Բաց նամակ - հայտարարություն Կենտրոնական ծածկված շուկայի համար

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին


ք. Երևան
17 հունվար 2012թ.


Բաց նամակ - հայտարարություն


Մի քանի օր առաջ մի շարք լրատվամիջոցեր հաղորդեցին, որ Երևանի Մեսրոպ Մաշտոցի պողոտայում գտնվող Կենտրոնական ծածկված շուկայի շենքում սկսվել են շինարարական աշխատանքներ։ Տեղում պարզվեց, որ ընթացքի մեջ են լայնածավալ շինարարական աշխատանքներ՝ այդ թվում և կանգուն շենքի միջնամասում ստորգետնյա հարկերի կառուցում։ Պարզվել է նաև, որ Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված հանրապետական նշանակության հուշարձանի տարածքում կատարվող աշխատանքները ոչ միայն չեն համաձայնեցվել Երևանի քաղաքապետարանի հետ, այլև պետական լիազոր մարմին հանդիսացող ՀՀ մշակույթի նախարարության հետ։
Երևանի կենտրոնական ծածկված (փակ) շուկան ունի թե' ճարտարապետական, թե' ճարտարագիտական մեծ արժեք, ինչպես նաև պատմական նշանակություն։ Այն նախագծվել է ճարտարապետ Գ. Աղաբաբյանի (ում հարյուրամյա հոբելյանը նշվեց նախորդ տարի), և կոնստրուկտոր Հ. Առաքելյանի կողմից և արժանացել բազմաթիվ մրցանակների, հրապարակվել է Երևանի մասին գրեթե բոլոր հրատարակումներում։
Ելնելով այս ամենից պահանջում ենք.
  • դադարեցնել Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված (թիվ՝ 1.6.152) շինության տարածքում սկսված աշխատանքները,
  • համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի` քննարկել նախագծային միջամտությունները ՀՀ մշակույթի նախարարության համապատասխան ստորաբաժանումներում,
  • Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդում լայն ու բազմակողմանի մասնագիտական քննարկման ներկայացնել նախագիծը, այդ թվում և հուշարձանի ներքին տարածությունում իրականցվող փոփոխությունները,
  • Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքի համաձայն իրականացնել հանրության իրազեկում և անհրաժեշտ քննարկումներ։
  • Լիահույս ենք, որ ի պատասխան այս գրության մեր հասարակությունը վկան կլինի նախորդ տարվա ընթացքում սկսված շրջահայաց և ըմբռնող մոտեցման ևս մեկ դրսևորման։


Թրանսփարենսի հակակոռուպցիոն ՀԿ
Հին և նոր քաղաք հիմնադրամ
Մեր քաղաքը ՀՔՆ
Մենք ենք այն քաղաքի տերը ՔՆ
Պահպանենք Հանրապետության հրապարակը ՔՆ
Պետական կարիքների զոհեր ՀԿ
ՈւրբանԼաբԵրևան
Փրկենք հուշարձանները նախաձեռնություն


© 2009 - 2011 /// Sarhat Petrossian
Post a Comment