Ճարտարապետ թե՞ կին


Ճարտարապետ թե՞ կին


Ճարտարապետ, քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանը վերհիշում է Երևանի կյանքում կարևոր ներդրում ունեցող կին ճարտարապետների աշխատանքներն ու դրանց ճակատագրերը, ինչպես նաև բացատրում, թե ինչու ապագայում կանայք ավելի նկատելի կդառնան այդ ոլորտում:





Իրականում վերնագիրը նպատակ ուներ ուղղակի գրավելու Ձեր ուշադրությունը, չնայած չեմ կարող առհասարակ բացառել նման քննարկման առկայությունը մասնագիտական շրջանակներում, ավելին` բուհական պատերի ներսում։ Այդ արդեն անհետաքրքիր դարձած խոսակցության հակադրումն է երիտասարդ ճարտարապետների թվին պատկանող իգական սեռի ներկայացուցիչները, որոնք «քաջաբար» դիմադրում են շինարարների քամահրական վերաբերմունքին, ինչպես նաև Երևանի մի քանի շարք շշմեցնող շենքերի վերաբերյալ հպանցիկ դիտարկմանը, որոնց հեղինակները կանայք են։

Ամենահայտնին

Քանի որ հայտնիների ժամանակներում ենք ապրում, ճիշտ է սկսել ամենաճանաչված երևանցի կին ճարտարապետ Աննա Տեր-Ավետիքյանի կառուցած շենքերից, որոնցից երկու կարևորագույններն արդեն ցավոք չկան (ընդ որում, երկուսն էլ հողին են հավասարեցվել դեռ հեղինակի կենդանության օրոք)։ Մի շարք տեղերում հանդիպել եմ նրա մասին առաջին հայ կին ճարտարապետ տիտղոսին, քանի որ նա հանդիսանում է 1928-ին առաջին շրջանավարտներն ունեցած ճարտարապետական դպրոցի առաջին իգական շրջանավարտը, որից հետո աշխատել է 20-րդ դարի երկու խոշոր հայ ճարտարապետների` Նիկողայոս Բունիաթյանի և Ալեքսանդր Թամանյանի հետ։ Նրա արդեն քանդված շենքերի` Լեզվի ինստիտուտի (Սայաթ-Նովա և Աբովյան խաչմերուկի սբ. Կաթողիկե եկեղեցու հարևանությամբ, քանդվել է 2007-ին) և Սասունցի Դավթի հրապարակի համանուն կիոնթատրոնի (քանդվել է 1980-ականներին) շենքերին կողքին դեռևս կանգուն են Մաշտոց – Կորյուն խաչմերուկին բոլորին հայտնի «Պոնչիականոցի», բայց իրականում կինեմատոգրաֆիստների կամ Աբովյան 28 հասցեում գտնվող գողտրիկ բնակելի շենքը, որն ի դեպ նրա առաջին ինքնուրույն աշխատանքն է։ Նրա և ամուսնու Կոստանդին Հովհաննիսյանի համատեղ նախագծաված ՀՀ Ոստիկանության շենքն ու Բաղրամյան 1 հասցեում գտնվող շենքերն էլ հանդիսանում են Երևանի երկու կարևոր անկյուններ ու քաղաքային մասշտաբ ձևավորող շենքեր։ 

Տիկնիկայինի փակ նախասրահ

Աննա Տեր-Ավետիքյանի աշխատանքների կողքին աչքի են ընկնում նաև 1970-ականների կառուցված  Շախմատի տունը Օղակաձև զբոսայգում՝ նախագծված Ժաննա Մեշչերյակովայի կողմից և Տիկնկային թատրոնի շենքը՝ Մարգարիտա Հայրապետյանի հեղինակությամբ (Ֆելիքս Զարգարյանի համահեղինակությամբ)։ 
Հիշում եմ, երբ ուշ 90-ականների թե վաղ 2000-ականներին Երևանում նոր թափ էին հավաքում խանութների «առաջ տված» մուտքերն ու շենքերի ճակատների մաս-մաս երեսապատումները, Մարգարիտա Հայրապետյանը փորձում էր պայքարել, որպեսզի Տիկնիկային թատրոնի շենքի խառը շարվածքները պահպանվեն այնպես, ինչպես նախագծված էին, որը, ինչպես ապագայում պարզվեց, սիզոփոսյան աշխատանք էր։ Նա չէր էլ կարող պատկերացնել, որ մի քանի տարի հետո շենքի կարևորագույն տարր հանդիսացող բացօթյա նախասրահն էր ապակեպատվելու ու բետոնե ծածկը հատած ծառն էր կտրվելու, իսկ ավելի ուշ Գեղեցիկ Երևանի ծրագրով «գեղեցկացվելու», եթե ավելի ստույգ՝ կաֆելապատվելու կամ, ավելի մեղմ՝ սալիկտապատվելու շենքի աստիճանավանդակի երևացող բետոնե հատվածը։
Չգիտեմ՝ այս օրերին ինչ կին ճարտարապետների մասին ենք մենք կարող խոսել, բայց կարծում եմ երկու ճարտարապետ կին փոխնախարարների (2015 թվական) առկայությունը, որոնք տարբեր նախարարություններում համակարգում են հուշարձանների ու քաղաքաշինության ոլորտները, ևս խոսում է մեր իգական սեռի ճարտարապետների ներուժի մասին։ Հատկապես քաղաքաշինության փոխնախարար Ռուզան Ալավերդյանի մասնակցությամբ 1980-ականների կառուցված Խնկո-Ապոր գրադարանը (համահեղինակ՝ Լևոն Ղալումյան) ևս արժանի է նշվելու Երևանի լավագույն շենքերի շարքում։

Աշխարհի փորձը

Բայց կան բազմաթիվ այլ կին ճարտարապետներ, որոնք, ինչպես շատ ոլորտներում, կատարում են հիմնական աշխատանքը, սակայն «տղամարդկանց ստեղծած աշխարհում» շատ քչերին է բախտ վիճակվում արժանանալ պատշաճ գնահատանքի։
Նման դեպք էր, երբ ճարտարապետության մեջ Նոբելյան մրցանակի կարգավիճակ ունեցող Պրիցքեր մրցանակի 1991 թվականին 14-րդ մրցանակակիր հայտարարվեց Ռոբերտ Վենտուրին, ով իր ավելի ուշ շրջանի կարևորագույն բոլոր նախագծերն ու հրատարակությունները կատարել էր կնոջ՝ Դենիս Սքոթ Բրաունի հետ միասին, սակայն մրցանակ ստացավ միայնակ։ Եվ եթե դրանից 13 տարի անց՝ 2004-ին մեկ այլ կին ճարտարապետի, արդեն բոլորին ծանոթ, Զահա Հադիդն ու 2010-ի մրցանակակիր զույգի իգական ներկայացուցիչ Կացույո Սեջիման չստանային, ապա Պրիցքերի կազմակերպիչներին ու ժյուրիներին կարելի էր դատափետել գենդերային մոտեցումներ ունենալու համար։
Այդ համատեքստում, իհարկե, Զահա Հադիդի դերը շատ մեծ է։ Նա մի շարք օբյեկտիվ (ու ինչու ոչ՝ սուբյեկտիվ) պատճառներով կարողացավ համաշխարհային մասշտաբով փոխել կին ճարտարապետների վերաբերյալ հանրային ընկալումները։ Իհարկե, ինձ անձամբ ավելի շատ դուր են գալիս նրա վաղ շրջանի աշխատանքները (կամ ավելի ճիշտ՝ աշխատանքը, մասնավորապես՝ Վիտրայի հրշեջ կայանը), սակայն նրա ինչ-որ տեղ հակասական ու շատ հաճախ սոցիալական ու ոչ-համատեսքտային (կամ ավելի պարզ ասած՝ ֆորմալիստական) կառույցներն ու ճանաչվածությունը բազմաթիվ կին ճարտարապետների «սև սրտի մխիթարանքն» են, որ նրանք ևս վայելելու են իրենց արական գործընկերների ստեղծագործական փառքի ճանապարհը։ Այս եզրահանգմանը հատկապես եկա, երբ 2005 թվականին Ստամբուլում մասնակցում էի մի միջոցառման, որտեղ այդ ժամանակ արդեն համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք ճարտարապետների դասախոսությունների մասնակցելու ժամանակ Հադիդը միակն էր բոլոր զեկուցողներից, ով դահլիճ եկավ թիկնապահ հիշեցնող մի երիտասարդի ուղեկցությամբ, ով նրան վերջում կարողացավ բարեհաջող կերպով ազատել բազմաթիվ, հիմնականում ասիական ու միջին արևելքյան արտաքին ունեցող երիտասարդ, ենթադրաբար ճարտարապետների սելֆիի ենթարկվելու «պարտականությունից»։

Կնաշատ ապագա

Ինչևէ, ժամանակները փոխվել են, աշխարհն ավելի հարթ ու բաց է դարձել, որը բոլորի համար` անկախ ծագումից ու սեռից, գրեթե հավասար հնարավորություններ է ընձեռում։ Քանի որ իմ` ավելի քան մեկ տասնամյակ դասավանդման ընթացքում նկատել եմ, որ իգական սեռի ճարտարապետության ուսանողները (և ոչ միայն) շատ ավելի աշխատասեր ու հետևողական են, կարծում եմ` մոտ ապագայում այդ գրեթե հավասարությունը կդառնա բառիս բուն իմաստով հավասար։

Ճարտարապետ, քաղաքաշինարար
Սարհատ Պետրոսյան
Post a Comment