ԳԼԽԱՎՈՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ԾԻԾԱՂԵԼԻ Է

Ըստ ճարտարապետ, քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանի, հաճախ Թամանյանն օգտագործվում է խմբային կամ անձնական շահերի համար:

Կառավարության շենքի ետնամասում աշտարակի կառուցման գաղափարը, որը ներկայացվում է թամանյանական մտահղացում, բուռն արձագանք է առաջացրել հասարակության եւ մասնագետների շրջանում: Facebook- ում էլ գործում է «Փրկենք Հանրապետության հրապարակը» նախաձեռնությունը, որի անդամները կարծում են, թե աշտարակի կառուցման մասին որոշումը ժամանակավրեպ է եւ սխալ: Նույնիսկ անեկդոտներ են շրջանառվում սոցիալական ցանցերում, թե Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը Թամանյանի արխիվներից գտել է նրա կորած նախագիծը: «Առավոտը» զրուցեց ճարտարապետ, քաղաքաշինարար, «Պահպանենք Հանրապետության հրապարակը» նախաձեռնության անդամ Սարհատ Պետրոսյանի հետ, ով ժամանակին պայքարել է նաեւ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի քանդման դեմ:
Մեկնաբանելով հայտնի անեկդոտը եւ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի վերաբերյալ բուռն արձագանքը, Ս. Պետրոսյանն ասում է. «Ինձ դուր է գալիս, որ այդ ամենի մասին բարձրաձայնվում է, որովհետեւ քաղաքը մեկ ճարտարապետի կամ մի խումբ ճարտարապետների սեփականությունը չէ: Հասարակությունը պետք է եւ իրավունք ունի իր դիրքորոշումը հայտնել ու բնավ պարտադիր չէ, որ դա զուտ մասնագիտական լինի: Այդտեղ դառն իրականության մի էլեմենտ կա՝ անընդհատ հղում է կատարվում Թամանյանին, Թամանյանի արխիվներից ինչ-որ բան գտնել-բերելը չեմ ընդունում, առավել եւս չեմ ընդունում Թամանյանի անունով իրականացվող գործողությունները: Հաճախ Թամանյանն օգտագործվում է խմբային կամ անձնական շահերի համար: Հույս ունեմ, որ այդ աշտարակը չի կառուցվի, որովհետեւ բազում խնդիրներ կան եւ կա ՀՀ վարչապետի այն հայտարարությունը, թե հարցը պետք է լուծվի միայն ճարտարապետների շրջանակում քննարկվելուց հետո»: «Առավոտի» դիտարկմանը, որ հայաստանցի ճարտարապետները կաշկանդված են իրենց կարծիքները բարձրաձայնելու առումով, քանի որ հակառակ դեպքում նրանց առաջ դռներ կփակվեն եւ չեն կարողանա իրացնել իրենց որպես ճարտարապետներ, մինչդեռ ինքը նման խնդիր չունի, քանի որ երկարաժամկետ պայմանագիր ունի «Պողոսյան պարտեզների» հետ, Ս. Պետրոսյանը այնքան էլ համաձայն չէ: «Խնդիրը նախ եւ առաջ ճարտարապետի հասարակական դերի բարձրացումն է: Ճարտարապետների մեծամասնությունը եւ հասարակությունը կարծում են, թե ճարտարապետը միայն շենք նախագծող է, իրականում ճարտարապետությունը կոմպլեքս է, այսօր այն տրոհվել է 15 տեսակի մասնագիտությունների, իսկ մեզ մոտ բոլորը միայն մի տեսակ ճարտարապետ գիտեն, որը զբաղվում է ամեն ինչով: Չնայած ինքս լավ ճարտարապետական կրթություն ունեմ, բայց ինձ քաղաքաշինարար եմ համարում: Չեմ կարծում, որ շատերը կաշկանդված են դիրքորոշում հայտնելիս: Մյուս կողմից էլ վերջին անգամ Հայաստանում լուրջ ճարտարապետական քննադատություն եւ մասնագիտական բանավեճ եղել է 30-ական թվականներին: Այդ ամենի հետեւանքն էլ այսօր տեսնում ենք մեր քաղաքում: Խնդիրը նաեւ ճարտարապետների մեջ է, իրենք քննադատության պատրաստ չեն եւ մենք էլ, երբ սկսում ենք քննադատել ինչ-որ քաղաքաշինական գործընթացներ, փորձում ենք զուսպ լինել, չվիրավորելու համար որեւէ մեկին: Անձամբ ես իմ բոլոգում շատ նախագծեր եմ քննարկել ու դրանում որեւէ վատ բան չեմ տեսնում: Այսօր կան բազմաթիվ ճարտարապետներ, որոնք ունեն լավ հնարավորություններ եւ առանց վախենալու ներկայացնում են իրենց դիրքորոշումը՝ Արսեն Կարապետյան, Սեւադա Պետրոսյան, Արտակ Ղուլյան... Այսինքն՝ այլ տեղից եկամուտ ունենալը պայման չէ քո քաղաքացիական դիրքորոշումը հայտնել-չհայտնելու: Եվ հետո քաղաքաշինության ամենակարեւոր բանն այն է, որ չմտածես, թե բացարձակ ճշմարտություններ ես ասում: Դա ինչ-որ տեղ տոտալիտար ճարտարապետության տրամաբանական շարունակությունն է: Հիշում եմ 2004-ին մամուլում տպագրված Նարեկ Սարգսյանի այն խոսքերը, թե Երեւանի գլխավոր ճարտարապետը չի կարող աշխատել առանց Ճարտարապետների միության աջակցության: Երեւանի քաղաքաշինության մասին որոշումները չպետք է միաձայն կայացվեն, նման որոշումների արդյունքը տեսնում ենք այսօր»,- ասում է Սարհատ Պետրոսյանը:
Նրան հիշեցրինք քաղաքապետ Կարեն Կարապետյանի Facebook-ում արված այն արտահայտությունը, թե Նարեկ Սարգսյանը սիրում է Երեւանը: «Գուցե Նարեկ Սարգսյանը սիրում է Երեւանը, բայց սերը առ Երեւանը՝ դեռ բավարար չէ: Էլի մարդիկ կան, որ սիրում են Երեւանը, բայց ընդամենը՝ իրենց բակի կամ մտահորիզոնի սահմաններում: Խնդիրն այն է, որ սիրելով Երեւանը, սիրես նաեւ երեւանցիներին ու քո որոշումների հիմքում դնես այդ սերը: Թե չէ՝ սերը դեպի Երեւանը միշտ եղել է դեկլարատիվ, Երեւանի հանդեպ սերը Երեւանի պատմության պահպանության մեջ է»,- ասաց մեր զրուցակիցը: Այնուհետեւ անդրադարձավ Հյուսիսային պողոտային. «Նարեկ Սարգսյանն իրականացրեց Հյուսիսային պողոտայի գաղափարը, որը մշակվել է իր նախորդ Համլետ Խաչատրյանի ժամանակ: Հյուսիսային պողոտան Թամանյանի Երեւանի նախագծի ամենաթույլ կետերից մեկն է: Եթե նույնիսկ 1930-ականներին իմաստ ուներ Հյուսիսային պողոտայի մասին մտածելը, ապա 20-րդ դարի սկզբին դա բավականին անտրամաբանական որոշում էր, որովհետեւ Սայաթ-Նովայի, Թումանյան, Պուշկինի, Արամի, Բուզանդի փողոցները 17-18-րդ դարի Երեւանի փողոցային կառուցվածքի կարեւոր փողոցներն էին: Հյուսիսային պողոտան անկյունագծով հատում էր պատմական քաղաքի կառուցվածքը եւ քաղաքի հատման պրոցեսում ինչ-որ շենքեր խանգարում էին, եւ եթե Թամանյանի ժամանակ խնդիր կար Երեւանի նոր ճարտարապետություն ստեղծելու եւ տարբերվելու ռուսական կայսրության մյուս քաղաքներից, ինչը եւ հաջողվեց Թամանյանին, ապա 20-րդ դարի սկզբին մենք խնդիր ունեինք ներկայացնելու, որ նախախորհրդային Երեւանը պատմություն ունեցել է: Իսկ այն մարդիկ, որ ասում էին, թե Երեւանը գյուղաքաղաք է եւ պատմաճարտարապետական առումով ոչ մի արժեք չի ներկայացնում (նկատի ունի Նարեկ Սարգսյանին՝ «Միտինգ Նարեկ Սարգսյանի դեմ», «Առավոտ», 2004.12.18), ունեն կոմպլեքս, որը գալիս է ստացած կրթությունից: Խորհրդային տարիներին ասվել է, որ իբր մինչեւ Խորհրդային միության հաստատումը Երեւանը գյուղաքաղաք է եղել, մարդիկ էշերով են ման եկել, մինչդեռ այդ ժամանակ Երեւանը նույնիսկ տրամվայ է ունեցել: Մի՞թե կարելի է դա ունենալով մտքում՝ չփորձել քննադատաբար մոտենալ քո կրթությանը ու լսածդ հալած յուղի տեղ ընդունել: Այսօր շատ մարդիկ ասում են՝ տեսնո՞ւմ եք Հյուսիսային պողոտան ինչպես են օգտագործում: Բնական է, որ պիտի օգտագործվեր, որովհետեւ 2 ակտիվ կետեր՝ Հանրապետության հրապարակն ու օպերան իրար է կապում: Պատկերացրեք՝ Հյուսիսային պողոտան ինչքա՜ն հետաքրքիր կլիներ, եթե պարզ, ուղիղ փողոց չլիներ ու նեղ փողոցների միջով գնային փոքր սրճարաններ... Ի տարբերություն մյուսների, Նարեկ Սարգսյանը հավատում է, որ ամեն ինչ ճիշտ է անում եւ ներկայանում է որպես փրկիչ: Միեւնույն ժամանակ, վստահ եմ, որ Կարեն Կարապետյանի քաղաքապետարանում աշխատող Նարեկ Սարգսյանը չի լինելու նախկինը, չի ունենալու այն ազատությունը, որ ունեցել է երբեւէ: Գոնե արտաքուստ տեսնում եմ, որ Երեւանի ներկայիս քաղաքապետը բաց մտածող անձնավորություն է եւ իր համար կարեւոր է հասարակության կարծիքը: Միայն այն, որ նա հայտարարեց, թե «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը չի քանդվելու եւ վերածվելու է Երիտասարդական կենտրոնի, արդեն ինչ-որ բան նշանակում է»,- կարծում է ճարտարապետը:
Արդյո՞ք այսօր Ճարտարապետների միությունը կարողանում է կատարել իր իրական առաքելությունը՝ քաղաքացիական եւ մասնագիտական կեցվածքի առումով: Ս. Պետրոսյանի համոզմամբ, այս միությունը երբեք այնքան ակտիվ չի եղել, որքան հիմա: Նա նաեւ նկատեց. «Ուժեղ ճնշում կա պետական ապարատի մեջ գործող ճարտարապետների կողմից՝ թուլացնելու Ճարտարապետների միությունը եւ վերցնելու նրա ակտիվության ֆունկցիաները»: Իսկ այսօրվա երիտասարդ ճարտարապետներին կարելի՞ է խոստումնալից համարել: «Մենք ունենք ավելի տեղեկացված հասարակություն եւ ճարտարապետներ, որոնք հավակնում են իրականացնելու ավելի հեղափոխական, բայց, միեւնույն ժամանակ, մտածված քայլեր: Մի վտանգ կա՝ ազատության չգոյությունը եւ այն, որ տեսականորեն ճարտարապետական նախագծումը Հայաստանում մոնոպոլիզացված է. 5-6 ճարտարապետ է իրականացնում նախագծում: Շատ կարեւոր է, որ երիտասարդները կուլ չգնան այդ ամենին, որովհետեւ, միեւնույն է՝ ժամանակի ընթացքում այդ 5-6 ճարտարապետները գնալու են, երիտասարդներինն է ապագան»,- համոզված է Ս. Պետրոսյանը:
Խնդրեցինք մեկնաբանել նաեւ Նարեկ Սարգսյանի՝ Հանրապետության գլխավոր ճարտարապետից Երեւանի գլխավոր ճարտարապետ դառնալը. «Ընդհանրապես գլխավոր ճարտարապետի ինստիտուտը ծիծաղելի է, 1970-ականների մակարդակի մոտեցում, որովհետեւ աշխարհը մշակել է այլ մեթոդներ՝ ինչպես կարելի է քաղաքները կառավարել»: Նրա խոսքով, եթե Երեւանի գլխավոր ճարտարապետ դառնալու արդյունքում մարդը մի տարում մի 15 շենք է նախագծում, բնականաբար այդ պաշտոնը հրապուրիչ է դառնում: 

Հեղինակ՝ Գոհար Հակոբյան
Հղումը՝ http://www.aravot.am/am/articles/culture/94044/view


© 2009 - 2011 /// Sarhat Petrossian
Post a Comment