Պտույտ մը 2020 թվականի Երևանում (էսսե)


Էսսեն հրատարակվել Երևան ամսագրի 2012 թվականի մարտ ամսի համարում։


Երիտասարդական մետրոյի Կաթողիկե եկեղեցու ելքից դուրս գալով քայլերս ուղղեցի Աբովյանով դեպի ներքև։ Անցնելով Սայաթ Նովա պողոտան մտա մի քանի տարի առաջ ամբողջովին հետիոտն ճեմուղու վերածված Աբովյան փողոց։ Զբոսայգի հիշեցնող փողոցը լցված էր մանկական աղմուկով, որը ինչպես պարզվեց երևանցիների շրջանում Իգիթյանի կենտրոն՝ բայց իրականում մանկական գեղարվստական կենտրոնի սաներն էին, ովքեր Նախագահին կից բնապահպանության տեսչության նախաձեռնությամբ նկարում էին բնության պահպանության հետ կապված ինչ որ նկարներ։ Երեխաները հիմնականում նկարում էին Հայաստանից տարբեր բնապատկերներ։ Ակամայից նկատեցի, որ ինչ որ կարևոր բան է փոխվել. մի քանի տարի առաջ նման բաներ կազմակերպում էին հիմնականում միջազգային կազմակերպությունները։

Չնայած նրան, որ ժամերով կարելի էր նայել երեխաների նկարները, բայց մանկական աղմուկին չդիմանալով քայլերս ուղղեցի դեպի հանդիպակած մայթը։ Այդ մայթին երեխաների փոխարեն աղմկում էին գրեթե միմյանց կպած սեղաններին նստած երիտասարդներն ու երևանյան “բոմոնդը”։ Հատկապես մարդաշատ էր Հայկական սուրճ կոչվող սրճարանը, որի հիմնադիրը արդեն երրորդ սերնդի սրճի ու սրճարանի բիզնես ունեցող ընտանիքից էր սերում, ով Հայաստան էին տեղափոխվել անկախությանը հաջորդած առաջին տարիներին։

Դրան գրեթե կպած “Արտբրիջ” սրճարանի առջևում, մի խումբ մարդիկ էին հավաքված։  Այդ սրճարանը միակն էր այդ շարքի սրճարաններից որը չուներ դրսում նստելու տեղեր, քանի որ սրճարանի սեփականատիրոջ նախաձեռնությամբ առջևի հատվածը վերածել էր մի քանի նստարանով փոքրիկ այգու։ Մոտենալով ու նկատեցի որ կենտրոնում իմ շատ լավ ընկերն է կանգնած հպարտ, ով բարձրաձայն կարդում էր իր բանաստեղծությունները։ Շատ ուրախացա տեսնելով որ նորից սկսել է ստեղծագործել, թե չէ մի ժամանակ ակտիվ քաղաքականությամբ էր զբաղվում։ Չնայած նրան որ նրա ստեղծագործությունները շատ հավանում եմ ու մեծ հաճույքով կլսեի, բայց մտածեցի մյուս անգամ երբ նրան հանդիպեմ “Կազիրոկում” ու էլի խմած լինի միևնույնն է նորից արտասանելու է։ Որոշեցի հեռանալ։ Դրան նպաստեց նաև աղմկոտ տրամվայը, որը շեղեց ուշադրությունս։ Հասնելով տրամվայի դանդաղ ընթացքի հետևից ցատկեցի հարթակին ու գրեթե կախված սլացքին զուգահեռ նկատեցի որ Թումանյան - Աբովյան խաչմերուկին գտնվող մի ժամանակ թանկարժեք ժամացույցների խանութում տեղի են ունենում ինչ որ շինարարական աշխատանքներ։ Այն արտաքինից պաստառապատված էր որի վրա գրված էր՝ Շուտով մեր հին Կաթնատունը այստեղ։ Ու ակամայից հիշեցի թե ինչպես էին ծնողներս ինձ բերում այդտեղ երբ ես փոքր էի ու մատնաքաշ հիշեցնող հացի վրա քսված տոմատի շերտն ու մի քիչ կանաչին մատուցվում էր որպես պիցցա։ Իհարկե ինձ համար զարմանալի էր թե ինչպես են սեփականատերերը պատրաստվում Մոսկվա կինոթատրոնի առաջին հարկում գտնվող Մակդոնալդսի հետ մրցել, սակայն ամեն դեպքում ուրախացա ու մտածեցի. տեսնես այն քանդված երեք ջրավազաններն ու պուլպուլակն էլ կվերակագնեն թե ոչ։

Իմ մտորումներից ինձ շեղեց տրամվայի վարրորդի գոռգռոցը, ով մխրճվել էր ամենևին վերջերս ավտոմեքենաների ու տրանսպորտի համար փակված Թումանյան փողոցով շարժվող հոծ ամբոխի մեջ։ Ինչպես պարզվեց Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճում ռոք համերգ էր ու Հայկական ռոքի ասոցիացիայի “կազմակերպած աղմուկն” ու վարորդը մի պահ մրցում էին։ Նյարդներս չդիմացան ու թողեցի տրամվայը ու շարժվեցի դեպի Օպերայի հրապարակ։ Ճանապարհին Թումանյանի շաուրմայից գնածս պաղպաղակը տվեց էներգիա մինչև Օպերայի հրապարակ հասնելու համար։ Կանաչի միջից հանված սրճարանների սեղանները լցրել էին հրապարակի ողջ օղակը, իսկ մեջտեղի համեմատաբար ազատ տարածքում տեղադրված մանակական ժամանակավոր ատրակցիոնը իր աղմկոտ ու անդադար պտտվող ձիերով դարձրել էին այդ տարածքը “համարյա” Հաղթանակի այգի։ Չնայած շատ ուրախ էի որ հրապարակին վերադարձվել էր կանաչը, սակայն այդ ողջ աղմուկն ու նեղացված օղակը հրապարակը դարձրել էին շատ ակտիվ վայր։ Այդ իսկ պատճառով որոշեցի իջնել Մաշտոցի այգու ուղղությամբ գնել Հին Երևան թաղամասում նորաբաց Հրաչի շաուրմայից պասային շաուրմա ու կարդալ հայերեն “Երևան” ամսագրի վերջին համարում իմ նախկին ուսանողի, իսկ այժմ ճարտարապետության լավագույն քննադատներից մեկի, վերջին հոդվածը։

Որոշեցի իջնել Տերյան փողոցով, երբ ուշադրությունս գրավեց Տերյան - Պուշկին փողոցների խաչմերուկում մոտ 10 տարի առաջ կառուցված նախկին էլիտար, այժմ արդեն շատ սովորական թվացող, շենքերից մեկի պատուհանից կախված պաստառը վրան գրված “Մենք ուզում ենք ապրել քաղաքում ու վարել ավտոմեքենա”։ Պարզվեց որ նախկինում ավտոմեքենաների համար հասանելի այս շենքի բնակիչները, որոնք շենքերում չունեին ստորգետնյա կայանատեղի, այսօր չեն կարողանում մեքենա վարել քանի որ չունեն կայանման տեղեր։ Ու հիշեցի որ այդ նույն շենքի հեղինակը ով ինձ դասավանդում էր համալսարանում անվերջ պնդում էր որ ես իմ Աբովյան փողոցում գտնվող մշակութային կենտրոնի ուսանողական նախագծի համար նախատեսեմ ավտոմեքենայի մոտեցում, իսկ ես բնականաբար ընդդիմանում էի։ Մտածեցի. “էհ, Աստված ողորմի իրեն…”։ Ուսանողական տարիներիս հուշերըից դուրս շպրտվեցի ձիու խրխինջի պատճառով, քանի որ երկու քայլ հեռավորության վրա նկատեցի մի սպիտակ ֆայտոն, որը շտապում էր մյուս մայթին գտնվող Աֆրիկյանների արդեն մոտ 130 տարեկան ակումբի շենքում տեղի ունեցող ընդունելությանը։ Ինչքան հասկացա հարուստ ընտանիքների ամուսնության արարողությունն էր։ Հարսանիքի գաղափարը  գրգռեց ախորժակս չնայած նրան որ կարող էի երկար կանգնել այդ շենքի առջևում ու հիշել թե ինչպես էինք մենք պայքարում դրա պահպանության համար, քայլերս արագացրեցի որ շուտ հասնեմ նշանակետիս։

Հատելով Արամի փողոցը նկատեցի նույն տրամվայը նույն վարորդով որը կատարում էր գծի վերջի “կռուգը”: Մտածեցի որ միգուցե պետք էր մի քիչ համբերել ու դրանով գալ։ Հրաչի մոտ արդեն հերթ էր, չնայած նրան որ ամենևին վերջերս էր բացվել։ Իմ կարծիքով Հրաչի շաուրման Երևանի ամենալավ շաուրման է։ Հրաչը, նախկինում կինո Երևանի մոտ նկուղային հարկում մի փոքրիկ շաուրմայի կետից իր զավակների շնորհիվ վերածվել էր տասնյակից ավելի մասնաճյուղեր ունեցող արագ սննդի ցանցի ու ակտիվ կերպով մրցում էր այլ աշխարհահռչակ արագ սննդի կետերի հետ փորձելով մատուցել միայն տեղական ու բնական սնունդ։ Նրա քացախի մեջ մարինացված թարմ սոխերը ու նռան հյութից պատրաստված սոուսը անկրկնելի ու դուրս որևէ մրցակցությունից։

Վերցնելով իմ պասային՝ բանջարեղենով պատրաստված շաուրման շարժվեցի դեպի Մաշտոցի այգի նստելու։ Դժվարությամբ գտնված միակ ազատ նստարանը որը համբուրվողները դեռ չէին “բռնագրավել”։ Ուրախ էի որ հենց այդ մեկն էր ազատ, քանի որ գտնվում էր Էկոշունիկի արձանի կողքին։ Այդ արձանիկը իրենից ներկայացնում էր բրոնզաձույլ փոքրիկ շան արձանիկ, որը տեղադրվել էր մի քանի տարի առաջ, եթե չեմ սխալվում 2012 թվականին, այդ տարածքը կրպակներից ազատած շարժման ակտիվիստների պայքարը խորհրդանշելու համար։ Բացեցի ամսագիրը ու սկսեցի կարդալ։

* * *

Սարհատ Պետրոսյանը ՈւրբանԼաբԵրևանի հիմնադիրներից է։ ՈւրբանԼաբԵրևանը սկսում է միջոցառումների շարք, որոնք միտված են բարձրաձայն մտորելու Երևանի ու առհասարակ Հայաստանում մարդածին միջավայրում տեղի ունեցող տարածական, ասել է թե քաղաքաշինական, փոփոխությունների վերաբերյալ։ Այս էսսեն այդ շարքի առաջին փորձերից է և նախաեսված է հանրության լայն շերտերի համար։ 2012 թվականի մայիսի 3-ին նախատեսվում է անցկացնել այդ շարքի առաջին հանդիպումը  Փեչաքուչ գիշերի ձևաչափով։



© 2009 - 2012 // UrbanLabYerevan - Institute for Democratization of Urban Planning /// www.urbanlab.am
Post a Comment