Ֆիրդուսնոցի բազարը

Արդեն մի քանի ժամանակ է ինչ ակտիվացել են Ֆիրդուսնոցի շուկա կոչվող համանում փողոցի շրջակա տարածքում, այսպես կոչված 33-րդ թաղամասում, խոշոր քաղաքաշինական վերակառուցման մասին խոսակցություններն ու երեկ նույնիսկ փորձ արվեց սկսել աշխատանքները։ Չնայած կարծում եմ որ Երեւան քաղաքում բանը-բանից անցել է, եւ այլեւս որպես քաղաքային միջավայր գրեթե ոչ մի արժեքավոր պատմական միջավայր չի մնացել որի պահպանության համար արժե պայքարել, այնուամենայնիվ երեկ մի քանի գրառումներից հետո որոշեցի անդրադառնել խնդրին։ Այն նպատակ չունի եւ չի էլ կարող ազդել գործընթացի վրա, բայց կարող է ինչ որ կերպ ազդել առողջ մտածող մարդկանց դիրքորոշման վրա։

Տարածքի արժեքը
Այս տարածքը Երեւանի 18-րդ դարից մնացած արեւելյան շուկայի տարածքն է, որը սկսվելով այստեղից հասնում էր մինչեւ ԳՈՒՄ-ի շուկայի ներկայիս տարածք։ Չնայած խորհրդային տարիներին փորձ արվեց տարածքի "նշանակությունը" փոխել, բայց անկախության շրջանը "տեղը" գցեց ու քաղաքի այդ մասը 1990-ականներից վերադարձավ իր պատմական կարգավիճակին։ Կարծում եմ հատկապես Ծածկած շուկայի վայրագ քանդումից հետո Երեւանին որպես արեւելքի ու արեւմուտքի հատման կետում գտնվող քաղաքի նման մի միջավայր որում կա պատմական շուկայի միջավայր ու տրամադրություն ոչ միայն անհրաժեշտ է այլև հեռանկարային։չ

Ինչ վերաբերվում է "տգեղ", "նեղ", "փնթի" կամ "քրչի բազար" լինելուն, այո ամենաբարվոք վիճակում չէր թաղամասը ու կարիք ուներ գլոբալ վերակառուցման։ Բայց հիշեցնեմ գրեթե նույն պատճառներով է վերացվել Հյուսիսային պողոտայի տեղում եղած պատմական թաղամասը, վերջին 10 տարիներին ու այսօր եւս Երեւանի միակ 19-րդ դարի վերջն ու 20-րդ դարի սկիզբը մարմնավորող կենտրոնում մնացած վերջին Արամի ու Բուզանդի փողոցներով պարփակված թաղամասը (իբր Հին Երեւան կառուցելու համար), Աբովյան փողոցը, էլ չասեմ Ծածկած շուկայի "կռիսանոց" լինելը դրոշա դարձրածներին։ Այս մասին շատ անգամներ շատերն են խոսել, թե շատ մշակութային ժառանգության տարածքների կարելի է նման որակումներ տալ, բայց արդյո՞ք պետք է քանդել դրանք բոլորը, օրինակ Գյումրիի կենտրոնի բազմաթիվ շենքեր․․․ Կոնդի մեծ մասը նույնպես նման շենքերից են բաղկացած։ Էլ չեմ ասում բազմաթիվ "փնթի" կիսաավեր եկեղեցիներն ու այլ միջնադարյան կառույցները... 

Պատմական թաղամաս ու միջավայր պահպանելու շատ պատճառներ կարելի է մատնանշել, բայց քանի որ մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում ու երկրում որ կապիտալիզացիան ու տնտեսության մուլտիպլիկատիվ արդյունքներն են կարեւորվում, շատ ուզում եմ նշել հատկապես պատմական թաղամասի տնտեսական ավելացված արժեք բերելու կողմերից մեկի մասին։

Քաղաքային զարգացում, տվյալ դեպքում հյուրանոցներ ու էլիտար տներ, կարելի է կառուցել ամեն տեղ, բայց երբ կա պատմական ժառանգություն դրանք բերում են իրենց հետ այնպիսի հնարավորություն որ չի կարող լինել այլ վայրում։ 

Այսինքն այն հյուրանոցը որ կառուցվելու է Ֆիրդուսու տարածքում որն ինչ որ կերպ կապված է լինելու տարածքի պատմության հետ, ունենալու է ավելացված արժեք մեկ այլ տեղում նման հյուրանոցի հետ համեմատությամբ։ Ծանոթ լինելով նախագծին [http://investmentprojects.am/en/41] վերակառուցվող թաղամասում կառուցվելու են շենքեր որոնք կարող էին լինել ուր ասես ու ինչ երկրում ասես։ 

Էլ չեմ ասում որ նորմալ տեսք ու լուծումներ ունեցող շուկայի հատկապես մեր երկրում ու Երեւանի մշակույթի առկայության դեպքում ինչպիսի հետաքրքիր հնարավորություններ էր կարող բացել։ Ամենահայտնի օրինակը Սուրբ Կատերինայի շուկան Բարսելոնայում խնդրեմ՝ http://www.barcelona.com/barcelona_directory/monuments/mercat_santa_caterina:

Առկա շենքերը
Շատերն ասելու են որ այնտեղ չկան արժեքավոր շենքեր։ Ներքեւում եղած լուսանկարը վերցված է investmentprojects.am կայքից որտեղ նշված է քանդվող մասին եզրագիծը կարմիրով։ Իսկ ես շատ արագ ավելացրել եմ օղակով հենց այդ նույն նկարում առկա այն շենքերի մնացորդները որոնք կարող են հիմք ծառայել իմ մատնանշած վերակառուցման համար։ 













Նաեւ մի քանի այլ լուսնակարներ այդ տարածքում առկա պատմական շենքերից.


Աղբյուրը՝ www.otheryerevan.am/en/#id=305 


Աղբյուրը՝ www.otheryerevan.am/en/#id=303 


Ներկայացված նախագիծը
Իմ դիրքորոշումն է որ մենք անկախության շրջանում ճարտարապետության ու քաղաքաշինության ոլորտում ունեցել ենք հատուկենտ հաջողություններ։ Հաջողությունները առանձին շենքերի ու կառույցների տեսքով են։ Իսկ անհաջողությունների թվին են պատկանում գրեթե բոլոր խոշոր քաղաքաշինական նախաձեռնությունները՝ տարատեսակ պողոտաները, տարբեր կառուցվապատված կանաչ տարածքները եւ այլն։ Այնպես որ ժամանակս չեմ վատնի այն քննարկելու վրա, հատկապես որ այն ամբողջովին ժամանակից ու կոնտեքստից դուրս մի առաջարկություն է։ 

Ի դեպ շշուկներ են տարածվում նաեւ որ մեծ բիզնեսը չի ցանկանում կատարել ներդրումներ այդ տարածքում քանի որ տնտեսական առումով կան ռիսկեր՝ բնակելի տների գներն իջնում են, չկա այդ տարածքում բնակելի տների պահանջարկ, հյուրանոցային բիզնեսի շահավետությունը կասկածելի է, այդ տարածքը վերջին տեղն է որ մենք մեր հյուրերին խորհուրդ ենք տալու գնալ։ 

Հատկապես տարածքների վերաբերյալ հանրային ընկալումները շատ կարեւոր են։ Օրինակ մի քանի տարի առաջ ով էր կարող պատկերացնել որ Սարյան փողոցի գինետներով լեցուն հատվածը մրցելու էր Կասկադի հետ։ Դրա պատճառները շատ են որի մասին կարելի է խոսել մեկ այլ անգամ։ Բայց միայն արձանագրենք որ փոքրիկ ու հաճելի դեռեւս ոչ շատ բարձր վարձավճարն ու մի քանի սրճարանների կենտրոնացումն ունեցել են իրենց դերը։ Հավատացեք բազմաթիվ պատմական քաղաքներ, որոնք դուք այցելել եք, նույնպես այս վիճակին են եղել և միայն հետեւողական ու խելքը գլխին քաղաքականության արդյունքում դարձել են սիրելի վայրեր։ 

Չեմ ուզում տուրիզմի մասին խոսել բայց եթե մենք չկարողանանք Երեւանում պատշաճ տուրիստական ենթակառուցվածքներ ստեղծել, ապա չենք կարող տուրիզմ զարգացնել Հայաստանում։ Մենք ձախողել ենք Հայաստանի համաչափ զարգացումն ու արդեն անդառնելի է Երեւանակենտրոն երկիր ունենալու փաստը (որն իդեպ միշտ չի որ վատ է, տես մի շարք եվրոպական երկրներ) ու միեւնույնն է Երեւանում է հանգրվանում այցելուների մեծ մասը։ Իսկ Երեւանը պատմական միջավայր չունի առաջարկելու մեր հյուրերին... 

Այնպես որ Ֆիրդուսու բազարը եւս մեկ կորսված հնարավորություն է... 


Սարհատ Պետրոսյան


///// Creative Common / 2009-2017 // urbanlab.am
Post a Comment