Ի՞նչպես պահպանել Կոնդը...



















Եթե չեմ սխալվում 2005 թվականին Մարդու իրավունքների հելսինկյան կոմիտեի հետ միասին Երեւան հյուրանոցնում կազմակերպել էինք Երեւանի հուշարձանների վերաբերյալ քննարկում։ Հրավիրված էին ճարտարապետության դոկտորներ Վարազդատ Հարությունյանն ու Լոլա Դոլուխանյանը, ներկա էր նաեւ Մարիետա Գասպարյանը (ով ցավոք այժմ արդեն հանդիսանում է Երեւանի պատմական ժառանգության քանդարարների պաշտպանը, արդարացնելով Աֆրիկյանների շենքն ու ընտրողաբար քննադատելով է Շահումյանի հրապարակի “վերակառուցումները”)։ Այդ հանդիպմանը ես որպես նորավարտ ճարտարապետ (դեռ ոչ քաղաքաշինարար) ներկայացում էի Կոնդ թաղամասի կարեւորությունն ու դրա պահպանության ահրաժեշտությունը։ Նարեկ Սարգսյանն էլ արդեն հրաժարական էր տվել Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից, բայց եթե չեմ սխալվում ինչ որ իրավական փաստաթղթով հանդիսանում էր Հյուսիսային պողոտայի նախագծի գլխավոր ճարտարապետը կամ դրա նման մի բան։
Ինչ խոսք ահագին թեժ քննարկմանը նրա ներկայությունը համարձակ քայլ էր։ Երբ ես շատ անհաջող (հայերեն տառատեսակների տեխնիկական պատճառով, քանի որ դեռ յունիքոդն այդքան տարածված չէր կամ առհասարակ չկար) ներկայացրեցի իմ տեսակետը Կոնդի վերաբերյալ Նարեկ Սարգսյանը ձայն խնդրեց եւ մեկ առ մեկ ներկայացրեց իր նկատառումները բոլոր նախորդ ելույթների մասին, բացառությամբ իմ։ Եթե չեմ սխալվում արվեստաբան Լեւոն Չուքասզյանը տեղից ռեպլիկ թողեց որում ասեց, ի՞սկ երիտասարդի հարցին ինչ կարձագանքեց։ Նորից ճշգրիտ չեմ հիշում ինչ ասեց Նարեկ Սարգսյանը, բայց մոտավորապես ասեց. դե երիտասարդն Իրանում է ծնվել եւ հատուկ վերաբերմունք ունի պարսակական ժառանգության նկատմամբ։ Այն ժամանակ իհարկե ծանր տարա քանի որ նոր է սկսել զբաղվել հասարակական հնչեղություն ունեցող խնդիրներով ու նաեւ մեղավոր էի ինձ զգում վատ ներկայացման համար։

Անցան տարիներ, եւ ընկերներիցս մեկն ինձ մի քանի օր առաջ ուղարկեց մի տեսագրություն, որում հենց նույն Նարեկ Սարգսյանն ասում է որ “…կան հատվածներ որոնք արժեք են ներկայացնում, բայց շատ լոկալ տեղերում են, այդպես միասնական չեն…” [7:44]:

Ավելին, մայիսի 2-ին Երեւաննախագիծ ինստիտուտի ներկայիս տնօրեն Սիրեկան Օհանյանն, ում ներկայացնելու համար ուղղակի նշենք հանդիսանում է Հրաչյա Աճառյանի դպրոցի քանդման հաշվին կառուցված հաճախակի անուն փոխող ուսումնական շենքի հեղինակը, հայտարարել է. “Կոնդ պատմական թաղամասի … վերակառուցման գործում համագործակցում են պատմական թաղամասերի վերակառուցման փորձ ունեցող Լիոնցի գործընկերներ հետ” [0:03]։ Չնայած նույն ինստիտուտի 2007-8 թվականների կենտրոնի գոտեւորման նախագծով ու քաղաքապետարանի արդեն սկսված վերակառուցումներն ընդհանրապես նման տպավորություն չեն թողնում, բայց ամեն դեպքում կարծես թե փոփոխություն է նկատվում։

Իհարկե նման ռոմանտիկ հայտարարություններ մենք էլի ենք լսել, մասնավորապես 2005 թվականին երբ նաեւ մեր կազմակերպած ստորագրահավաքի արդյունքում նախաձեռնվեց Հին Երեւան նախագիծը։ Այն հիմա ընդհանրապես կապ չունի այն ինչ մենք պատկերացնում էինք այն ժամանակ, բայց կույր (առանց սարկազմի) պետք է լինել մեր չինովնիկ-ճարտարապետ գործընկերների մտածողության փոփոխությունը չնկատելու համար։

Սկսած 2005 թվականից մեր շարունակական աշխատանքը կարծես թե շատ փոքրիկ բայց արդյունք տալիս է։ Իհարկե “ինչ անելու” պատասխանն ունենալուց հետո գալիս հետո գալիս է “ինչպես անելու” խնդիրը… Պետք է այնպես անել որ Հին Երեւան 2.0-ը Կոնդում չլինի, այն Երեւանի վերջին շանսերից է։  

Սարհատ Պետրոսյան
ուրբանլաբի տնօրեն


///// Creative Common / 2009-2017 // urbanlab.am
Post a Comment