Քաղաքաշինությունը կոռումպացված համակարգ է

Հարցազրույց քաղաքաշինարար, ճարտարապետ Սարհատ Պետրոսյանի հետ

- Վերջին տարիներին մայրաքաղաքի տեսքը քաղաքաշինության հետեւանքով, հատկապես կենտրոնում, այնպես է այլակերպվել, որ չգիտենք՝ սրան Երեւա՞ն անվանենք, Արեւե՞լք, թե՞ Արեւմուտք: Բոլորս դժգոհում ու ափսոսում ենք մեր քաղաքի աղճատման համար, բայց կոնկրետ չենք նշում, թե ինչի հետեւանք է նման մոտեցումը:


- Առկա իրավիճակն արդյունք է սկզբնական շրջանի անկազմակերպ կառավարման, որը հետագայում երկու զուգահեռ ուղղությամբ զարգացավ: Մեկը ստեղծեց միջին կարգի՝ ոչ լավ, ոչ վատ, օրենսդրական եւ ենթաօրենսդրական ծրագրերի փաստաթղթեր՝ միջին կարգի մասնագետների կողմից, ովքեր, դատելով նրանց գործելաոճից, հստակ չեն տիրապետում խնդրին:

Մյուսը կոռուպցիա կոչվածն է, որը հատկապես ճարտարապետության ու քաղաքաշինության ոլորտում ենթադրում է հսկայական տնտեսական լծակներ: Այս պահին տպավորություն ունեմ, որ բոլոր կողմերի մոտ կա քաղաքական պատրաստակամություն՝ այլեւս այդպես չաշխատել. հատկապես Երեւանի քաղաքապետի գործելաոճում եմ տեսնում այդ ցանկությունը:

Սակայն այն անցյալը, որ ունեցել է այս ամբողջ գործընթացը, եւ դրա շուրջ կայացած համակարգն ու այն մարդիկ, ովքեր դերակատար են եղել, դրանց միջավայրում անկարելի է ինչ-որ բան փոխել:

- Մեր երկրում կարծես քաղաքական կամքի դրսեւորում միշտ էլ կա, սակայն համակարգն այնպիսին է, որ կամքն ընդամենը մնում է դրսեւորված եւ երբեք գործնականում չի կիրառվում: Օրե՞նքն է մեղավոր, թե՞ նրա հետ զավեշտով վերաբերվողները, որոնք շատ են եւ ժայռի պես ամուր:

- Քաղաքական եւ քաղաքացիական կամքը շատ կարեւոր է, բայց դեռ ամբողջը չէ. այսօր էականորեն պետք է ձերբազատվել նախկին ավանդույթներից: ՀՀ օրենքներում կան բազմաթիվ լծակներ, որոնք կարող են այս ամենի վրա էական ազդեցություն ունենալ, բայց, ցավոք, քաղաքական ռեսուրսները չեն օգտագործվում չիմացության եւ չցանկանալու հետեւանքով:

Հակառակ դեպքում կբացառեին հրապարակում գմբեթ դնելու գաղափարը, արդեն հասունացող Հրազդան ստադիոնի ավտոկայանատեղիում առեւտրական կենտրոնը, որոնք հակասում են Երեւանի գլխավոր հատակագծին եւ «Հուշարձանների մասին», «Քաղաքաշինության մասին» օրենքներին: Մի ամբողջ սխալների շարք է ընթանում:

Եթե ցանկություն կա այդ ամենը փոխելու, նախ պետք է ձերբազատվել այն անձանցից, ովքեր պատրաստ չեն աշխատելու քաղաքական բարի կամքի առկայության պայմաններում: Երկրորդ ամենակարեւոր եւ շոշափելի արդյունք տվող լուծումն այն է, որ անհրաժեշտ է հասարակությանը տալ լծակներ այս ամենին տիրապետելու համար:

ՀՀ օրենքները նույնպես պահանջում են, որ բոլոր քաղաքաշինական ծրագրերն ու փաստաթղթերը լինեն բաց եւ մատչելի հասարակության ցանկացած խավի համար: Դրանք այսօր չինովնիկների դարակներում փակ են, եւ նույնիսկ մենք՝ ճարտարապետներս, չենք կարողանում ուսումնասիրել, որն էլ իր հերթին հսկայական կոռուպցիոն ռիսկեր է իր մեջ ներառում:

Բաց աշխատաոճով, հասարակությանը եւ ճարտարապետական հանրությանը մատչելի դարձնելով՝ հնարավոր է ինչ-որ կերպ այս տխուր գործընթացի վրա ազդեցություն ունենալ:

- Փաստորեն, պատասխանատու մարդիկ իրենց ծրագրերով օրենքից դո՞ւրս են գործում, ինչի հանցավոր հետեւանքն էլ այսօրվա Երեւանն է, որը ոչ միայն չի դատապարտվում, այլեւ համառորեն շարունակվում է:

- Փաստաթղթերն իդեալական չեն, սակայն էականորեն կարող են ավելի լավ արդյունքներ տալ, եթե դրանք օգտագործվեն: Իսկ կոռումպացված մարդիկ, ովքեր արգելք են ինֆորմացիայի բաց լինելուն, վերահսկում են ոլորտը եւ թույլ չեն տալիս նոր մարդիկ ներգրավել այս գործընթացում, խոչընդոտում են ճիշտ զարգացումները: Գրեթե վատահ եմ, որ եւ Հայաստանի բարձրագույն իշխանության, եւ անձամբ քաղաքապետի կողմից կա ցանկություն՝ նման խնդիրներ չունենալ մեր քաղաքում:

Բայց մենք անընդհատ խնդիրներ ենք ունենում: Հարց է ծագում՝ ինչո՞ւ: Ովքե՞ր են խորհուրդ տվողները, ո՞ւմ է վստահվում այս որոշումների համար խորհրդատվական գործընթաց իրականացնելը: Վերջին 6 ամսում վկան եղանք 3-4 ոչ հաջող, անընդունելի քաղաքաշինական նախաձեռնությունների: Համոզվելու համար, որ դրանք անընդունելի են, պետք է մեկ անգամ բացել «Երեւաննախագիծ» ինստիտուտի մշակած Կենտրոնի գոտիավորման հատակագիծը, որը պատվեր է Երեւանի քաղաքապետարանի կողմից:

- Որքանո՞վ է այսօր անհրաժեշտ ունենալ քաղաքաշինության խորհուրդ, Երեւանի գլխավոր ճարտարապետ, որոնց ձեռքով էլ հենց իրականացվում է այս անօրինականությունների շղթան:

- Այդ երկու կառույցն էլ աննպատակահարմար է պահել, աշխարհում նման պաշտոններ չկան, դրանք ժամանակավրեպ հասկացություններ են: Դրանք կարող են լինել անցումային գործընթացներ, մինչեւ ստեղծվի օրենսդրական դաշտ, հարթակ, որն էլ արդեն կա, պարզապես պետք է զարգացնել՝ համապատասխանեցնելով ժամանակակից պահանջներին:

Այն մարդիկ, ովքեր ընդգրկված են այդ խորհուրդներում, նրանց մեծ մասը ծանոթ չէ այն փաստաթղթերին, որոնց հիման վրա զարգանում է մեր քաղաքը: Փոխարենը՝ պետք է լինեն պրոֆեսիոնալ մակարդակով մշակված ծրագրային փաստաթղթեր, դրանք կոչվում են գլխավոր հատակագծեր եւ գոտիավորման հատակագծեր: Աշխարհը դեռեւս ավելի արդյունավետ մեխանիզմ չի մշակել:

Ինֆորմացիան պետք է բաց լինի, որպեսզի ամեն ոք իմանա՝ որտեղ ինչ է թույլատրվում կառուցել եւ ինչ չի թույլատրվում, որից հետո քաղաքապետարանը շինարարության թույլտվություն կտա: Այսինքն՝ կոոռուպցիան կազմաքանդվում է: Իսկ կոոռուպցիան այսօր ճարտարապետության ոլորտում նաեւ պատվերների բաշխման ձեւով է իրականացվում: Այսօր քաղաքաշինության նախարարությունում հիմնական քաղաքաշինական նախագծերը մշակում են 2-3 ընկերություն: Հսկայական գումարներ են ծախսվել վերջին 5-10 տարվա ընթացքում քաղաքաշինական փաստաթղթերի մշակման համար, եւ այդ միլիոնավոր դոլարների փաստաթղթերը, որոնք պետք է բացառեին անօրինականությունները, ստեղծվել են մեր հարկերի հաշվին, դրանց չիրագործելն ափսոս է նաեւ այդ տեսանկյունից:

- Եվ հասարակությունը, եւ Ճարտարապետների միությունը իրենց բողոքի ձայնն են բարձրացնում: Պայքարի այդ միջոցն արդյունք տալի՞ս է, թե՞ աղմուկն անցնելուց հետո էլի իրենցը կանեն:

- Մեծագույն արդյունք տվեց հասարակության ճնշումը, եւ այսօր վկան ենք մի շարք նախաձեռնությունների կասեցման: Կա ուժեղ հասարակության ազդեցություն, եւ կա քաղաքային իշխանություն, որն սկսում է լոյալ վերաբերվել քննադատությանը: Էլի մի քիչ, եւ ամեն բան կընկնի իր տեղը: Այդ վերջին քայլի համար անհրաժեշտ է շարունակել նույն տեմպով եւ ձերբազատվել հատկապես այն մարդկանցից, ովքեր ազդեցություն ունեն ոլորտում:

- Կառավարության շենքի վրա գմբեթ կառուցելու նախաձեռնությունը կարծես ձգձգվում է: Հանրության ճնշման արդյունքում հրաժարվո՞ւմ են, թե՞ ժամանակ են շահում:

- Որեւէ պաշտոնական տեղեկություն չունեմ, որ կասեցվել կամ հետաձգվել է: Հանրային հեռուստատեսությամբ հնչեցրած վերջին անհոդաբաշխ եւ զուտ քարոզչական նշանակություն ունեցող հայտարարությունները, որ սկսվելու է շինարարությունը, որեւէ հիմք չունեն: Կարծում եմ՝ բոլոր կողմերն այնքան խելամիտ կգտնվեն, որ այդ գաղափարը կթողնեն հենց գաղափարի մակարդակով:

- Նարեկ Սարգսյանի վերադարձն ինչո՞վ է պայմանավորված, ո՞ւմ է ձեռնտու: Չէ՞ որ հենց նրա՝ Երեւանի գլխավոր ճարտարապետ եղած ժամանակ են կառուցվել մի շարք շենք ու շինություններ, որոնք քաղաքաշինության տխուր օրինակներ են:

- Չեմ կարող ասել քաղաքական որոշման դրդապատճառները, բայց որ Նարեկ Սարգսյանը մասնագիտական կարողություններ եւ տարողություն չունի այն ամենով զբաղվելու, ինչն ինքն է անում, միանշանակ է: Նախապես պետք է հաշվի առնեին հասարակության վերաբերմունքը նրա ճարտարապետական գործունեության նկատմամբ, մի քիչ մտածեին դրա շուրջ ու նոր միայն քաղաքական որոշում կայացնեին: Արդյունքը երկար սպասել չտվեց՝ նրա նշանակվելուց հետո մեկը մյուսի հետեւից անընդունելի գաղափարներ առաջ քաշվեցին: Այսօրվա բոլոր վիճելի նախաձեռնությունները վերջին վեց ամիսների գործունեության հետեւանք են:

Որպես նախկին քաղաքաշինության կոռումպացված համակարգում մեծ դերակատարում ունեցած մարդ, պետք է որ բավականին ընդունելի լինի տնտեսական մեծ շահեր հետապնդող կազմակերպությունների կողմից, քանի որ հենց նրանց շահերն է ներկայացնում: Փոխարենը երբեւէ չի ներկայացրել քաղաքացու, երեւանցու շահերը՝ սկսած Հյուսիսային պողոտայից եւ մյուս բոլոր նախաձեռնություններից:

Քաղաքական որոշում կայացնելիս, ենթադրում եմ, որ լուրջ դերակատարություն է ունեցել մեծ բիզնեսի շահագրգռվածությունը նման «համարձակ» չինովնիկ ունենալու համար, եւ մենք այսօր տեսնում ենք դրա արդյունքը: Բացի այդ, այսօր Երեւանի գլխավոր ճարտարապետը, որպես պետական չինովնիկ, իրավունք չունի զբաղվելու որեւէ նախագծային աշխատանքով, բայց զբաղվում է, եւ դա հանդուրժում ենք եւ մենք, եւ իշխանությունը:

Սակայն այս գործընթացն այսօր արդեն խորանում է, նույնիսկ ստեղծվել է Երեւանի գլխավոր ճարտարապետի մամուլի խոսնակի ինստիտուտը, ու հանրային քննարկումներին ուղարկում է իր մամուլի խոսնակին։ Այդպես եղավ մի քանի օր առաջ Հանրային խորհրդում քննարկման ժամանակ։ Սա ամենաթողության ու անպատասխանատվության գագաթնակետն է։

- Ինչպե՞ս վարվենք եղածի հետ, եւ ի՞նչ կարելի է անել, որպեսզի  չշարունակվի այս ինքնաբավ քաղաքախայտառակությունը:

- Այս պահին պետք է դադարեցնել Երեւանի կենտրոնում ցանկացած տեսակի նոր շինարարության թույլտվություններ. սա թիվ մեկ խնդիրն է: Դրանով կենտրոնը փրկում ենք այլանդակումից եւ զարկ ենք տալիս արվարձանների զարգացմանը: Սա պարզագույն լուծում է. ուղղակի ցանկություն է պետք:

Կենտրոնում պետք է հատուկ ռեժիմ սահմանվի ցանկացած տեսակի շինարարական գործողությունների համար, այսօր հատկապես վտանգի տակ է Երեւանի կենտրոնը: Եվ պետք է անկախ փորձագետների կողմից այս ամբողջ փաթեթը, ոլորտը վերանայվի:

Ստեղծվի անկախ փորձագիտական մարմին, որը կուսումնասիրի քաղաքաշինության ոլորտում խնդիրները եւ կտա օբյեկտիվ, ամբողջական գնահատական, որից հետո միայն կարելի է շարժվել առաջ: Այս երկու մոտեցմամբ կարելի է խնդիրն ամբողջովին լուծել:

Հեղինակ՝ Ֆելիքս Եղիազարյան
Հղումը՝ http://www.hraparak.am/2011/09/07/korumpacvac-hamakarg
Post a Comment