքաշինության ոլորտի կոռումպացված լինելը` տեսանելի կդառնան այսօրվա հակամշակութային գործունեության պատճառները: Հետևանքը` արդեն 50-ի հասնող պատմամշակութային, ճարտարապետական հուշարձանի կարգավիճակ ունեցող շինությունների և մի ամբողջ քաղաքային պատմական թաղամասի կորուստն է:
Եվ այդ գործընթացը շարունակվում է: Մենք արդեն ձեռք ենք բարձրացնում թամանյանական ժառանգության վրա` քննարկման առարկա է դարձել չարաբաստիկ գմբեթը և բազմաթիվ թամանյանական կեղծ ծրագրեր, որոնք «կոչված» են աղավաղելու քաղաքի դեմքը: Վիճարկվում է նաև մետրոյի Հանրապետության կայարանի վերին հատվածում հյուրանոց կառուցելու հարցը: Զարմանալի է, թե ինչո՞ւ մետրոյի այդ կայարանը հուշարձանների ցանկի մեջ չէ, չէ՞ որ ժամանակակին եղել է: «Հրազդան» մարզադաշտը, որը Երևանի խորհրդանիշներից է, ևս դուրս է մնացել այդ ցանկից, և մարզադաշտի կողքին անօրինականորեն շենք է կառուցվել:

- Քաղաքում կատարվող անօրինականությունները մի՞թե չեն կարող դառնալ հիմք մեղավորներին դատական պատասխանատվության ենթարկելու համար, նույնիսկ եթե դրանում մեղավոր են քաղաքային իշխանությունները:
- Եթե չեմ սխալվում` բողոքելու իրավունք ունեն միայն շահառուները: Ի վերջո դատարանները լի են նման հայցադիմումներով ու ընթացք տրված գործերով, սակայն դրանց վերջը չի երևում:
Ճիշտ է` երևույթին դատարանով նոր հնչողություն ես տալիս, բայց այն միջոցները, էներգիան, որոնք պետք է վատնես դատական քաշքշուկների համար և դեռ պարզ չէ` գործի ելքն ինչպիսին կլինի, նախընտրելի է ծախսել հասարակության քարոզչության համար: Դրանք ավելի ներգործուն են: Ապացույցը «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի պահպանումն է, նաև Վիշապների այգում նախատեսվող շինարարության ընդհատումը: Առայժմ դադարեցված են նաև գմբեթի շինարարությունը, Աֆրիկյանների շենքի ապամոնտաժումը: Իշխանությունները հասկացել են, որ հասարակության մի զանգված կա, որն ունի անհրաժեշտ կամք, գիտակցություն և ազդեցիկ լծակներ, որոնցով կարող են ներազդել ապօրինությունների դեմն առնելու վրա: Գուցեև մոտ է ժամանակը, երբ իշխանությունները հաշվի կնստեն հասարակության հետ: Վերջիվերջո իշխանությունը մեր թշնամին չէ, իշխանական այրերը ցանկանում են, որ քաղաքը համաշխարհային բնականոն զարգացումից հետ չմնա: Պարզապես նրանց թիվ մեկ սխալն այն է, որ ականջալուր են լինում իրենց խորհրդատուներին, ովքեր սրտացավ չեն քաղաքի ու բնակիչների հանդեպ: Այդ խորհրդատուներից ձերբազատվել է հարկավոր: Նրանք հեղինակազրկում են նաև իշխանութուններին` իրենց անփույթ, ոչ գրագետ խորհուրդներով: Մեր ուղերձն իշխանություններին այն է, որ մինչև խորհրդատուներին լսելն ու որոշումներ կայացնելը լսեն նաև մեզ` մասնագետներին, հասարակությանը, ովքեր ֆինանսական շահ չունեն և կարող են օբյեկտիվ կարծիք հայտնել` մանավանդ որ դա է պահանջում քաղաքաշինության մասին օրենքը: Եթե մենք իսկապես հավակնում ենք մեր մշակույթով ներկայանալ աշխարհին, մեր երկրում զարգացնել զբոսաշրջությունը, պետք է մտահոգվենք պատմական, մշակութային արժեքների պահպանման մասին: Հայաստանում զբոսաշրջության զարգացումը պատմամշակութային ուղղվածություն պետք է ունենա, Հայաստանն այլ գրավիչ նախադրյալներ դրա համար չունի:
Երևանի իշխանություններն այդպես էլ հասու չեղան, որ եվրոպական մայրաքաղաքներն այդքան պահանջարկ ունեն զբոսաշրջիկների շրջանում իրենց պատմական թաղամասերի ու շինությունների, ոչ թե ժամանակակից ճարտարապետաշինական մշակույթի շնորհիվ:

Հեղինակ՝ Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆ
Հղումը՝ http://www.sobesednik.am/am/social/877-2011-09-24-07-41-53

© 2009 - 2011 /// Sarhat Petrossian
Post a Comment