Գարունա ձունա արել...

Հետաքրքիր մի քանի զուգադիպություն։ ՀՀ կառավարություն արդեն երեք տարի է ձմռան ավարտին ու վաղ գարնանը կայացնում է հակա-քաղաքաշինական որոշումներ։ 2010-ին այս օրերին Մոսկվա կինոթատրոնը հանվեց հուշարձանների ցանկից քանդման նպատակով, 2011-ին գրեթե այս օրերին սկսվեցին կառավարության շենքի գմբեթի խոսակցությունները, իսկ 2012-ին որոշվեց Սևան հյուրանոցի վերջին մնացորդի ճակատագիրը։

Վերջինը հատկապես զուգադիպեց Երևան քաղաքի քաղաքաշինական խնդիրներով մտահոգ գրեթե բոլոր նախաձեռնությունների միավորման հայտարարման հետ։ Դրանից մի քանի օր առաջ նույն կառավարության ղեկավարը ճարտարապետների հետ քննարկում էր քաղաքաշինության ոլորտին վերաբերող խնդիրները։ Երևի հենց այդ պատճառով կառավարության նիստին ՀՀ վարչապետի հավաստել է , որ ճարտարապետական այդ լուծումները կներկայացվեն հանրության հրապարակային քննարկմանը։ «Մենք նաև մտադիր ենք այդտեղ տեղափոխել մեր գերատեսչություններից մի քանիսը` արտաքին գործերի, էներգետիկայի և բնական պաշարների, տարածքային կառավարման նախարարությունները։ Այնպես որ, առաջին քայլն ենք անում այդ ուղղությամբ, պետք է նոր շենքի ճարտարապետական լուծումները հաստատենք։ Երկու անգամ ավելի շատ տարածք կստանանք և կբարելավենք վիճակը», - եզրափակել է վարչապետը։

Իհարկե որպես քաղաքաշինության ոլորտում ժողովրդավարացման մեծ ջատագով զգացված եմ, սակայն առաջանում են հետևյալ հարցերը.

  1. Արդյո՞ք կառավարությունը մինչ նման որոշում կայացնելը կարիք չուներ այն քննարկել ճարտարապետների, էլ չեմ ասում հանրության հետ։
  2. Միթե դժվար է քանդման որոշումը կայացնելուց առաջ քննարկել թե ի՞նչ է կառուցվում դրա տեղում, հետո նոր հայտարարել դրա մասին։
  3. Մի՞թե կառավարությունում չկա մի ճարտարապետությունից հասկացող մարդ որ տեղեկացնի որ գործ ունենք երկրի թիվ մեկ հրապարակին կից ու վերջին 10 տարիներին համակարգված կերպով այլանդակված հրապարակի հետ ու այն պետք է դիտարկել որպես մեկ ամբողջություն։
  4. Արդյո՞ք հանրությանը տեղեկացնելու ցանկություն ունեցող կառավարությունը չգիտի որ կա ճարտարապետական մրցույթ հասկացությունը, որով հնարավոր է գտնել լավագույն լուծումը ու դրանով նախ բացառել կոռուպցիոն ռիսկերն ու զրկել չինովնիկ-ճարտարապետներին մեջ-մեջ անելու հնարավորությունից։
  5. Մտածե՞լ են որ անհրաժեշտ էր հասկանալ իրենց կարծիքով երկրորդական նախարարություններին իրար գլուխ հավաքելու նախկին փորձը քննել ու հասկանալ որ երկրի համար չորս շատ կարևոր նախարարություններ, որոնցից երկուսը՝ արդարադատությունն ու արտաքին գործերը պետության սիմվոլներն են ու չպետք է ինչ որ անհասկանալի շինությունում տեղավորվեն։
  6. Երբ ամեն տեղից վեր կացողը խոսում է ապակենտրոնացման ու քաղաքի կենտրոնի թեթևացման մասին,  քաղաքի արվարձանում գտնվող արդարադատության նախարարությունը ինչո՞ւ եք բերում քաղաքի կենտրոն, դրանով ավելացնելով կենտրոնի առանց այն էլ ծանր ու անլուծելի խնդիրները։
  7. Ո՞վ է նախագծում պետական կառավարչական այդ հիմնարկությունը։ Կան տեղեկություններ, որ Երևանի գլխավոր ճարտարապետի պատկանող կազմակերպությունն է նախագծում այդ շինությունը։
  8. Եվ ի վերջո, ինչու Հանրապետության հրապարակի շուրջ տեղի ունեցող բոլոր գործընթացների մասին չեք խոսում մի փաթեթով։

Ախ, հա~, հիշեցի։ Կներեք մոռացել էի։ Դուք չունեք գոնե մեկ սրտացավ քաղաքաշինությունից ու ճարտարապետությունից հասկացող ու միևնույն ժամանակ սրտացավ խորհրդատու։ Նույն մարդիկ ովքեր մեր երկիրը դարձրել են ծիծաղի առարկա շրջապատել են ձեզ ու շարունակում անել նույնը ինչ նախկինում, այս անգամ արդեն մրոտելով ձեզ։


Սարհատ Պետրոսյան

Post a Comment