Հարցազրույց ճարտարապետ Սարհատ Պետրոսյանի հետ


Նարեկ Սարգսյանը եւ իր թիմն ի վիճակի չեն խնդիրներ լուծելու
Հարցազրույց ճարտարապետ Սարհատ Պետրոսյանի հետ
Հեղինակ՝ Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Հղումը՝ http://www.hraparak.am/119384/


-Դուք հետեւո՞ւմ եք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերին: Քաղաքաշինական առումով բավարա՞ր են դրանք:

- Այս ավագանու ընտրությունները համեմատելով նախորդների հետ, էականորեն բարելավվել է, այսինքն՝ ծրագրերում եւ այն տեքստերը, որ արտաբերվում են նախընտրական շրջանում, դրանց մեջ քաղաքային տնտեսության գրագիտության զգալի բարձրացում կա: Մետրոպոլիտենի գաղափարը, քաղաքի գլխավոր հատակագծի մասին խոսելը շատ արժեքավոր ձեռքբերումներ են: Մտածում ես՝ այդ ծրագրերն այդքան քաղաքականացվել են, լա՞վ է, թե՞ վատ: Քաղաքականացվելը նպաստում է, որ դրանք լինեն ավելի մրցակցային, այդ առումով միգուցե լավ է:


- Որպես ճարտարապետ, համեմատության մեջ, ինչպե՞ս կբնորոշեիք կուսակցությունների նախընտրական ծրագրերը:

- Շատ մակերեսային դիտարկելով, կարծում եմ, որ ամենալավը Դաշնակցության ծրագիրն է՝ ամենայն մանրամասնությամբ գրված, շատ ավելի հայեցակարգային խնդիրներ է դնում. Կենտրոնում բացառել բնակելի կառուցապատումը, որ որեւէ մեկի մոտ չենք հանդիպում: Մյուսների տեքստերը մասնագիտական առումով բավականին թույլ են: Շատ տպավորված եմ Վահագն Խաչատրյանի հեռուստաելույթով, մոտեցումները բավականին տպավորիչ էին եւ կարող են բավականին դրական լինել: Խորապես հիասթափված եմ ՀՀԿ-ի նախընտրական ծրագրից, որեւէ մասնագիտական մոտեցում չկա հատկապես քաղաքաշինական մասում: Քաղաքաշինական խնդիրների լուծումը նորից կետային է, ասենք՝ Կոմիտասի թանգարան, Կոնդի մասին, եւ քաղաքաշինությունը չկա: Այդ մոտեցումն էր քաղաքապետարանի նախկին տարիների քաղաքաշինական քաղաքականության մեջ: Ցավոք, «Ժառանգության» ծրագիրը դեռեւս չկա, որպեսզի կարողանանք դատողություններ անենք:


- Ո՞րն է քաղաքաշինության ամենախոցելի կետը, եւ ինչի՞ հետեւանքով է այս ամբողջ կառուցապատման խառնաշփոթը:

- Այսօր Երեւանը շատ խորը քաղաքաշինական խնդիրներ ունի՝ բոլոր լանջերի կառուցապատումը, իսկ այսօր Երեւանում գոյություն չունի քաղաքաշինական քաղաքականություն, բացարձակ չկա: Կան կետային լուծումներ, որոնք գլխավոր ճարտարապետը եւ իր մերձավորներն ինչ-որ տեղերում դնում են շենքեր: Չկան նորմեր ու չափանիշներ, եթե դրանք սկսեն գործել, ապա այն կոռուպցիոն համակարգը, որի գագաթին կանգնած են հայտնի մարդիկ, հանձին գլխավոր ճարտարապետի, կսկսի չաշխատել: Այսինքն՝ այդ նորմերի, գլխավոր հատակագծի չգոյությունը, դրա վարկաբեկումը նպաստում է հզոր կոռուպցիոն համակարգի, որը կերակրում է  բազմաթիվ մարդկանց, ճարտարապետների, որոնք քաղաքաշինությունից առհասարակ գաղափար չունեն:


- Ի՞նչ մոտեցումներ են անհրաժեշտ բարեխիղճ քաղաքաշինության համար:

- Երեւանի գլխավոր նախագծում եւ քաղաքապետարանի ամենօրյա աշխատանքում չեմ տեսնում քաղաքի կառավարման հայեցակարգը, տեսնում եմ միայն զարգացում, իսկ զարգացում հենց այնպես չի լինում, այն պետք է կառավարես: Իսկ մենք անկառավարելի զարգացում ենք ունենում, մենք կետային «խծբ» տրամաբանությամբ կամ ինչ-որ այլ պատճառներով, փողի համար, իրականացնում ենք ինչ-որ քաղաքաշինական զարգացում, դրա արդյունքում չենք տեսնում չափանիշներ, չեն երեւում այն գործոնները, որոնք անհրաժեշտ են քաղաքի կառավարմանը, որովհետեւ, բառիս բուն իմաստով, քաղաքապետարանի մերձակայքում չկան նման ճարտարապետներ, որոնք տիրապետեն այդ գործիքներին: Ես հավատացնում են ձեզ, որ բոլոր որակյալ մասնագետները քաղաքաշինական գործընթացի հետ որեւէ կապ չունեն, իսկ Նարեկ Սարգսյանը եւ իր թիմն ի վիճակի չեն դրանք անելու: Նարեկ Սարգսյանը կոռումպացված ճարտարապետ է, իր կազմակերպությունում միանգամից հարստացել են եւ դարձել են պատվերների տեր, այդ ո՞ր մի ճարտարապետական արժանիքի շնորհիվ: Այսօր նայում ես եւ տեսնում, որ ավագանու ցուցակի մեջ նորից Լեւոն Իգիթյանը կա եւ մյուսները, փաստորեն, քաղաքականության մեջ փոփոխություն չի եղել: Ես շատ ցավ եմ ապրում, որովհետեւ նոր մարդիկ, որոնք հայտնվել են ՀՀԿ ցուցակում, թվում է, թե նոր որակ պետք է լինի, բայց տեսնում ես, որ նույն տրամաբանությամբ շարունակում են, եւ ծրագրում էլ է այդպես երեւում:


- Իսկ ծածկած շուկայի խայտառակությո՞ւնը, որի դեմը պարզապես չենք կարողանում առնել, Երեւանի կենտրոնի շնչահեղձող կառուցապատո՞ւմը, որ արդեն ասեղ գցելու տեղ չի մնացել:

- Երեւանի կենտրոնի մասին օրենքի ստեղծումը բացարձակ անգրագիտություն է, որովհետեւ քաղաքի կենտրոնի համար օրենք չի լինում, քաղաքները կառավարվում են իրենց քաղաքաշինական փաստաթղթերով, ուղղակի պետք է հարգել այդ փաստաթղթերը: Եթե չես կարողանում քաղաքաշինական փաստաթղթերով իրականացնել գործունեությունը, նշանակում է՝ անկարող ես: Դա ցույց է տալիս այդ ամբողջ թիմը, որն իրականացրել է իր անկարողությունը: Օրենքի մասին խոսակցությունը, ես հավատացնում եմ, խնդիր չի լուծելու, դա ուղղակի ժամանակ ձգել է, թոզ փչոցի է, որովհետեւ այսօր էլ շարունակում են թույլտվություններ տալ: Այդ մասին խոսելուց հետո էլ հենց այլանդակ կերպով սկսվեց ծածկած շուկայի գործընթացը: Եվ սա այս 15 տարիների ամբողջ այլանդակությունների գագաթնակետն է, այսինքն՝ Հյուսիսային պողոտայով սկսված գործընթացը եկել-եկել, հասել է դրան: Եթե մենք այս ավագանու ընտրություններով դրա դեմը չենք առնում, դա շարունակվելու է: Արդեն այդ նույն ամպերը հավաքվել են ԱԳ նախարարության շենքի շուրջ: Այս քաղաքաշինությունը կոլապսի է տանում: Էլ չեմ խոսում սեյսմիկայի մասին, կառուցապատման այս չմտածված խտացումը, որ տեղի է ունենում քաղաքի կենտրոնում, ուղղակի կատաստրոֆա է:


- Իսկ Երեւանի գլխավոր հատակագիծը չի՞ գործում, կառուցապատելիս չե՞ն առաջնորդվում դրանով:

- Ես համաձայն եմ, որ Երեւանի այսօրվա գլխավոր նախագիծը չի համապատասխանում ներկա խնդիրներին, բայց եթե Սահմանադրությունը չի համապատասխանում քո երկրի օրենքներին, դու չես խախտում, կանգնեցնում ես ինչ-որ գործընթաց, կատարում ես Սահմանադրության փոփոխություն, որ սկսի աշխատել: Մենք այսօր ինչ-որ մարդկանց բերանով լսում ենք, որ գլխավոր նախագիծը վատն է, եւ տեղի է ունենում դրա խախտում: Ամեն ինչ գլխավոր նախագծի խախտում է. ինչ որ տեղի է ունեցել այս վերջին տարիներին, մեկ-երկու բան հազիվ գտնես, որ համապատասխանում է գլխավոր նախագծին: 12 տարի է՝ փորձում ենք քաղաքաշինության ոլորտում մի քիչ քաղաքակիրթ ոճ ներկայացնել, չի ստացվում: Քաղաքի այսպիսի կառուցապատումը, որի համար սերունդները տասն անգամ ավելի են հատուցելու, տանում է մի կետ՝ դա գլխավոր ճարտարապետարանն է՝ հանձին մի մարդու, որին հանում ես, մեկ ուրիշին ես դնում, ոչինչ չի փոխվում, դա կոռումպացված կառույց է, որը մինչեւ արմատախիլ չլինի, մեր քաղաքում այս խնդիրներն ունենալու ենք: Կամ ավագանին է սկսում աշխատել, ճնշում գործադրել գլխավոր ճարտարապետարանի վրա: Հակառակ դեպքում քաղաքը շատ մեծ կորուստներ է կրելու:


-- © 2009 - 2013 // urbanlab Yerevan, an Institute for Democratization of Urban Planning /// www.urbanlab.am
Post a Comment