Երևանի ավագանի սուրճի բաժակի կարգավիճակ ուներ


Հեղինակ՝ Սիրանույշ Պապյան
Հղումը՝ http://lragir.am/index.php/arm/0/interview/view/81543


Մեր զրուցակիցն է քաղաքաշինարար, ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը։

Սարհատ, մայիսի 5-ին Երևանի ավագանու ընտրություններ են, արդյոք հետևե՞լ եք կուսակցությունների ծրագրերին, սա ի վերջո ավելի քաղաքակա՞ն, թե քաղաքային ընտրություններ են:

Ի սկզբանե Երևանի ավագանու ինստիտուտի ներդրումը նպատակ ուներ այն չքաղաքականացնել: Կարծում էի, որ գոնե մինչև այս ավագանու ընտրությունները մեկ անգամ կվերանայվի Երևանի մասին օրենքը, և փորձ կարվի փոխել եղած կառուցվածքը, քանի որ եթե ԱԺ-ի դեպքում հարյուր տոկոսանոց համամասնականի կողմնակից եմ, քաղաքի դեպքում համամասնականն այնքան էլ ճիշտ չէ, Երևանի նման մեծ միավորի, 1-2 միլիոնին մեկ ղեկավարը բավական չգործող մեխանիզմ է, քանի որ երևանցու և քաղաքապետի կապը տեսականորեն խզվում է, հետո գալիս են վարչական ղեկավարները, որոնք ընտրովի չեն: Այսինքն՝ եթե ինչ-որ փոփոխություն լիներ, ես անպայման կառաջարկեի անցնել Երևանի ավագանու մեծամասնական տրամաբանության, Երևանը տրոհվեր շուրջ 60 և ավելի մասերի՝ յուրաքանչյուրում մոտ քսան հազար բնակչով:

Բացի այդ, դիսկուրսը, որ այսօր գնում է, շատ քաղաքականացված է այն առումով, որ այն կրկնում է մեր երկրում առկա քաղաքական դիսկուրսին: Այն տեքստերը, գաղափարները, որ հնչում են, ռոմանտիկ հուզիչ արտահայտություններ են, քաղաքական հստակ արտահայտություններ են, որոնք որևէ մեկին չեն հետաքրքրում: Դրանցում չկան քաղաքի կառավարման ռադիկալ փոփոխությունների մասին առաջարկություններ ու գաղափարներ։ Քաղաքացիական հասարակության ճնշման արդյունքում Երևանի քաղաքային կառավարման մեջ առաջընթաց չենք կարող չնկատել, այսօր Երևանի քաղաքապետարանի աշխատաոճում տեղի են ունեցել փոփոխություններ, նոր գաղափարներ են դրվում սեղանին: Նախ, քաղաքապետարանը սկսել է թափանցիկ աշխատել, հանրային կարծիքին մեծ ուշադրության  դարձնել: Կանաչ քաղաք ունենալու ձգտում կա, նույնիսկ երբեմն չափազանցված: Բացի այդ, սկսել ենք խոսել  օլիգոպոլիաների մասին, որոնք թեև չեն քանդվում, բայց եթե նրանք պրոֆեսիոնալ արվեն, կարողանան լուծել կադրային խնդիրներ, միգուցե ամեն ինչ իր տեղն ընկնի: Հուսով եմ՝ դա կհասնի նաև քաղաքաշինության ոլորտի օլիգոպոլիաներին։


Փակ շուկայի դեպքում կա հասարակական մեծ ճնշում, բայց մշակույթի նախարարությունն ու քաղաքապետարանն անզոր են, այս դեպքում ձեր նշած կադրային փոփոխությունն ի՞նչ կարող է փոխել:

Ճանաչելով կառուցապատողին և իմանալով քաղաքաշինական առկա դրվածքը, ես որևէ հիմք չունեմ լավատես լինելու: Ինչու եմ միշտ շեշտադրումը կադրերի վրա անում, որովհետև մենք չգիտենք՝ մշակույթի նախարարությունը կամ քաղաքապետարանը ինչ ջանք է գործադրել կոնկրետ Ծածկված շուկայի խնդրի լուծման դեպքում, փոխարենը մի չինովնիկ կարող է ասել՝ բա չհասկացանք, Պողոս Պողոսյանի շենքի դեպքում ինչի՞ նույն ոգևորությամբ չէիք պայքարում: Այսինքն՝ այստեղ հեղափոխական փոփոխություններ ունենալու համար հենց կադրային խնդիրն է կարևոր՝ իհարկե հիմքում ունենալով համակարգային խնդիրները, բայց նրանց մեջ պետք է լինի հստակ կադրային քաղաքականություն, որովհետև այն կոռումպացված չինովնիկները, ովքեր թույլ են տվել այս ամենը տեղի ունենա, իրենք չեն կարող մարդկային և բարոյական առումով վաղն աշխատել այլ կերպ: Եվ երբ քաղաքապետարանում հիմա երիտասարդական անցումի հարցն է քննարկվում, ես հիմքեր չունեմ նրանց հավատալու: Այս ամենով հանդերձ, ներքին զգացողություն ունեմ, որ Շուկան վերադարձվելու է նախկին տեսքին մոտիկ ինչ-որ վիճակի՝ բնականաբար որակապես նոր կադրեր ներգրավելով։


Այսինքն՝ Սերժ Սարգսյանն էլի կգա կասի՝ Տարոն ջան, սիրուն չի:

Միգուցե։ Բայց քանի դեռ մարդիկ պատասխանատվություն չեն կրում այդ այլանդակության համար՝ սկսած կառուցապատողից, վերջացրած վախկոտ կամ կոռումպացված չինովնիկից, ապա մենք անընդհատ նույն կետում ենք մնալու, օրինակ ԱԳՆ-ը, Երիտասարդական մետրոյի անցումը, մի քանի օր առաջ լսեցի նորից Կոնդի մասին են սկսել մտմտալ։
Ի դեպ, ՀՀԿ ցուցակում  և նույնիսկ առաջին եռյակում կան մարդիկ, որ ինձ համար ընդունելի են, բայց այն կուսակցությունը, որն իր համակարգում պահել է Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը զբաղեցնող անձին, այն կուսակցությունը, որն իր ավագանու ցուցակում պահել է մեկ այլ ուրիշ պուլպուլակասեր, ինձ համար այդ կուսակցությունն այլևս վստահություն չի ներշնչում։ Ավելին, ցուցապաստառներում տեսնում եմ բաձրահարկերով պատված Երևան, որտեղ չկան մեր քաղաքային սիմվոլները, որ յուրաքանչյուր երևանցու հետաքրքրում են, և սա մշակութային խնդիր է: Պաստառներից դատելով՝ այդ Երևանում գոյություն չունեն պատմությունն ու քաղաքային մշակույթը, չնայած այն փաստին, որ դրան նվիրված հոլովակ աչքովս ընկավ։ Սա շատ խորը մշակութային խնդիր է: Եվ եթե օրինակ ես շատ ուրախանում էի, որ նախագահական ընտրությունների քարոզարշավին Հյուսիսային պողոտան ցույց չէին տալիս, և ես հասկանում էի, որ հասկացել են, որ այդ աղբը չի կարելի ցույց տալ, Մատենադարանի շենքն է ցույց տրվում, որն այս համընդհանուր  գորշության մեջ մի քիչ գրագետ արված շենք է միայն և գլուխգործոց է դառնում մյուս այլանդակությունների ֆոնին միայն։ Փաստորեն ավելի լավ Երևանը ամեն դեպքում այն Երևանը չէ, որը ես եմ պատկերացնում:


Այս պարագայում ո՞ւմ պետք է վստահել քաղաքի ղեկավարումը, քաղաքի ճարտարապետությունը, երբ մենք ունենք գլխավոր դիզայների օրինակը, որն ասում է, որ գլխով պատասխան է տալիս քաղաքի յուրաքանչյուր ձևավորման համար, և ավելի անճաշակ դարձնում ամեն ինչ:

Քաղաքապետարանին վերաբերում են միայն քաղաքաշինական խնդիրները: Առհասարակ պետք է ազատվել գլխավոր ճարտարապետի կամ դիզայների հորինված պաշտոններից։ Այդ գործով պետք է զբաղվեն քաղաքաշինարարները, կամ ցանկացած մարդ, նույնիսկ իրավաբան։ Այդ պաշտոնը զբաղեցնողները պետք է տիրապետեն հանրային կառավարման մեթոդներին ու վերջ։ Երբ մենք այսօր նշանակում ենք քաղաքի գլխավոր ճարտարապետ, նա իր թիմով գալիս է, և կոռուպցիոն մի ամբողջ բուրգն է դրվում, և այսօր Երևանի բոլոր շենքերը 20-25 հոգի են նախագծում: Ցավոք, վերջին 4-5 տարիներին արատավոր մեկ այլ բան եղավ՝ այդ խունտային միացան երիտասարդներ։ Առհասարակ, նախկին կոմսոմոլի հոգնաբանությամբ չինովնիկ-քաղաքական գործիչների այս նոր տեսակը, որ մտնում է քաղաքական դաշտ ու ապականում նաև քաղաքացիական ակտիվիզմը, որը երկրի ամենամեծ ձեռքբերումներից է, շատ վտանգավոր է։ Երիտասարդ լինելն ու դոշին կպցրած կրծքանշանը միակ չափանիշը չպետք է լինեն: Այս ընտրություններում կան երեք ինչ- որ բան ասող ցուցակներ՝ ՀՀԿ, մի քիչ ավելի հասկանալի և ընդունելի է Բարև, Երևան-ի ցուցակը, մի քիչ ավելի քիչ՝ ՀԱԿ-ի ցուցակը, մյուսների մասին չեմ խոսում, քանի որ առաջին երկու տեղերից հետո որևէ մեկին չեմ ճանաչում, բայց ասածս ցուցակները նոր որակ են տալու քաղաքին: Նախորդ ավագանին Ձեր այս սուրճի բաժակի կարգավիճակն ուներ, չէր աշխատում, այս ավագանին կարող է և պետք ազդեցություն ունենա խնդիրների ավելի որակյալ լուծման համար:



-- © 2009 - 2013 // urbanlab Yerevan, an Institute for Democratization of Urban Planning /// www.urbanlab.am
Post a Comment