Քաղաքաշինությունն ու նոր կառավարությունը 2

Քաղաքաշինությունն ու նոր կառավարությունը 2


2012 թվականի խորհրդարանական ընտրությունների շրջանում «Քաղաքաշինությունն ու նոր կառավարությունը» վերնագրով հոդվածով մի շարք առաջարկություններ արեցի` միտված ոլորտի պետական կառավարման բարելավմանը։ Իհարկե, դրան հաջորդեց երբևէ ամենաանտրամաբանական որոշումներից մեկը՝ կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի ստեղծումը, որը մի քանի փոխակերպումներից հետո այսօր գործում է որպես քաղաքաշինության պետական կոմիտե։ Նոր կառավարության ձևավորմամբ հաղթահարելով իմ, այսպես ասած «վախը» , որ կրկին իմ առաջարկությունը կարող է հանգեցնել ավելի վատ արդյունքի, ինչպես նաև հաշվի առնելով վերջին օրերին ոլորտային պատասխանատուների նշանակումները, որոշեցի մեկ անգամ ևս բարձրաձայնել քաղաքային զարգացման և պլանավորման ոլորտի մի քանի հիմնարար խնդիրները։ Հատկապես գիտակցելով, որ ոլորտում ընդգրկված մեր գործընկերները իրավիճակին ծանոթանալուն զուգահեռ, ունեն բազմաթիվ անհետաձգելի խնդիրներ կառավարելու (crisis management) և հանրային սպասումները բավարարելու (պոպուլիզմ)՝ որոնց պատճառով երկարաժամկետ տեսլականի մշակումը կարող է հետաձգվել կամ առժամանակ մոռացվել։
Նախ՝ հույս ունեմ, որ նոր կառավարությունն իր ձևավորմանը հաջորդած փոփոխություններում քաղաքաշինությունը կամ, ավելի ճիշտ, պլանավորումը, չի դիտարկի անկարևոր ոլորտներից մեկը ու ոլորտի կադրային և զարգացման քաղաքականությունը չի վստահի քաղաքական թիմի մաս կազմող կամ չկազմող երրորդական շրջանակներին՝ ինչպես եղավ վերջին շաբաթների ընթացքում և պլանավորման ոլորտում որոշումները չեն քննարկվի ծառերը գրկելով այգիներ պաշտպանելու կամ գետնանցումը լուսավորելու քաղաքացիական ակտիվիստների մակարդակում՝ ամենևին չնսեմացնելով նման գործողությունները, որոնք, ի դեպ, ժամանակին ինքս եմ կիրառել քաղաքացիական-մասնագիտական գործունեության ընթացքում։ 
Ինչևէ, արդեն բարեհաջող կերպով նշանակվել են ոլորտի առանցքային երկու պաշտոններում  քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը և մշակույթի հուշարձանների մասով համակարգող փոխնախարարը, ովքեր տեղյակ են, որ ցանկացած ձևաչափով կարող են ակնկալել իմ ու իմ ղեկավարած կազմակերպության աջակցությունը։ Այնպես որ առանց երկմտելու ցանկանում եմ ներկայացնել մի շարք առաջարկություններ, որոնք քիչ տարբերվելով 2012-ին ներկայացվածից առաջադրում են նոր խնդիրներ, որոնք ներառում են նախորդ վեց տարիների ինտիտուտցիոնալ փորձն ու խարսխված են նորանշանակ կառավարության ու դրանում ներգրվված իմ վաղեմի քաղաքացիական պայքարի ընկերների հանդեպ գրեթե անվերապահ վստահության վրա։
Ես օգտագործել եմ և օգտագործելու եմ «պլանավորում» (անգլերեն՝ planning) եզրը, քանի որ արդեն ժամանակն է ձերբազատվել խորհրդային վարչահրամայական համակարգից ժառանգություն մնացած «քաղաքաշինություն» եզրից։ Նախկինում բազմաթիվ առիթներ եմ ունեցել արտահայտելու իմ դիրքորոշումը, որ առկա քաղաքաշինություն եզրույթը չի արտահայտում ազատ մրցակցային համակարգում տարածական պլանավորման ու ծրագրման (spatial planning) միջգիտակարգային (interdisciplinary) իրողությունն ու տանում է բոլորովին սխալ ուղղությամբ, որտեղ կան գլխավոր ու երկրորդական ճարտարապետներ ու գլխավորներն են որոշում ով, որտեղ, ինչ կառուցի՝ ինչպես դա տեղի էր ունենում խորհրդային և դրան հաջորդած տարիներին։ Այս առումով նոր քաղաքական համակարգում քաղաքային կառավարման ժողովրդավարացումն ու հորիզոնական երկխոսությունն այլընտրանք չունեն և այդ մասին մենք բարձրաձայնել ենք դեռ վաղ 2000-ականներին։
Այսպիսով, պլանավորումը՝ որպես երկրի զարգացման տարածական ծրագրավորման գիտակարգ, ամենուր է ու ցանկացած մեծ ու փոքր որոշում տնտեսության կամ սոցիալական կյանքի զարգացման համար ինչ որ պահի առնչվում է տարածության հետ, որից բխում է, որ անկախ մեր կամքից մենք դրա հետ առնչվում ենք յուրաքանչյուր ոլորտում։ Այդուհանդերձ ինչպես 2012 թվականին եմ առաջարկել, այսօր էլ կարծում և պնդում եմ, որ ազգային՝ այսինքն կառավարության մակարդակով ոլորտը կարգավորող մարմնի անհրաժեշտություն չկա։ Լիովին կիսելով ներկա, պայմանականորեն ասած, անցումային կառավարության մոտեցումը կառուցվածքային փոփոխություններ չնախաձեռնելու մասով՝ ամեն դեպքում բոլորս էլ հասկանում ենք, որ նոր կառավարության ձևավորումը սարերի հետևում չէ և գոնե հաջորդ կառավարության ծրագրում ցանկալի կլիներ տեսնել պլանավորման մասով հստակ տեսլական, որը կարտահայտի արդի տեղական ու համաշխարհային տենդենցները։
Փորձենք հասկանալ, թե ինչ գործառույթներ կարող են դիտարկվել պլանավորման ոլորտում ազգային մակարդակով, որոնց վերաբերյալ կառավարությունը կարող է ունենալ հավակնություններ՝ իրականացնելու ոլորտային քաղաքականություն։ Այսօր էլ փաստացի մեր քաղաքներում ու գյուղերում ոլորտը վստահված է տեղական ինքնակառավարման մարմիններին, մասնավորապես համայնքի ղեկավարին։ Իհարկե, ապագայում հավատարիմ մնալով տեղական ժողովրդավարության տրամաբանությանը պետք միանձնյա որոշում կայացնելու փոխարեն այդ իրավունքը վերապահել ավագանուն՝ բացառելու համար սուբյեկտիվ որոշումներն ու կոռուպցիոն ռիսկերը։ Սակայն, խոշոր հաշվով, մոտեցումն ընդունելի է և տեղական համայնքի անմիջական միջավայրի որոշումների հիման վրա պետք է ձևավորվեն իրենց անմիջական մարդածին միջավայրը։
Առկա է նաև թյուր կարծիք, որ պետական մակարդակով են մշակվում քաղաքային զարգացման (քաղաքաշինական ծրագրային) փաստաթղթերը՝ համայնքների գլխավոր հատակագծերը և մնցածա փաստաթղթերը, որն իրականում թե՛ առկա օրենսդրությամբ, թե՛ միջազգային բոլոր նորմերով  բացարձակ տեղական գործառույթ է և ազգային մակարդակով այդտեղ գրեթե անելիք չկա։ Նախկինում էլ համայնքները պատվիրել են մասնավոր կազմակերպությունների մշակելու նման փաստաթղթեր, որոնք և հաստատվել են ավագանիների կողմից։ Դրանք միայն անցնում են միջգերատեսչական հանձնաժողովի քննարկումներով, որի աշխատանքները համակարգում է պետական լիազոր մարմինը, որը կարող է լինել ցանկացած ոլորտային նախարարություն։
Մյուս թյուրըմբռնումը պետական լիազոր մարմնի քաղաքաշինական տեսչական գորառույթն է, որը կրկին անհասկանալի է, քանի որ օրենսդրությամբ թե տեղական ինքնակառավարման մարմիններն են տեսչական գործառույթներ իրականացնում, թե առկա են տեխնիկական ու հեղինակային հսկողության լիցենզավորված ինստիտուտներ։ Այստեղից կարելի է եզրակացնել, որ ազգային մակարդակով տեսչական գործողությունների կարիք առհասարակ գոյություն չունի, կամ ծայրահեղ դեպքում կարելի է տեսչական գործողություններ իրականացնել տեղական ինքնակառվարման մարմինների նկատմամբ, և ոչ երկրի տարածքում սփռված բոլոր շինարարություններում մեկ-առ-մեկ։ Հատկապես, որ նման խիստ հսկողության արդյունքում նախկինում միայն ավելացել են կոռուպցիոն ռիսկերը, որոնց բացառման դեպքում մենք միևնույն է չենք ունենալու ցանկալի արդյունք, և տուժել է ներդրումների բարենպաստ միջավայրը։
Ներկայումս պետական լիազոր մարմնի մեկ այլ գործառույթը նորմատիվային բազայի ստեղծումն ու զարգացումն է, որոնք իրականացվում են նաև մի շարք այլ նախարարությունների կողմից՝ առողջապահության, տրանսպորտի, արտակարգ իրավիճակների, բնապահպանության, այնպես որ դրանց շատ քիչ մասն է իրականում հանդիսանում պալանավորման բաղկացուցիչ գործառույթ։ Ամեն դեպքում, պետք է հաշվի առնենք, որ նոր հեծանիվ հորինելու կարիք չկա, և նման բոլոր փաստաթղթերը կամ ԵՄ, կամ ԵԱՏՄ տարածքում գործող փաստաթղթերի թարգմանություններն են, այնպես որ դրա համար շատ լուրջ աշխատանք չի պահանջվում որևէ մարմնից։
Եվ վերջում՝ պետական շինարարության ու ներդրումների ներգրավումը, որը նախորդ կառավարության նախաձեռնություններից մեկն էր, պետք է իրականացվի համապատասխանաբար պետական գնումների և տնտեսության զարգացման լիազոր մարմնի կողմից։ Կարևոր է որ պետական լիազոր մարմնի ղեկավարը կամ դրա կազմում գտնվող ճարտարապետը չպետք է հանդիսանա կառավարության ներքին (in-house) ճարտարապետը, քանի որ դա հսկայական կոռուպցիոն ռիսկեր է պարունակում և դրա արդյունքները մենք տեսել ենք նախորդ տասնամյակներում։ Նախկինում անգամներ առիթ եմ ունեցել խոսել ոլորտի մոնոպոլիզացված լինելու մասին, երբ ինչ-որ մեկը հանդիսանում է պատվերների բաշխող բուրգի գագաթ, ով կառավարության կողմից ներդնողների հետ բանակցությունների արդյունքում տաքուկ, կամ այսօրվա շոգի շրջանակում արդեն զով կաբինետում որոշում է, թե որ ճարտարապետը՝ որ նախագծային պատվերը պետք է ստանա։ Սա անընդունելի ավանդույթ է և նոր կառավարությունը պետք է ամեն ինչ անի բացառելու համար նման պրակտիկայի շարունակությունը։
Տարածական պլանավորման քաղաքականության հետ միասին միակ քիչ թե շատ ուղղությունը, որում կարելի է ենթադրել կառավարության մակարդակով ներգրավվածություն՝ լիցենզավորումն է, որի ապակենտրոնացման համար արդեն ստեղծվել է Հայաստանի ճարտարապետների պալատը, որն ինքնակարգավորելու է նախագծային մասով լիցենզավորումը։ Դեռևս Տիգրան Սարգսյանի կառավարությանը, որպես ԵԱՀԿ փորձագետ Օրենսդրության կարգավորման կենտրոնի (ավելի հայտնի գիլյոտին անվանմբ) հետ համագործակցության շրջանակում, առաջարկել ենք վերացնել ոլորտում եղած բոլոր լիցենզիաները, խստացենելով միայն փորձաքննության օղակը՝ դարձնելով այն պետական գործառույթ։
Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ հարյուրից ավելի աշախատակազմ ունեցող կոմիտեի գործառույթները կարող է համակարգել որևէ հարակից ոլորտի նախարարության փոխնախարար ու վարչություն։ Այս առումով, ինչպես և նախկինում, տարածքային կառավարման նախարարությունն ամենանպատակահարմարն է, չնայած վերջին շրջանում սկսել եմ հակվել նաև տրանսպորտի կամ էկոնոմիկային նախարարություններին ևս։ Վերջին տարբերակը հատկապես կարող է դրական ազդեցություն թողնել զբոսաշրջության զարգացման համար, քանի որ գերակա ոլորտ հայտարարված զբոսաշրջության զարգացման ներկա հիմնական խնդիրները պլանավորման դաշտում են գտնվում և կարիք ունեն լուրջ մասնագիտական բազմագիտակարգ մոտեցումների։ Այստեղ կարևոր է որ այն չհանդիսանա մշակույթի, արտակարգ իրավիճակներն և բնապահպանության նախարարության մաս, քանի որ վերջիններս ունեն հակակշռող գործառույթ քաղաքային զարգացման ոլորտում։
Նվազեցնելով պլանավորման ուղղությամբ կառավարության այս պահի գործառույթները, կարծում եմ ոլորտի ապագա կարևորագույն խնդիրներից մեկը պետք է լինի միասնական կադասատրի ստեղծումը, որն առկա օրենսդրությամբ անվանվում է քաղաքաշինական կադաստր։ Այդ նոր միասնական կադաստրը կարող է ստեղծվել անշարժ գույքի կադաստրի բազայի հիման վրա՝ իր մեջ ներառելով պետության համար անհրաժեշտ բոլոր կադաստրների համադրումը մեկ միասնական բազայում, որը տարածական պլանավորման ամենահիմնարար գործիք մեկը կարող լինել։ Անտառային, հողային, հուշարձանների և բազմաթիվ այլ օրենսդրորեն ամրագրված կադաստրները պետք է համադրվեն մեկ մարմնի կողմից՝ համատեղելով երկրում առկա բոլոր տարածական տեղեկատվական բազաները, որը կօգնի կառավարությանը պատշաճ ու ճիշտ որոշումներ կայացնել։ Այսօր դրա բացակայության պայմաններում բազմաթիվ համայնքներում, այդ թվում և Երևան քաղաքի կենտրոնական հատվածներում առկա ենթակառուցվածքների, հատկապես ստորգետնյա, ուղղությունները որոշվում են ժողովրդական բանահյուսության մեթոդներով։ Սա Հայաստանի տնտեսության ամենախոշոր խոչընդոտներից մեկն է և որպես Համաշխարհային բանկի Doing Business Report-ի շինարարության ոլորտի միակ անկախ փորձագետ՝ տարիներ է, ինչ մատնանշում եմ այս խնդիրը, որի պատճառով շինարարության թույլտվությունների առումով այսօր Հայասատանն ունի բավականին վատ դիրքեր։
Բնականաբար, դեռ օրենսդրական ու ենթաօրենսդրական լուրջ աշխատանք է անհրաժեշտ ոլորտի զարգացումը ճիշտ ուղու վրա դնելու համար։ Մասնավորապես պետք է հայտարարել և կիրառել գոտևորման (zonning) հատակագիծը՝ որպես հիմնական քաղաքային զարգացման իրավական փաստաթուղթ, որի արդյունքում կվերանա նախագծման թույլտվության (ճարտարապետահատակգծային առաջադրանքի) անհասկանալի փաստաթուղթը, պետք է վերարժևորել հանրային քննարկումների ինստիտուտը՝ որպես անկյունաքարային գործիք թափանցիկության ապահովման համար, պարտադիր է վերանայել հանրային գերակա շահի նպատակայնությունն ու բազմաթիվ այլ բարեփոխումներ, որոնց համար ոլորտային ապագա փոխնախարարն հսկայական անելիքներ է ունենալու։
Իհարկե, սրանով չեն լուծվելու ոլորտի բոլոր խնդիրները, սակայն պետական կառավարման ապակենտրոնացման և ազատականացման միջոցով է միայն հնարավոր լուծել քաղաքաշինական անտերության կամ, ավելի ճիշտ, խիստ մոնոպոլիզացված ու կոռումպացված ոլորտի խնդիրները։ Քաղաքային կառավարման ժողովրդավարացումը անչափելի ներուժ ունի տնտեսության զարգացման և որակյալ միջավայրի ձևավորման համար՝ ասել է թե հանրային երջանկության ապահովման համար։



Սարհատ Պետրոսյան, ճարտարապետ-քաղաքաշինարար, ուրբանլաբի տնօրեն
Սկզբնաղբյուրը՝ http://hetq.am/arm/news/90528/qaxaqashinutyunn-u-nor-karavarutyuny-2.html









///// Creative Common / 2009-2018 // urbanlab.am
Post a Comment