Ստեղծագործական Հայաստան-2017` Հարցազրույց Սարհատ Պետրոսյանի հետ


Մեր մեդիանախագծին իր մասնագիտական, հեղինակավոր կարծիքով միացավ նաև ճարտարապետ, քաղաքաշինարար, ուրբանլաբի տնօրեն Սարհատ Պետրոսյանը, ով նույնպես շեշտադրեց մեր հասարակական և քաղաքական համակարգի ոչ ներառական լինելը. «Ինչ լավ կլիներ` այնպիսի Հայաստան ունենայինք, որ բոլոր հայերը կարողանային մաս կազմել մեր երկրի մշակութային, կրթական, գիտական կյանքին»: Իհարկե, արտառոց է, որ մենք շարունակում ենք երազել այն արժեքների մասին, որոնք որպես պետություն արդեն ամրագրել ենք մեր սահմանադրության մեջ, բայց ճշմարիտ է՝ ցանկացած հասարակություն ունի այնքան իշխանություն, որքան կարողանում է վերցնել և տանել: 

1.Ինչպե՞ս եք գնահատում Ձեր մասնագիտական ոլորտում տարվող պետական քաղաքականությունը (արդյունավետությունը գնահատել 10-ը բալանոց համակարգով):
Ցավոք, այդպես էլ մեզ չհաջողվեց ունենալ քաղաքաշինական քաղաքականություն, և դիտարկելով 2000-ականներից սկսած շրջանը 10 բալանոց համակարգով կնշանակեի՝ 2։ Այդ երկու բալն էլ միայն ստանում ենք նրա համար, որ կարողացել ենք հանրային քննարկման դաշտ բերել քաղաքային խնդիրները, որը, նախ և առաջ, հանրության ու մամուլի ձեռքբերումն է և ոչ ճարտարապետների ու առավել ևս՝ պետության շնորհքը։

2. Որո՞նք են Ձեր մասնագիտական դաշտի ամենակենսական խնդիրները, որ խոչընդոտում են ստեղծարարությանը, և դրանց հրատապ լուծումը կարող է բեկումնային դառնալ ոլորտի առաջխաղացման համար:
Դրանք բազմաթիվ են և դժվար կլինի այս ձևաչափով ներկայացնել։ Ուղղակի, դրա ընդգրկումը ներկայացնելու համար փորձեմ ներկայացնել ամենագլոբալ խնդրից մինչև մեկ կամ երկու ամենափոքրիկ օրինակներ։

Մենք այդպես էլ չկարողացանք թոթափել խորհրդային մտայնությունը քաղաքաշինության վերաբերյալ ու չկարողացանք ձևակերպել` քաղաքաշինություն ասելով ի՞նչ ենք հասկանում, ովքե՞ր են դրա կրողներն ու այդ քաղաքաշինության մեջ որտե՞ղ են ճարտարապետները։ Դա արտացոլված չէ ո՛չ պետական ու տեղական կառավարման համակարգում, ո՛չ օրենքներում ու տարբեր իրավական ակտերում, ո՛չ կրթական ֆորմալ ու ոչ ֆորմալ հարթակներում, ո՛չ մեր ճարտարապետական հանրույթի շրջանակում։

Իսկ մանր խնդիրներից կնշեի, օրինակ, այս մեկը. այդպես էլ չորոշեցինք ու չնորմավորեցինք, թե ինչ տեսք պետք է ունենա քաղաքային աղբամանը (կափարիչով, ծխախոտի համար հանգցնելու հարմարանքով, տոպրակով և այլ) կամ, ասենք, որ դեպքում շենքի առաջին հարկում կարող է թույլատրվել խանութ, գիշերային ակումբ, սրճարան ու «մանղալով» խորովածանոց։ Ու այսպես հազարավոր մանրուքներ, որոնք ձևավորում են մեր անմիջական միջավայրն ու ազդում մեր կյանքի որակի վրա։

3. Համաձա՞յն եք այն մտքի հետ, որ մասնագիտական ցանկացած համայնք պատասխանատու է իր դաշտում կատարվածի համար: Ձեր կարծիքով մեզանում ինչո՞ւ չեն ձևավորվում մասնագիտական պատասխանատու և գործուն ընտրախավեր (էլիտաներ), և ինչո՞ւ են մասնագիտական խնդիրները հիմնականում փոշիանում և այլասերվում սիրողական քննարկումներում:
Միանշանակ համաձայն եմ ու եղել եմ դրա ջատագովներից մեկն իմ ոլորտում` թե՛ հանրային, թե՛ մասնագիտական մակարդակներում։ Հենց այդ պատճառով առաջիններից էի, որ սատարեցի մեր կարևորագույն ճարտարապետներից մեկի՝ Սաշուր Քալաշյանի նախաձեռնությանը՝ ուղղված ճարտարապետական ոլորտն ինքնակարգավորվող դարձնելուն։ Բայց, ինչպես մեր հասարակության տարբեր մակարդակներում, այդպես էլ մասնագիտական հանրույթներում բացակայում է ժողովրդավարական մտածողությունն ու մասնագիտական երկխոսությունը։ Այդ պատճառով էլ նույն այդ նախաձեռնությունը կերպարանափոխվեց ու այլ տեսք ստանալով վերածվեց մի օրենքի (Ճարտարապետական գործունեության մասին օրենքի), որից բազմաթիվ կարևորագույն ու հիմնարար դրույթներ կամ հանվեցին կամ կարվեցին Ձեր նշած էլիտայի հագով։ Ի դեպ, ես այդ էլիտային ժամանակին կոչել եմ ճարտարապետական խունտա և այսօր էլ պնդում եմ, որ կա նման մաֆիայի կառուցվածքով շրջանակ, որը ոչ միայն մաշեցնում ու փոշիացնում է մեր քաղաքներն ու ժառանգությունը, այլև բազմաթիվ պայծառ երիտասարդների թողնում լուսանցքում, որոնք կամ արտագաղթում են, կամ համակերպվում (հասկանալ՝ մարգինալացվում), կամ փոխում են մասնագիտությունը, ընտրելով այնպիսի դաշտ, որտեղ կան նորմալ խաղի կանոններ (ՏՏ կամ այլ ստեղծագործական ոլորտներ)։

Իսկ մասնագիտական խնդիրների մի մասը հենց այդ «էլիտայի» թեթև ձեռքով է, ինչպես նաև պայմանավորված է ճարտարապետական տեսության գրեթե իսպառ բացակայությամբ, կրթական ու գիտական խայտառակ ցածր ու սիրողական մակարդակով։ Չկա մրցակցություն, չկա երկխոսություն, ապա ի՞նչ որակյալ միջավայր ենք ակնկալում, ի՞նչ զարգացող ոլորտ ու տնտեսական առաջընթաց։ Ճիշտ դրա համար էլ շինարարության ոլորտում ունենք խայտառակ արդյունքներ, որին անընդհատ պետությունը մեր հարկերի հաշվին փորձում է խթանել, որն իրականում չի լուծում բուն խնդիրները։

4. Ո՞րն է մասնագիտական ամենաարժեքավոր դառը դասը, որ քաղել եք մեծ տառապանքի գնով, և ի՞նչ ելքային լուծումներ կառաջարկեք Ձեր ոլորտի մրցունակությունը բարձրացնելու և նորարար գաղափարները խթանելու ուղղությամբ:
Կրկին պետք է հիասթափեցնեմ, քանի որ չունեմ վերջնական ու ամբողջական ելքային լուծում և չեմ էլ կարող հավակնել միայնակ ունենալ ոլորտի դեղատոմսը։ Իսկ մտքումս եղած առաջարկություններն էլ հնարավոր չէ այս ձևաչափով ներկայացնել։ Դրանք արտացոլված են մեր կազմակերպության իրականացրած տարբեր տարիներին իրականացրած հետազոտություններում, որոնք հասանելի են մեր կայքում։ Սակայն, ինչպես արդեն նշեցի, միայն իրական մրցակցության ու երկխոսության միջոցով է հնարավոր վեր հանել խնդիրները, հասկանալ լուծումներն ու կամաց-կամաց քայլեր ձեռնարկել իրադրության փոփոխության համար։

Իսկ դառը դասերը շատ են, դրանք սկսվում են 1990-ականներից բոլոր քանդված ու այլասերված շինություններից, մեր Երևանի վայրագ կերպարանափոխման և դեհումանիզացման բոլոր դրսևորումներից, որից յուրաքանչյուրից հետո մտածում եմ՝ ես ինչ կարող էի անել, որ այս ամենը տեղի չունենար։ Ինչ վերաբերում է իմ անձնական դառը դասին, ապա ցավալի կերպով բազմաթիվ լավ գաղափարներ միամտորեն սկուտեղի վրա մատուցելն է, որոնց հետագա ու պատշաճ իրականացման վրա ներազդելու կարողություն գրեթե չեմ ունեցել։ Դրանք բազմաթիվ են, արդեն նշածս օրենքը դրա ամենաթարմ օրինակներից է։

5. Արդյոք պատրա՞ստ եք մասնագիտական դաշտում Ձեզ թույլ տալ այնպիսի արարք, որը Ձեզ կզրկի ֆինանսական կայունությունից ու բարեկեցությունից, բայց մեծագույն օգուտ կտա Հայաստանին:
Ինչ լավ հարցեր եք տալիս, լրիվ սրտովս են։ Ես ոչ թե հետո պետք է այդ վիճակում հայտնվեմ, այլ արդեն հայտնվել եմ։ Բազմաթիվ պատվերներ, որոնք կարող էի ստանալ որպես ճարտարապետ, սակայն չեմ ստացել իմ հանրային գործունեության պատճառով, հենց դրա դրսևորումներն են: Իհարկե, չկա չարիք առանց բարիք։ Դրա փոխարեն ֆանտաստիկ հնարավորություն եմ ստացել կենտրոնանալ տարբեր հետազոտական նախագծերի վրա, որոնք շատ ավելի պիտանի են կամ պիտանի են լինելու ապագայում, քան այսօր մեկ կամ երկու շենք ավել նախագծելն ու կառուցելը։ Ամեն դեպքում, սա հերոսություն չեմ համարում, այլ պահի ու համոզմունքների թելադրանքով արված քայլեր, որոնց արդյունքում մի քանի շենքերի քանդում կամ այլանդակում ժամանակավորապես հետաձգվել է։

6. 2017թ.-ին մասնագիտական դաշտում ստեղծե՞լ եք որևէ արժեք, արե՞լ եք որևէ քայլ, որը Ձեզ հպարտություն է ներշնչել: Ձեզ դո՞ւր է գալիս այն մարդը, ինչպիսին Դուք էիք 2017թ.-ին:
Ես բավականին ինքնաքննադատ անձնավորություն եմ և երբեք գոհ չեմ թե՛ իմ, թե՛ մեր թիմի աշխատանքից (թող ներողամիտ լինեն նրանք)։ Ավելի ճիշտ՝ փորձում եմ ինքնախաբեությամբ չզբաղվել և ավելի շատ խոսում եմ իմ (մեր) չարածի մասին, քան՝ արածի։ Նախորդ տարվա համար շատ ուրախ եմ, որ կարողացանք տպագրել միջազգային հեղինակավոր հրատարակչի կողմից հրատարակվող մեր հետազոտությունների արդյունքները՝ նվիրված Մեծամոր քաղաքին։ Այդ երկար տարիների բազմադիսցիպլին աշխատանքն ինձ համար շատ կարևոր է, քանի որ, կարծում եմ, մեզ հաջողվել է ըստ արժանվույն քննել հայկական ոչ վաղ անցյալի քաղաքային իրողության մի դրսևորում։ Հուսով եմ` այն շուտով կլինի մեր գրախանութներում և կլսենք կառուցողական քննադատություն, որն էլ կսնի մեր ապագա նման նախագծերը։


7.Եթե Ձեզ հնարավորություն տրվեր ուղերձ հղել աշխարհի հայերին, ի՞նչ կասեիք Ձեզ տրված մեկ րոպեի ընթացքում:
Ես նման բաներից` այդ թվում և կենացներ ասելուց լավ չեմ։ Շատ եմ մտածել թե ինչ լավ կլիներ, որ այնպիսի Հայաստան ունենայինք, որ բոլոր հայերը կարողանային մաս կազմել մշակութային, կրթական, գիտական ու այլ ոլորտների գործընթացներում։ Ցավոք, ներկայիս Հայաստանի հասարակական ու քաղաքական համակարգը ներառական չէ, ավելին` այն վանում է բազմաթիվ պայծառ, մտածող մարդկանց։ Բայց, ինչպես ծնողներին չեն ընտրում, այդպես էլ հայրենիքը չեն ընտրում։ Այնպես որ, կարիք չկա փնթփնթալ միայն՝ քննադատաբար մոտենալով գրեթե ամեն ինչին, Հայաստանից նեղանալ չկա։ Եթե կարծում եք՝ վատ ժամանակներ են (ինչ խոսք, շատերս ավելին էինք սպասում այս Հայաստանի Հանրապետությունից), ապա հիշեք, թե քանի սերունդ է երազել այս կամ նման Հայաստան տեսնելու մասին։


«Ստեղծագործական Հայաստան» մեդիանախագիծ

ՎԱՐԴուհի Սիմոնյան
Աստղիկ Ղազարյան
Սյուզան Թոսունյան

Հղումը՝ http://www.tert.am/am/news/2017/12/25/Stexcagorc-Hayastan/2574201


///// Creative Common / 2009-2017 // urbanlab.am
Post a Comment