Քաղաքաշինությունն ու նոր Կառավարությունը

Հոդվածը հրատարակվել է Անկախ շաբաթաթերթի մայիսի 16-ի, 2012թ.-ի համարում։ Տես հղումը՝ http://ankakh.com/2012/05/206745/

Հավանաբար այն ժամանակ երբ այս նյութը հրատակարվելիս լինի արդեն ամփոփված կլինեն Ազգային ժողովի 2012 թվականի ընտրություններն ու արդեն քննարկվելիս կլինեն նոր կառավարության կազմման պատասխանատուներն ու դրա սկզբունքները։
Հաշվի առնելով քաղաքաշինության և առհասարակ մարդածին միջավայրում (built environment) տեղի ունեցող փոփոխությունների վերաբերյալ հասարակության վերջին տարիների դժգոհությունները, ինչպես նաև նախընտրական շրջանում ԱԺ-ում շոշափելի մասնակցության շանսեր ունեցող ուժերի խոստումները ոլորտում առկա խնդիրների լուծման վերաբերյալ որոշեցի ներկայացնել մի շարք առաջարկություններ, որոնք կարող են էականորեն փոխել իրավիճակը նշված ոլորտում։ Բնականաբար դրա համար նախ և առաջ անհրաժեշտ է քաղաքական կամքի առկայություն, որից հետո բազմաթիվ տրամաբանական ու իրատեսական լուծումներ կարելի է գտնել դրանց իրականացման համար։
Մինչ դրանց անցնելը պետք է նշել, որ այսօր էլ թե՛ ՀՀ-ում գործող օրենքներն ու ենթաօրենսդրական ակտերը, թե՛ ՀՀ կառավարության ստորաբաժանումներում վարչական պարտականությունների բաշխումը տալիս են հնարավորություն, ցանկության, կրկնում եմ ցանկության դեպքում, ապահովել ոլորտի որակյալ ու խելամիտ կառավարում։ Սակայն երբեմն ցանկության բացակայության կամ այլ պատճառներով ոլորտում առկա խրթին կառավարման կառուցվածքում ու պայմաններում հնարավոր է լինում պատասխանատվության վերահասցեվորման ու “լղոզման” միջոցով խուսափել խնդիրների հասցեատերը լինելուց։

Մարդածին միջավայրում կատարվող փոփոխությունները (այսուհետ՝ քաղաքաշինական գործունեություն) իրականացնելու համար տարբեր մակարդակներում ու տարբեր դեպքերում ՀՀ-ի տարածքում պատասխանատու են քաղաքաշինության, մշակույթի և բնապահպանության նախարարությունները։ Կցանկանայի նշել նաև էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակ գտնվող տուրիզմի ոլորտը կարգավորող վարչությունը, որն ինչպես կտեսնեք ունի, կամ ավելի ճիշտ պետք է, սերտ կերպ վերոնշյալի ոլորտներում իրականացվող ծրագրային զարգացման իրականացման հետ։
Այսօր, քաղաքաշինության նախարարությունը հիմնականում իրականացնում է շինարարության նախարարության պարտականությունները։ Վերջին տարիներին բազմաթիվ վիճահարույց խնդիրների վերաբերյալ նրա կրավորական կեցվածքը ցույց է տալիս, որ չկա հստակ գիտակցում թե ինչպիսի լայն ընդգրկում պետք է ունենա նախարարությունը՝ երկրի ողջ տարածքում տեղի ունեցող կառուցողական ու զարգացման գործընթացների վերաբերյալ։ Նախարարության այսօր քաղաքաշինական քաղաքականության մասով հիմնականում իրականացնում է բնակավայրեր համար քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և հաստատման հետ կապված ընթացիկ խնդիրներ, ինչպես նաև ոլորտին վերաբերող մի շարք միջազգային պարտավորությունների շրջանակում “պարտադրված” օրենսդրական ու ենթաօրենսդրական փաստաթղթերի մշակում։ Թե առաջինը, թե երկրորդը գրեթե զրոյական ազդեցություն են ունենում երկրում ավելի բարվոք միջավայրեր ունենալու գործում, քանի որ նշված փաստաթղթերը թե՛ մշակման մակարդակով, թե՛ տեղեկավտության թափանցիկ տարածման առումով հեռու են անհրաժեշտ որակական ու տեխնիկական պահանջներին բավարարելուց։ Դրանցում ոչ միայն ըստ արժանվույն չեն ներկայացված դրանց բուն էությունն ու դրանց իրացման փաստական ու կիրառական լուծումները, այլև նույնիսկ առկա վիճակով հասու չեն ոչ միայն քաղաքացուն, այլև՝ մասնագետներին։ Տեսականորեն այսքանով չպետք է ավարտվեն  նախարարության լիազորությունները, սակայն այսօր ցավոք նախարարությանը մերձ մասնագիտական շրջանակներում քաղաքաշինական գործունեության հիմնական բաղադրիչների վերաբերյալ պատկերացումները սահմանափակվում են այսքանով։ Ներկա համաշխարհային փորձից ելնելով ու մեր ներկա իրողության պայմաններում նախարարությունը քաղաքաշինական քաղաքականության իրականացման շրջանակում պետք է մշակեր նաև նորմատիվային ու ենթաօրենսրդական բազմաթիվ փաստաթղթեր՝ ստեղծելով ազգային պլատֆորմ, բնականաբար կիրառելով համաշխարհային փորձը, և որ ամենակարևորն է հետևեր դրանց կիրարկմանը։ Այսօր թե քաղաքաշինության, թե մշակույթի նախարարությունները գրեթե չունեն լծակներ խոշոր քաղաքներում (մասնավորապես Երևանում) որպես պետական լիազոր մարմին հանդես գալ ու իրականացնեն իրենց օրենքով վերապահված լիազորությունները։  Դրա արդյունքում իրենց մնում է միջին ու փոքր բնակավայրերի խնդիրներով զբաղվել, որն էլ ունի իր ռիսկերը, քանի որ դրանք պահանջում են ունիկալ մոտեցումներ կախված բնակավայրի զարգացման պատմական անցյալից ու ներկա իրավիճակից, որոնց համապատասխան՝ անհատական մոտեցում ցույց տալու կարողություններ գրեթե չկան։ Օրինակի համար քաղաքաշինության նախարարությունը վերջին տարիներին արդեն երկու անգամ մշակել է տիպային բնակելի տների օրինակների ալբոմ, որոնց կառուցման դեպքում չի պահանջվում թույլտվություն։ Սա նման խորհրդային տարիներին Ռուսաստանի Սիբիրի, Ղազախստանի ու միևնույն ժամանակ Երևանի համար մշակված բնակելի տների տիպային նախագծերը։ Նույն նախարարությունը, որն իրավասու է Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի դրույթների իրականացման համար, մշակելով նման նախագծեր զարկ է տալիս հակա-լանդշաֆտային գործողությունների։ Այս մոտեցումները արդեն մոտ 20-30 տարիների է ինչ համաշխարհային մասնագիտական շրջանակների կողմից մշտապես դրվատանքի են ենթարկվում։

Մշակույթի նախարարության հատկապես պատմության և մշակույթի հուշարձանների բլոկը նյունպես մոռանալով իր հիմնական խնդիրների վերաբերյալ ոչ միայն ամբողջովին չի կատարում պետության կողմից պահպանվող ու պետական սեփականություն հանդիսացող հուշարձանների պահպանության հետ կապված աշխատանքները, այլ ավելի անփույթ  կերպով իրականացնում է մասնավորի ենթակայության տակ գտնվող հուշարձանների պահպանության գոնե ֆորմալ կողմը։ Դրա վկան Մաշտոցի պողոտայի Ծածկված շուկան է, կամ Երևանի կենտրոնում տեղի ունեցող բազմաթիվ մեծ ու փոքր նախագծեր։ Լավ պատկերացում կազմելու համար թե ինչպիսին է այս վերաբերումունքը հուշարձանների վերականգնման ոլորտի վերաբերալ տեղեկացնեմ, որ ՀՀ պետական բյուջեն 2012 թ.-ի համար նախատեսել է ընդհամենը 215 միլիոն դրամ հուշարձանների վերականգնման համար։ Այն հազիվ թե բավարարի մեկ միջին չափի հուշարձանի որակյալ վերականգնման համար։ Նախկինում ևս այս պատկերի ներկայացման ժամանակ հարց է հնչել թե. պետությունը որտեղի՞ց տրամադրի սրանից ավել գումար։ Պատասխանը տալիս է նույն բյուջեի նույն նախարարությանը տրամադրվող գումարների դիտարկումը: 2012-ին պետական բյուջեն ծրագրել է ծախսել 673 միլիոն դրամ (մոտ 3 անգամ ավել գումար) Օպերայի և բալետի ներկայացումների համար, ավելին նախատեսվում է 1 միլիարդից (4.5 անգամ ավել) ավել գումար ծախսել հայ գրատպության 500 ամյակի կապակցությամբ (որի մեջ չեն մտնում այս կապակցությամբ մարզային և այլ գրադարանների համար ծախսվող գումարները)։
Նման վերաբերմունքի պատճառը ենթադրում եմ ժառանգության իրական արժեքի ու դրա պահպանությունից բխող ավելացած արժեքի վերաբերյալ պատկերացումների վերաբարյալ պատկերացում չունենալն է։ Քանի որ մեզ մոտ, ցավալի կերպով գումարների բաշխման տրամաբանությունը կախված է դրանց ետ վերադարձելիության հավանականությունից պետք է կատարվեն գլոբալ կառուցվածքային փոփոխություններ։ Մասնավորապես եթե տուրիզմը հռչակվել է որպես տնտեսության զարգացման գերակա ճյուղ կարելի է կիրառել եվրոպական բազմաթիվ երկրներնի փորձը, որտեղ տուրիզմը դիտարկվում է մշակութային ժառանգության մի մասը։ Այսինքն եթե այսօր էկոնոմիկայի նախարարության կազմում գործող տուրիզմի զարգացման ուղղությամբ աշխատող (և 2012-ին հուշարձանների վերականգնման գումարի քարրորդ մասի չափով՝ 50 միլիոն դրամ ծախսել ցանկացող) մարմինը համատեղվի հուշարձանների վերականգնման համար պատասխանատու լիազոր մարմնի հետ ապա հուշարձանի վերականգնումն ու պահպանումն արդեն կդիտարկվի որպես բիզնես ծրագիր։ Չնայած նրան, որ ոչ միշտ է նպատակահարմար ժառանգության պահպանությունը դիտարկել առաջարկ-պահանջարկ տրամաբանությամբ, սակայն այս խնդիրների դիտարկումը մեկ մարմնում կարող է էականորեն փոխել իրավիճակը ու տարբեր աղբյուրներից ստացվող գումարների ճիշտ կառավարումը։

Բնապահպանության նախարարությունը անտառների և բնական պաշարների կառավարման ֆունկցիաներից ազատվելուց հետո զգալի կերպով կորցրել է իր դերակատարությունը։ Այն վերածվել է հիմնականում շրջակա միջավայրի համար վնասակար որոշումներ դակող, երբեմն չդակող մի մարմնի, որի համար անհրաժեշտ է միայն վերհսկիչ ֆունկցիաներ։
Վերոնշվածներով ամենևին չեմ հավակնում տալ նշված նախարարությունների բոլոր կանոնադրային ու կառուցվածքային բաղադրիչները, սակայն կարծում եմ ներքոնշյալ առաջարկությունների համար մատնանշված խնդիրների դուրս բերումը կարող է էականորեն նպաստել ոլորտում առկա հասարակության ու ինչ ոչ նաև իշխանության անբավարարվածությունը։ Ելնելով այս ամենց առաջարկում եմ.

Ա) Ստեղծել ՀՀ կառավարությանը առընթեր Կայուն զարգացման (կամ քաղաքաշինական գործունեության) պետական կոմիտե, որին վստահել քաղաքաշինության նախարարության միայն քաղաքաշինական քաղաքականության վերահսկման և բնապահպանության նախարարության վերահսկողական ֆունկցիաները։ Այդ կոմիտեն պետք է ունենա գրեթե այն ֆունկիցիաները, որոնք տրված են եղել խորհրդային տարիներին Պետշին կոչվող հիմնարկությանը։ Այն պետք է կոշտ վերահսկողություն իրականացնի մարդկային կենսագործունեության բոլոր ոլորտներում եթե դրանք ենթադրում եմ քաղաքացիների ապրելու միջավայում փոփոխություններ։ Նրանում պետք է հստակ մեխանիզմներ մշակվեն հանրային սեկտորի ներազդման, ինչպես նաև մասնագիտական տեղական ու արտերկրյա միավորների ներգրավման համար։

Բ) Ստեղծել Մշակույթի և տուրիզմի նախարարություն (կամ ժառանգության և տուրիզմի) որին վերապահել խոշոր զարգացման ծրագրերի մշակելու ու իրականացնելու իրավունք պարտավորվելով դրանք համաձայնեցնել վերոնշյալ Կայուն զարգացման նախարարության հետ։

Այս մոտեցման հաջողության գրավականը պետք է լինի նախ և առաջ կադրային նոր քաղաքականությունը։ Քաղաքաշինության և հուշարձանների վերականգնման ոլորտում ներգրավված անձինք (բացառությամբ մի քանիսի) ունեցել են տարբեր տեսակի մասնակցություն այդ ոլորտների քաղաքականության մշակման և իրականացման գործում վերջին տասնամյակում։ Այդ քաղաքականության տապալման արդյունքում ցավոք այդ նույն անձինք ի վիճակի չեն լինելու իրականացնել նշված բարեփոխումները, սակայն նրանց փորձը կարող է և պետք է օգտագործել ապագա ծրագրերում։ Անհրաժեշտ է խոշոր մասշտաբով նոր կադրեր ներգրավել այս ոլորտներում ովքեր թե արդի մասնագիտական կարողություններ, թե կազմակերպչական (հանրային կառավարման), թե քաղաքացիական գիտակցության առկայության պայմաններում որակապես նոր հարթությունում կդնեն մեր երկրի մարդածին միջավայրի որակը։


Սարհատ Պետրոսյան
ՈւրբանԼաբ Երևան – Քաղաքաշինության ժողովրդավարացման ինստիտուտ




© 2009 - 2012 // UrbanLabYerevan - Institute for Democratization of Urban Planning /// www.urbanlab.am
Post a Comment