Օլիգարխից պետք է վերցվի սեփականությունը

Հեղինակ՝ Սիրանույշ Պապյան
Հղումը՝ http://www.lragir.am/armsrc/interview66027.html

Քաղաքաշինարար, ճարտարապետ Սարհատ Պետրոսյանի հետ զրուցել ենք Մաշտոցի պողոտայի Փակ (Ծածկած) շուկայի խնդրից

Սարհատ, կիրակի օրը երեկոյան ահազանգեցին, որ քանդում են «Փակ շուկայի» տանիքը, այս պահին քանդման աշխատանքները դադարեցված են, և պարզվել է, որ չկա քաղաքապետարանի թույլտվություն, հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ոստիկանություն: Մաշտոցի պուրակից քաղաքացիական պայքարը տեղափոխվում է Փակ շուկա՞:
Շատ կուզեի, որ 21-րդ դարի մեր պատմության մեջ, ինչպես և 5-րդ դարում, Մաշտոցը նորից նման կարևոր դերակատարություն ունենար, և Մաշտոցի այգու տրամաբանական շարունակությունը լինի Մաշտոցի շուկան, բայց սա զուտ ցանկություն է: Սա վերջին 15 տարվա մեր պահվածքի տրամաբանական շարունակությունն է, ուղղակի այս անգամ տեղի է ունենում լկտիության հասնող անօրինականություն, երբ օլիգարխը ձեռնոց է նետում ամբողջ համակարգին, մասնավորապես տեղական ինքնակառավարմանը: Այսինքն` սա Մաշտոցի այգու տրամաբանական շարունակությունն է այն իմաստով, որ մի դեպքում պետությունը ձեռնոց նետեց տեղական ինքնակառավարմանը, այս անգամ օլիգարխիան է ձեռնոց նետում տեղական ինքնակառավարմանը: Ըստ իս՝ Սամվել Ալեքսանյանը պետք է պատժվի ամենախիստ դրսևորմամբ, և պետք է օլիգարխ-սեփականատիրոջ ձեռքից վերցվի սեփականությունը, որը տեղավորվում է օրենքի տրամաբանության մեջ: Մի շարք եվրոպական քաղաքակիրթ երկրներում այդպես էլ անում են. եթե դու ի վիճակի չես պահպանել ժառանգությունը, ապա դու իրավունք չունես լինել նրա սեփականատերը: Եվ կարծում եմ, որ եթե այս տրամաբանությամբ ընթանա ամբողջ գործընթացը, կարելի է նման պահանջ ձևակերպել հասարակության կողմից:

Սարհատ, Մաշտոցի պուրակում օլիգարխը պարտվեց, սակայն այն ժամանակ նախընտրական գործընթացներ էին, լսվեց քաղաքացիական հասարակության ձայնը: Այս անգամ դարձյալ օլիգարխ-պատգամավոր է կանգնած, ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է նրա կամայականությունները զսպել:
Ամբողջ աշխարհում գործում են ընտրություններին դիվիդենտներ ստանալու «օրենքները»: Միգուցե հաշվի առնելով երկրի տնտեսական և քաղաքական իրավիճակը`ավելի երկարաժամկետ պլանավորում է գնում ձայներ ստանալու, բայց բոլոր տեղերում է այդպես, իշխանությունը լսում է ժողովրդի ձայնը դիվիդենտներ ստանալու համար ընտրական ձայնի տեսքով։ Ես դրանում խնդիր չեմ տեսնում, ուղղակի մի քիչ ցավում եմ, որ դա եղել է վերջին օրը: Սա մարտահրավեր էր տեղական ինքակառավարմանը, որովհետև դա քաղաքապետարանի տեղական ինքնակառավարման մակարդակում լուծվելիք խնդիր էր, այլ ոչ նախագահի մակարդակով, թեև շատ ուրախ եմ, որ լուծվել է: Եթե Փակ շուկայի դեպքում չկա որևէ ընտրական խնդիր, բայց երկարաժամկետ իշխող կուսակցության վարկը պահպանելու համար ենթադրվում է, որ պետք է գնալ կոշտ քայլերի, որն ամրացնելու է իշխանությանը ընտրություններից հետո, մասամբ կարող է փարատել ընտրություններին նկատված խնդիրները: Եվ սա հնարավորություն է իշխող թիմին գնալ այդ քայլին և ստիպել տնտեսապես բավական հզոր մի ուժի աշխատել օրենքի շրջանակում, ոչ թե սեփական շահը մեծացնելու և ինչ-որ մի փոքր բիզնես խեղդելու, այլ երկրի մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգություն չիրականացնելու համար:

Քաղաքապետարանի կողմից չկա որոշում, այս պահին աշխատանքները դադարեցված են, ասվում է, որ չի փոխվելու շուկայի ճարտարապետական տեսքը, որ այս ամենը վերականգնման նպատակ ունի: Եթե ճարտարապետի աչքերով նայեք, մի՞թե անհնար է պահպանել նրա ճարտարապետական տեսքը:
Ճարտարապետի աչքով կարող եմ նայել, երբ կլինի ճարտարապետական նյութ, այսօր չկա նախագիծ, կա տեքստով ցանկություն, որ մենք ուզում ենք տակը սարքել ստորգետյա կառույց, մշակույթի նախարարության ինչ-որ մի չինովնիկ գնացել է գործարքի, ասել է, որ սարքի, ինչի իրավունքը մշակույթի նախարարությունը չունի: Ավելին ասեմ, այն կիսագրագետ մարդկանց 24.000 հուշարձանի պահպանություն է վստահված, Երևանի կենտրոնում մշակույթի նախարարությունից կես կիլոմետրի վրա չեն կարողանում շուկան պահել, 300 մետր հեռավորության վրա ԱՕԿՍ-ի շենքը չեն կարողանում պահել, ավելին, գնում են գործարքի օլիգարխի հետ, որը գիշերով շինարարություն է անում, գնում են գործարքի գրավոր համաձայնության հիման վրա, ասել են՝ սարքի նկուղը, հետո նախագիծը կբերես: Չորս անգամ նախագիծ է բերում, իրենք չեն ընդունում, բայց էլի աչք են փակում: Ես երբեմն խղճում եմ, երբեմն զարմանում եմ այդ մարդկանց անկարողության վրա: Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը ազնիվ է, ուզում է ինչ-որ բան անել, բայց ի վիճակի չէ, քանի որ այս թելերը գնում են Երևանի գլխավոր ճարտարապետի ձեռքերով, և հանուն օլիգարխի շահերի զոհում է մշակույթի նախարարությանը իր խեղճ ու կրակ աշխատակազմով: Արև Սամուելյանը ինչքան էլ ցանկանա օգնել, ի վիճակի չէ, բայց Երևանի գլխավոր ճարտարապետի սարքած բուրգը հնարավորություն չի տալիս, նրանք օգտագործվելու են և նետվելու են մի կողմ:

Իսկ այն, որը տեսքը կպահպանվի, ինչո՞ւ հավատ չի ներշնչում:
Ես չեմ հավատում այլևս որևէ պետական չիովնիկ ճարտարապետի: Սակայն տեսականորեն, այո, հնարավոր է վերականգնել, բայց այն մարդիկ, ովքեր թույլ են տվել քանդել, չունեն մասնագիտական ու մարդկային կարողություն: Քանի դեռ Նարեկ Սարգսյանը այս ոլորտում թիվ մեկ դերակատարն է, չի լինելու նման բան, ասելու է` հա լավ, ինչ է եղել որ, Հյուսիսային պողոտան քանդել սարքել եմ, սա էլ կքանդեմ- կսարքեմ, որի հաջորդ քայլը Հռիփսիմեի գմբեթի փոփոխություն է լինելու: Այսօր պետք է 100 տոկոսանոց նախագիծ քննարկվի ծածկից մինչև բռնակ ու գովազդային վահանակ, դրվի մասնագիտական քննարկման, համաձայնություն տրվի մինչև վերջին մարդը, դրանից առաջ ոչ կառուցապատող, ոչ որևէ չինովնիկ չի կարող այդ կառույցում գործունեություն ծավալել:

Ստեղծվել է նաև հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի ստեղծված իրավիճակը: Որքանո՞վ են մասնագետներ ներգրավված:
Այս խնդիրը պետք չէ տանել ճարտարապետական դաշտ, սա իրավական դաշտի խնդիր է, որը շատ ավելի կարևոր է: Իրավական դաշտում կատարվել է հանցագործություն, օրենքի խախտում, և մարդիկ պետք է ենթարկվեն պատասխանատվության, իսկ ճարտարապետական լուծումները երկրորդական խնդիրներ են:

Սամվել Ալեքսանյանին կարծում եք հնարավո՞ր է պատասխանատվության ենթարկել:
Ես կարծում եմ` սա հենց այն կետն է, որտեղ կարելի է դա անել: Մաշտոցի այգին ձգվեց ռեզինի պես, բայց արդյունք տվեց, եթե վերջնական նպատակին հասավ, այգին պահպանվեց, նույնը այստեղ է լինելու, և սա պետք է շարունակաբար ճնշումների ենթարկվի, բայց նորից եմ ասում, պետք է դրսևորվի նախևառաջ քաղաքական կամք:

Բացի այդ, այստեղ նորից կա գույքի, հանրային ժառանգության խլման խնդիր, և կա օլիգարխիայի գործոնը: Միակ բանը, որ ցավ է պատճառում, շրջակա շենքերի բնակիչների ռեակցիան է, որոնք կողմ են արտահայտվում, որովհետև կարծում են, եթե սա տեղի չունենա, ապա նախկին կռիսանոցն է մնալու: Շենքի բնակիչների հետ պետք է աշխատանք տանել, նրանց բացատրել, որ այս շենքը պահպանելով կարող ենք նաև չունենալ այդ հակահիգենիկ վիճակը: Եթե ֆունկցիայի փոփոխությունն արվում է տակտով, պրոֆեսիոնալ, նման խնդիր չի հարուցվում: Ամերիկյան բազմաթիվ տեղերում եկեղեցիները վերածվել են բնակելի շենքերի, երկաթգծի կայարանները թանգարանի, շուկա կա Բարսելոնայում, որ վերածվել է բնակելի շենքի… հնարավոր է գտնել լուծումներ, բայց հնարավո՞ր է արդյոք մեր պարագայում գտնել սկզբունքային պրոֆեսիոնալ չինովնիկներ, կարծում եմ` դժվար է:

Եթե այսպես շարունակվի, մենք կսպառենք մեր նախկին մշակութային ժառանգությունը, կվերածվեք առանց հիշողության, միջին մակարդակ ունեցող մի հասարակության, որի համար վաստակավոր երաժիշտներ, ճարտարապետներ են դառնում գիտենք ովքեր, մրցանակներ են ստանում գիտենք ովքեր, և կդառնանք շարքային հասարակություն, կենացների ժամանակ կհիշեն Թամանյանին, բայց իրականում կգան և կտեսնեն Նարեկ Սարգսյանի գծած այլանդակ շենքերը:

Այսօր կա մեկ այլ ավելի ցավալի գործընթաց։ Ճարտարապետական կոռումպացված բուրգի գագաթին նստած Նարեկ Սարգսյանը կերակրում է ճարտարապետական փոքր երիտասարդական ընկերություններին և իր տեսակն է բազմացնում, որ հետո խնդիր չունենա: Այսինքն` մենք նարեկսարգսյաններից չենք ձերբազատվելու, և սա ես ասում եմ մեծ ցավով։

Մեկ այլ նոր մարտահրավեր էլ է առաջանում, այն անգամ մասնագիտական դաշտից դուրս։ Մինչ այսօր քաղաքացիական հասարակությունը ակտիվորեն օգտագործում էր սոցիալական ցանցերը, բայց դա սկսել են կիսել նաև քաղաքացիական հասարակության մեր կողմից ընունելի հայացքներ չունեցող, այլ գաղափարներ ունեցող մարդիկ, մենք տեսանք բազամազանության մշակույթի երթի ռեակցիան: Խնդիրը ձևավորում է ակտիվ մասսա, որն իր կայացման համար սկսել է օգտագործել սոցցանցերը, բայց որտեղ արդեն կան ոչ քաղաքացիական հասարակության կարծիքը կիսող մադրիկ: Ֆեյսբուքով մեզ թվաց բոլորս իրար գտանք, վերջ, բայց տեսանք որ ոչ: Սա նոր մարտահրավեր է քաղաքացիական հասարակությանը: Գործիքները, որոնց մենք տիրապետում էինք, հիմա սկսել են տիրապետել ուրիշները: Մենք նոր գործիքներ պետք է հայտնաբերենք, որոնցով պետք է դիմակայենք այդ մարտահրավերներին:

Ամփոփելով մի քիչ էլ դրական բաներ ասեմ։ Կարծում եմ` մեր երկրի ամենամեծ պրոբլեմներից մեկն այն է, որ ինքն անհույս կորած չէ, որովհետև մենք ունենք հաջողություններ, որոնք մեզ հույս են տալիս մյուս խնդրի լուծման համար պայքարել, իրականում այդպես է հաջողություն լինում: Ու այսպես շարունակ մինչև մեր պատկերացրած Նոր Հայաստան։


© 2009 - 2012 // UrbanLabYerevan - Institute for Democratization of Urban Planning /// www.urbanlab.am
Post a Comment