Նոր Հայաստանի պետական շենքերն ու դրանց նշանային դերը


Այս օրերին, երբ, կարծես թե, մոտենում ենք նոր իշխանության գործադիր թևի ձևավորման գրեթե վերջին փուլին, և նոր խորհրդարանական ընտրություններն էլ սարերի հետևում չեն, կարծում եմ ժամանակն է սկսել քննարկում առաջին հայացքից անկարևոր, բայց իրականում, երկարաժամկետ կտրվածքով ու քաղաքական նոր ավանդույթների ձևավորման տեսակետից՝ անկյունաքարային նշանակություն ունեցող մի խնդրի՝ պետական կառավարման շենքերի տեղաբաշխման ու քաղաքային կենսապատկերում (լանդշաֆտում) դրանց նշանային (սիմվոլիկ) դերիմաստին՝ դա դիտարկելով որպես ազգային մակարդակով հանրային ունեցվածքի կառավարման, ինչպես նաև քաղաքական հստակ դիրքավորման գործիք և քաղաքացիականության արժեհամակարգային բովանդակության թելադրող ու կրող։ 
2000-ականներին, տարածաշրջանի «ամենակազմակերպված» պետության համբավին հավակնող Հայաստանում անշարժ գույքի շուկայի «վագրային» զարգացման ընթացքում, առաջին անգամվա համար, մասնավոր ներդրումները խթանելու նպատակով, մի շարք նախարարությունների՝ Երևանի կենտրոնում գտնվող շինություններն օտարվեցին՝ ի հաշիվ նախարարությունների համատեղման։ Դրանց թվում էին Մշակույթի, Կրթության ու գիտության, Առողջապահության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Բնապահպանության նախարարությունները, որոնց նստավայրը դարձավ կառավարական երրորդ մասնաշենքը, իսկ այսօր, բացառությամբ առաջին երկուսի, մնացածը դեռ շարունակում են տեղակայված մնալ նույն շենքում։ Հետագա տարիներին նման լուծումներ կիրառվեցին նաև Արտաքին գործերի, Տրանսպորտի ու կապի, Արտակարգ իրավիճակների և կենտրոնում չգտնվող Պաշտպանության նախարարությունների շենքերի ու շինությունների համար։ 
Փոխատեղումների այս շքերթը, միգուցե առաջին հայացքից, ունի շատ դրական ազդեցություն, երբ այն դիտարկում ենք արդյունավետության բարձրացման (հիմա՝ օպտիմալացման) կամ հանրային գույքը որպես տնտեսական խթանիչ կիրառելու առումով, սակայն այստեղ ստորադասվում է պետական մարմինների շենքերի տեսողական և նշանային դերը՝ անկախ Հայաստանի կառավարման ավանդույթների կայացման ու պահպանման կարևորագույն գործում։ 
Ինչևէ, մենք այսօր ունենք այն ինչ ունենք, և անհրաժեշտ է, քննելով անցյալի սխալները` տալ դրանց մասնագիտական ու քաղաքական գնահատական և ձևակերպել ապագայի վերաբերյալ մեր պատկերացումները՝ որպես պետություն ու հասարակություն։ Այդ պատճառով այս հրապարակմամբ կփորձեմ շրջանառության մեջ դնել մի քանի մտքեր, որոնք արտացոլում են տարիների ընթացքում մասնագիտական իմ մտորումները, ինչպես նաև վերջին քաղաքական իրողությունները, ու որոնք, կարծում եմ, արժանի են բարձրաձայնման ու քննարկման։ 
Կարծում եմ՝ բոլորիս պարզ է, որ ՀՀ  նախագահի նախկին աշխատակազմի շենքը, որը մեր իրականության մեջ միակ շինությունն է, որի հասցեն՝ Բաղրամյան 26-ը, արդեն ճանաչելի է, ունի շատ ընդգծված դերակատարություն` հանդիսանալով թե՛ նախագահական, թե՛ կիսանախագահական Հայաստանի թիվ մեկ շինությունը, ասել է թե՝ սպիտակ տունը։ Այս պահին, կարծես, կա քաղաքական որոշում, որ այն, ինչ-որ ժամանակ ծառայելով վարչապետի՝ որպես երկրի ղեկավարի նստավայր, ապագայում կարող է տրամադրվել ներկայիս նախագահի աշխատակազմին, որը վերջին պետական կառավարման փոփոխություններից հետո տեղակայված է Մաշտոցի պողոտայի՝ Մատենադարանի հարևանությամբ գտնվող նախկին կառավարական ընդունելությունների տանը։ Ինչ խոսք, ընդունելությունների տունը հարմարեցված չէ նախագահի, հիմնականում արարողակարագային, գործառույթների սպասարկման համար, սակայն, կարծում եմ, այն լիովին հնարավոր է հարմարեցնել ներկայիս նախագահական աշխատակազմի պահանջներին, որն ի դեպ, ունենալու է նախորդ աշխատակազմի մոտ 1/3-ը։ Հաշվի առնելով նաև նախագահի դերի փոփոխությունը՝ նոր Սահմանադրության պայմաններում քաղաքական ու կրկին խորհրդանշական առումով, ցանկալի կլիներ, որ նոր դերակատարության պայմաններում, այն չնույնացվեր նախկին նախագահական ավանդույթների ու խորհրդանիշների հետ։ Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ պառլամենտական կառավարման համակարգում ցանկալի է չտեղակայել նախագահի աշխատակազմը նախկին նախագահական համակարգի նստավայրում։ 
Շատ ողջունելի և տրամաբանական էր նաև վարչապետի աշխատանքային նստավայրը Հանրապետության հրապարակում գտնվող կառավարության շենքում տեղակայելը, որը նորից թե՛ սիմվոլիկ, թե՛ քաղաքական առումներով կարևորում է վարչապետի՝ կառավարության ղեկավար լինելու փաստն ու լավագույնն արտահայտում է խորհրդարանական պետության կենսագործունեության տրամաբանությունը։ Հատկապես հաշվի առնելով շենքի հեղինակ Ալեքսանդր Թամանյանի նախնական ցանկությունն ու շենքի բավականին ժողովրդավարական հայեցակարգը, և այն, որ շենքը գտնվում է երկրի թիվ մեկ վարչական հրապարակում, այն ամբողջովին բավարարում է Հայաստանի թիվ մեկ վարչական շինության կարգավիճակին։ 
Պետք է նշել նաև, որ օրենսդիր իշխանության թևը, կարծես թե, լավագույն կերպով նույնացվում է ներկայիս Ազգային ժողովի շենքի հետ, որը նախկինում ծառայում էր որպես Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի նստավայր, որը հետանկախության շրջանում հանրային ընկալումներում, գրեթե անքննելիորեն, հանդիսանում է ժողովրդավարության նշանային կառույցներիից մեկը։ Ի դեպ, արժանահիշատակ է նաև, որ շենքի մատչելիության ու հասանելիության շուրջ կան հանրային մի շարք պահանջներ, մասնավորապես շատերի կարծիքով անհրաժեշտ է բացել դարպասներն ու առջևի այգին` դարձնելով այն հանրային տարածք։ Իհարկե, հուսով եմ, սա իրականացնելիս կպահպանվեն ներկայիս ցանկապատը, քանի որ այն, ինչպես և շենքը, համարվում է պահպանության ենթակա արժեք ու մեկ ամբողջություն։ 
Այսպիսով, հարց է ծագում՝ ինչ անել այդ դեպքում Բաղրամյան 26-ում գտնվող նախկին նախագահական աշխատակազմի շենքը, որը հանդիսանում էր երկրի իշխանության, նախկինում` ամենահզոր թևի նստավայրը։ 
Հաշվի առնելով փոփոխված իրողությունները, որը ենթադրում է լուսանցքում հայտնված երրորդ՝ դատական իշխանության վերարժևորում, առաջարկում եմ Բաղրամյան 26-ում գտնվող շինությունը հանձնել դատական իշխանությանը։ Մասնավորապես նորաստեղծ Բարձրագույն դատական խորհուրդը և վերակառուցվող դատական դեպարտամենտը կարող են տեղակայվել նախկին նախագահի նստավայրում ու այլ բարեփոխումների հետ ամրապնդել դատական իշխանության դերը մեր երկրի ու հասարակության կյանքում։ Խնդիրն այստեղ ավելի շատ սիմվոլիկ նշանակություն ունի, ուրեմն, եթե որոշվի այդտեղ տեղակայել Վճռաբեկ դատարանը, կամ դատական իշխանության այլ կարևոր ստորաբաժանում, ապա կրկին կարող ենք համարել, որ մեր խնդիրը լուծված է և առաջարկն՝ ընդունված։ 
Նշենք, որ այսօր Վճռաբեկ դատարանը գտնվում է Դատախազության հետնամասում, ինչն անընդունելի է, իսկ Վերաքննիչ դատարանի շենքը, որը քաղաքի վարչական կենտրոնից բավականին հեռու է, շարքային շինության տպավորություն է թողնում։ Հենց այս օրերին Բարձրագույն դատական խորհրդի համար նոր վարչական շենքի հատկացման նպատակով, մշակութային ժառանգության մի շարք օրենքների կոպիտ խախտմամբ, շինարարական աշխատանքներ են ընթանում Կորյուն 15 հասցեում գտնվող, Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված նախկին հանրակացարանի տարածքում։ Կարծում եմ, որ դատական համակարգին ներկայացվող ներկա պահանջների դեպքում, վանդալիզմի տարրեր ունեցող գործողության արդյունքում շենքի տրամադրումը նման կարևոր մարմնի այնքան էլ նպատակահարմար չէ։ 
Այս առաջարկը չի հավակնում լինել վերջնական լուծում, սակայն, կարծում եմ, որ անցումային կառավարությունը պետք է փորձի որոշումներ կայացնել ավելի ամբողջական պատկերի դիտարկման հիման վրա, որը կբացառի դրանց վերանայման անհրաժեշտությունն ապագայում։ 
Շարունակելով մտորել շենքերի փոխատեղումների ու վերօգտագործումների շուրջ, մի քանի օր առաջ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի բացման ժամանակ աչքովս ընկավ Արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) հին տարբերանշանը, որն արտացոլում էր Հանրապետության հրապարակում գտնվող նախկին կառավարական երկրորդ մասնաշենքը։ Փաստորեն, երկար տարիներ անկախ Հայաստանի արտաքին քաղաքականության խորհրդանիշ ԱԳՆ-ի շենքը շատերի համար, ինչպես նաև բազմաթիվ փաստաթղթերում, հանդիսացել է մի շինություն, որն այսօր անհայտ ճակատագիր ունի և շուտով այնտեղ կարող են տեղակայվել մեկ կամ մի քանի մասնավոր կազմակերպությունների գրասենյակներ կամ հյուրանոց։ Նշենք, որ ներկա ԱԳՆ-ի շենքը ևս արտացոլված է ԱԳՆ նոր տարբերանշանում, սակայն դրա հիմնական աչքի կընկնող տարրը՝ հսկա (ու խիստ տոտալիտար) կամարը մի շարք նախարարությունների նախամուտք է և չի բավարարում իմ այդքան մատնանշած նշանային դերակատարության պահանջին ու չի նույնացվում անկախ երկրի արտաքին քաղաքականության գերատեսչության հետ։ Կարծում եմ՝ ի սկզբանե սխալ մոտեցում էր վարչական նման համակցված տիպի շենքի կառուցման գաղափարը, որը չի տալիս տարածության վերակազմակերպման պատշաճ հնարավորություններ, ինչն, օրինակ, մի քանի անգամ լավագույնս ստացվել է կառավարական երրորդ մասնաշենքում։ 
Այստեղ չեմ ցանկանում խոսել նորակառույց վարչական շենքում առկա բազմաթիվ անհասկանալի լուծումների մասին, օրինակ, երբ Կրթության նախարարության մի շարք վարչություններ գտնվում են Մշակույթի նախարարության առաջին երեք հարկերում և նախարարության աշխատակիցներն ամռան տապին ու ձմռան ցրտին փողոց դուրս գալով են այցելում միմյանց, կամ, ինչպես ԱԳՆ-ի աջ թևի աշխատակիցները պետք է բարձրանան մի քանի հարկ, հետո իջնեն, որ հանդիպեն իրենց՝ ձախ թևում աշխատող գործընկերներին, և այլ բազմաթիվ նման խնդիրներ։ Չեմ ուզում խոսել նաև ավելի խոշոր, գլխավոր հատակագծի մակարդակում առկա խնդիրների մասին, օրինակ՝ հետնաբակում հայտնված Արդարադատության նախարարության շենքի, որն ավելի երկրորդական դեր ունի, քան դրա հարևանությամբ գտնող էլեկտրական ենթակայանը կամ ավտոկայանատեղիների ոչ բավարար քանակի մասին։ Իհարկե, ինչ-որ մեկը կարող է ասել, որ նոր ավտոկայանատեղի է նախատեսված կառուցել Շահումյանի հրապարակի ստորգետնյա հնագիտական շերտի հաշվին, սակայն դա էլ անշուշտ անընդունելի է և առաջացնում է հարցեր` ում հաշվին և երբ։ 
Կարծում եմ՝ հաշվի առնելով այս ամենը, անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել ԱԳՆ-ի հին շենքի (կառավարական երկրորդ մասնաշենքի) վերադարձման ուղղությամբ, և ենթադրաբար ապագայում վերակազմակերպվող ու ավելի փոքրաթիվ նախարարարություններ ու մարմիններ ենթադրող կառավարության բնականոն աշխատանքի համար դիտարկել մի շարք փոխատեղումներ՝ չմոռանալով պատմականորեն նշանային դեր ունեցող շենքերի դերն ու հնարավորությունները։ Հատկապես ԱԳՆ-ի շենքի վերադարձի հարցում, կարծում եմ, պետությունը, կարող է շենքի սեփականատեր պարոն Էռնեկյանին հետաքրքիր առաջարկ անելով, լուծումներ գտնել` այն տրամադրելով Նոր Հայաստանի՝ ինչ-որ առումով վերբեռնված արտաքին իմիջի համար։ 
Երբ խոսվում է պետական շենքերի նշանային կարևորության մասին, շատերն առաջինը պատկերացնում են շենքերի արտաքին լուծումները, սակայն ոչ պակաս կարևոր են այդ նույն շենքերի ներքին տարածությունների կազմակերպումն ու ձևավորում, քանի որ դրանք ևս հստակ նշանային դերակատարում ու ազդեցություն ունեն։ Օրինակ՝ մի քանի տարի առաջ ամբողջովին փոխվեց ԱԺ դահլիճն ու շատ պարզ, 80-ականների ոճով կահավորված, ուղղանկյուն նիստերի դահլիճում ավելացան, իբրև թե, պատմական ծանր փայտե ու ոսկե տարրերով, պատերի հարդարումները։ Վստահ եմ՝ շատերը կարծում են, որ այսպես մենք նմանվում ենք հարուստ պառլամենտական անցյալ ունեցող այլ խորհրդարաններին, սակայն մոռանում են, որ դրանք արտացոլում են իրենց կառուցման ժամանակաշրջանի ոճական լուծումներն ու գեղագիտությունը և ընդհանրապես կարիք չկա 21-րդ դարում 19-րդ կամ 20-րդ դարի սկզբի խորհրդարանների կեղծ իմիտացիա անել։
Օրինակ՝ Գերմանիայի Ռայխստագի գերարդիական ու թափանցիկ, կամ նույնիսկ Թուրքիայի պառլամենտի ինչ-որ տեղ անճաշակ, բայց ժամանակակից լուծումներով դահլիճները շատ ավելի լավ են արտացոլում այդ երկրների ժամանակակից էսթետիկան ու աշխարհայացքը, քան մեր, կներեք արտահայտությանս համար, «ռաբիս» սրահները, որոնք վերջերս ավելացան նաև կառավարության շենքում։ Մասնավորապես, եթե չեմ սխալվում, Հովիկ Աբրահամյանի վարչապետության ընթացքում «ռեմոնտ» արվեցին կառավարության շենքի երրորդ հարկում գտնվող ընդունելությունների մեծ ու երկու փոքր սրահները։ Բարեբախտաբար դեռ պահպանվել է կառավարության նիստերի դահլիճը, որի, ենթադրաբար, 80-ականների հարդարանքն անխաթար պահպանված է, որտեղ չկան ճոռոմ ու տհաճ ավելորդություններ, չնայած այստեղ էլ կան խնդիրներ կառավարության հիմնական կազմի ու առընթեր մարմինների նստատեղերի դասավորվածության մասով։ Կարծում եմ այս խնդրին դեռ կարիք կլինի անդրադառնալ հաջորդ ընտրություններից հետո։ 
Արդարության համար պետք է նշել, որ շենքերի ներքին հարդարման վերջին շրջանի փոփոխություններում նկատել եմ երկու դրական բացառություններ։ Դրանցից մեկը ԱԳՆ-ի նոր շենքի լուծումներն են, որոնք, միգուցե, ռեսուրսների սղության պատճառով էժանագին նյութերով են պատրաստվել, միևնույն է` չունեն «խուճուճ ու ռոկոկո» լուծումներ, ինչը կարող ենք նկատել շատ նախարարություններում ու գերատեսչություններում։ Երկրորդ բացառությունը վարչապետի աշխատասենյակի՝ Կարեն Կարապետյանի ժամանակ կատարված նորոգումն է, որտեղ գրեթե ամեն ինչ ուղղակի սպիտակ ներկվեց։ Ցավալիորեն այդ շրջանում քանդվեց կամ փակվեց վարչապետի աշխատասեղանի հետնամասում գտնվող կիսաթափանցիկ վարագույրով ծածկված ռելիեֆային տարածական Հայաստանի քարտեզը, որն առկա էր Տիգրան Սարգսյանի վարչապետության ժամանակ։ 
Բնականաբար, դեպի պատմականություն այս կեղծ մոլուցքը շատ խորը արմատներ ունի: Այն սկզբնավորվեց դեռ 80-ականներին՝ նոր ազգային ճարտարապետության պարզագույն վերարժևորման միջոցով, և որը նախկին «ցեխավիկների» արվարձաններում գտնվող տներից, կամաց-կամաց Երևանի կենտրոն, ապա պետական մարմիններ մուտք գործեց։ Նման կերպ կարող ենք խոսել ինչպես Հյուսիսային պողոտայի, նախկին Բնապահպանության նախարարության տեղում Մոսկովյան փողոցի նորակառույց վարդագույն հսկա շենքի, ԱԳՆ-ի նոր շենքի ու Բաղրամյան 26-ի նոր կցակառույց մասնաշենքի մասին։ Ամենևին չցանակալով շատ խորը վերլուծել դրա հիմքերը՝ իմ միակ ցանկությունն այն կլինի, որ առավելագույն փորձն արվի պահպանել գոյություն ունեցող շենքերի թե՛ ներքին, թե՛ արտաքին լուծումների անխաթարությունն ու ամբողջականությունը, իսկ նոր հավելումներն իրականացնել ժամանակակից 21-րդ դարի լուծումներով ու նյութերով։  
Եվ վերջում, բազմաթիվ ցանկությունների հետ, կարծում եմ, որ նոր դերակատարության պայմաններում անհրաժեշտ կլինի վերանայել Հանրապետության հրապարակում գտնվող կառավարության շենքի լուծումները՝ այն հարմարեցնելով արարողակարգային նոր մարտահրավերներ ունեցող աշխատանքային ռեժիմին։ Ենթադրաբար մոտ ժամանակներս կարիք կլինի կատարել նպատակահարմարության գնահատում (feasibilitystudy)՝ հասկանալու համար այդ արարողակարգային պահանջներն ու փորձել առկա շենքի սահմաններում վերակազմակերպել կառավարության աշխատակազմի բնականոն աշխատանքը։ 
Կարևոր է, որ այս անցումային վիճակում, նոր մտածողությամբ կառավարիչները նոր մշակույթ բերեն կառավարական հաստատությունների ոչ միայն աշխատանքային գործելաոճում, այլև՝ աշխատանքային միջավայրում, որն էլ ապագայում կարող է ազդել ճարտարապետական ընկալումերի վրա առհասարակ ու ձերբազատել Հայաստանը կեղծ «ռազմահայրենասիրական» (կամ կուզեք՝ ազգային-ազատագրական) ճարտարապետությունից։ 
Այս բոլոր առաջարկները, բնականաբար, կարիք ունեն լուրջ ուսումնասիրության, բայց մի բան աներկբա է. դատական իշխանությունը պետք է ունենա իր հիմնական և նշանային տեղն ու դերը մեր քաղաքային պատկերում։ Կարող են քննարկվել մի շարք այլ տարբերակներ, օրինակ՝ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության (որպեսզի չքարկոծվեմ, կրկնեմ՝ միայն նախագահության) շենքը կամ որևէ այլ տարբերակ: Սակայն այն ուղղակի ինչ-որ շենքում տեղավորելն անթույլատրելի է և սխալ։ Իսկ եթե հաշվի առնենք, որ նախկին նախագահի աշխատակազմի հին շենք տեղափոխվելով` նոր նախագահական աշխատակազմի մոտ կարող են նոր ցանկություններ առաջանալ, ապա Բաղրամյան 26-ը դատական իշխանության նստավայր դարձնելը Նոր Հայաստանի ամենակարևոր ու նշանային քայլերից մեկը կարող է լինել։



Սարհատ Պետրոսյան, ճարտարապետ-քաղաքաշինարար, ուրբանլաբի տնօրեն
Սկզբնաղբյուրը՝ http://hetq.am/arm/news/91267/nor-hayastani-petakan-shenqern-u-dranc-nshanayin-dery.html






///// Creative Common / 2009-2018 // urbanlab.am
Post a Comment